Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քիչ էլ մտածեցի, հասկացա, որ այս անգամ չեմ ուզում». Հրաչյա Հակոբյանը ՔՊ վարչության կազմում ընտրվելու համար առաջադրվել ու ինքնաբացարկ է հայտնել

Մայիս 03,2019 17:19

Հունիսի կեսերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համագումար է անելու եւ նոր վարչության կազմ է ընտրելու: Այդ կազմը ձեւավորվելու է երկու տարի ժամկետով:

Արդեն կուսակցության 65 անդամ է ինքնառաջադրվել, ընդ որում, 33 կուսակցական ցանկություն է հայտնել վերահսկող մարմնի անդամ դառնալ:

Ուշագրավ է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը սկզբում առաջադրվել է, հետո ինքնաբացարկ է հայտնել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ի սկզբանե չէի կողմնորոշվել՝ առաջադրվե՞մ, թե՞ ոչ, բայց քանի որ վերջնաժամկետ կար, ես էլ դեռ չէի կողմնորոշվել, հայտը ներկայացրեցի, առաջադրվեցի, հետո ճիշտն ասած, մի քիչ էլ մտածեցի, հասկացա, որ այս անգամ չեմ ուզում: Միգուցե հաջորդ վարչության ընտրություններում առաջադրվեմ: Դրա համար ինքնաբացարկ ներկայացրեցի»:

Թե ինչու է ի վերջո Հակոբյանը որոշել, որ չի ուզում դառնալ ՔՊ վարչության անդամ, նա այսպես բացատրեց. «Այս փուլում շատ ավելի ուզում եմ պատգամավորական գործունեությամբ զբաղվեմ եւ մի քիչ կարող է աշխատանքը շատ լիներ, չհասցնեի պատգամավորական գործունեությանը զուգահեռ նաեւ ներկուսակցական գործերով զբաղվել: Դրա համար որոշեցի, որ այս անգամ բաց թողնեմ: Միգուցե հաջորդ անգամ կառաջադրվեմ»:

Հարցին՝ առաջադրվողների մեջ շատ պատգամավորներ կան, մարզպետներ, մարդիկ, որոնք այլ պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում, այսինքն, նրանք չե՞ն հասցնի համատեղել՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Իհարկե, կան, դե, ամեն դեպքում, իմ իրավունքն էր առաջադրվել կամ ոչ, ես որոշեցի, որ չեմ առաջադրվելու»:

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ՔՊ վարչության կազմի բոլոր ընտրություններում քարոզարշավ են անում ու նույն ձեւաչափով ընտրում. «Նախորդ վարչության ընտրությունների ժամանակ էլ է եղել քարոզարշավ»:

Հարցին՝ առաջադրվում են թեկնածուները, բայց ում ուզում են՝ նրա՞նց են ընտրում, թե՞ Նիկոլ Փաշինյանը ում ասում է, ում համակրում է, նրանց են ընտրում՝ Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, միանշանակ, ում ուզում են՝ պատվիրակներն իրենք են ընտրում: Դրա համար է տեղի ունենում քարոզարշավ: ՔՊ-ն, չեմ վախենա ասել, Հայաստանի ամենաժողովրդավարական կուսակցությունն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Հրաչյա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031