Ինչպես տեղեկացրել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շուտով համագումար է անելու եւ նոր վարչության կազմ է ընտրելու: Այդ կազմը ձեւավորվելու է երկու տարի ժամկետով:
Այս անգամ բավականին թեժ մրցակցություն է սպասվում, որովհետեւ արդեն կուսակցության 65 անդամ է ինքնառաջադրվել, 33 կուսակցական ցանկություն է հայտնել վերահսկող մարմնի անդամ դառնալ:
Առաջադրվողներից է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության ներկայիս անդամ Հովիկ Աղազարյանը:
Հարցին՝ ձեր պատգամավորական գործունեությանը ներկուսակցական գործերը չե՞ն խանգարի, որովհետեւ այդ պատճառաբանությամբ, օրինակ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է հայտնել՝ նա պատասխանեց՝ «Ինձ չէ, չեն խանգարի»:
Կարդացեք նաև
ՔՊ անդամներն ասել են, որ վարչության անդամի թեկնածուները քարոզարշավ են անելու: Հարցին, թե դուք ի՞նչ խոստումներ եք տալու, քարոզարշավն ինչպե՞ս եք անելու՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր թեկնածու 5 րոպե ելույթ է ունենալու, 10 րոպե պատասխանելու է հարցերին, համաժողովի բոլոր պատվիրակները հնարավորություն են ունենալու ծանոթանալ այդ ամեն ինչին, որպեսզի կարողանան կողմնորոշվել իրենց ընտրության մեջ»: Հարցին՝ դա այսպես ասած «ֆասադը» չի՞, ձեւական կողմը չի՞, իրականում ում ասվում է վերեւից, նրա՞ն չեն ընտրում, օրինակ, Նիկոլ Փաշինյանը ում հետ մոտ է, ում համակրում է, նրա՞ն չեն նախապատվությունը տալու՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Չէ, նման բան չկա: 65 հոգի առաջադրվել են՝ որպես թեկնածու, այդ 65-ի մեջ կան մարդիկ, որ ավելի ճանաչված են, կուսակցական շփումներ ունեն: Կան, որ քիչ ճանաչված են, այս քարոզարշավն էլ հնարավորություն կտա, որ նրանք, ովքեր քիչ ճանաչված են, ներկայանան ու իրենց խոսքով, իրենց ծրագրով հայտ ներկայացնեն ու նրանց ընտրեն: Այդ ամեն ինչը այնքան թափանցիկ է լինելու, որ որեւէ մեկի մոտ կասկած չի լինելու, որ ընտրություններն անցնելու են մաքուր եւ արդարության սկզբունքի հիման վրա»:
Հարցին՝ դուք ինչպե՞ս պետք է համոզեք, որ հենց ձեզ ընտրեն վարչության անդամ, ելույթում ինչի՞ վրա եք շեշտը դնելու՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ աշխատում է տեքստի վրա:
Նա ասաց, որ 65 հոգուց պետք է ընտրվեն հավանաբար 22-ը, այդ թիվը պետք է հաստատի համաժողովը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ