Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանն ուզում է Ռաֆայել Վահանյանին արգելել տնօրեն աշխատել իր իսկ հիմնած մարզադպրոցում

Մայիս 03,2019 16:58

Մայիսի 7-ին նշանակվել է մրցույթ Շենգավիթի շրջանում գտնվող լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, որին մասնակցելու իրավունք չունի ինքը՝ դպրոցի հիմնադիր եւ գործող տնօրեն Ռաֆայել Վահանյանը: Պատճառը Վահանյանի տարիքային շեմն է՝ նրա 65-ամյակը լրացել է:

Ուշագրավն այն է, որ ինչպես այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրատվամիջոցներին տեղեկացրեց դպրոցի փոխտնօրեն եւ մարզիչ Գագիկ Սարգսյանը, իրենք քաղաքապետարանի այդ որոշման մասին իմացել են օրերս, այն էլ՝ պատահաբար ու մամուլից: Ըստ պարոն Սարգսյանի, իրենք հակված չեն կարծել, թե քաղաքապետարանում շախմատի լեգենդին անտեսելու, վիրավորելու կամ նսեմացնելու միտում կա, այլ տեղի ունեցածը ուզում են վերագրել անտեղյակությանը: Գագիկ Սարգսյանի խոսքով, ինքը՝ Վահանյանը, մի կողմից փորձում է թեթեւ նայել այս ամենին, մյուս կողմից խիստ վիրավորված է քաղաքապետարանի արհամարհական վերաբերմունքից: «Ռաֆայել Վահանյանը, որ Երեւանի պատվավոր քաղաքացի է, շատ է նեղվել: Չի բացառվում, որ անձամբ դպրոցի պատից հանի ցուցատախտակը, իսկ հետո հրաժարվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, թե Մովսես Խորենացու մեդալից եւ թե մյուս բազմաթիվ պետական պարգեւներից», – ասաց բանախոսը:

Գագիկ Սարգսյանը ընթերցեց շախմատի դպրոցի աշխատակազմի բաց նամակը քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ նամակը փոխանցելու են նաեւ վարչապետին: Նամակում նշվում է, որ մարզադպրոցի տնօրինությունը պաշտոնապես տեղեկացված չի եղել մրցույթի մասին, հետեւաբար հնարավորություն չի ունեցել հայտնել իր դիրքորոշումը: Գոյության երեք տարիների ընթացքում իրենց հավաստիացնում էին, որ դպրոցի կարգավիճակը կվերակազմակերպվի, ինչը թույլ կտա գործադիր մարմինը ղեկավարել 65-ից բարձր տարիք ունեցող անձի: Մարզադպրոցի ամբողջ աշխատակազմը ընդամենը մի խնդրանք է ուղղում քաղաքապետ Հայկ Մարությանին՝ կասեցնել հայտարարված մրցույթը մինչեւ գտնվի իրավաօրենսդրական այնպիսի լուծում, որն իրավունք կտա լեգենդար գրոսմայստերին շարունակել ղեկավարել ար անվամբ մարզադպրոցը:

Aravot.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռաֆայել Վահանյանը վիրավորանքից դրդված հեռանա Հայաստանից, Գագիկ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է: Որքան տեղյակ եմ, այս մասին իմանալով՝ Վահանյանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել աշխարհի նախկին չեմպիոն, ՌԴ պետդումայի պատգամավոր Անատոլի Կարպովը: Ռումինիայում գործում է Ռաֆայել Վահանյանի ակադեմիա, որի բացումն արել է աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին, Գերմանիայում Ռաֆայել Վահանյանին անվանում են «միստր Բունդեսլիգա» քանի որ նա նաեւ Գերմանիայի չեմպիոն է: Տարօրինակ չէ՞, որ աշխարհում սիրում, ընդունում, գնահատում են Ռաֆայել Վահանյանին, իսկ Հայաստանում, որի պատիվը նա միշտ բարձր է պահել, այսպես են վարվում նրա հետ»:

Երեւանի քաղաքապետարանի այս քայլը վշտացրել ու զայրացրել է նաեւ «Արարատ-73» լեգենդար թիմի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանին: «Մենք ոգեւորվում, լիցքավորվում էինք Ռաֆայել Վահանյանով: Ու նա մեծ դեր է կատարել մեր հաղթանակների գործում: Ցնցված ու զարմացած եմ, որ քաղաքապետարանն այդպիսի քայլերի է գնում: Անհասկանալի է»:

Գագիկ Սարգսյանը ընթերցեց նաեւ մտավորականների բաց նամակն ուղղված քաղաքապետին եւ վարչապետին ու ասաց, որ պատրաստվում են իրենց վրդովմունքն արտահայտել նաեւ համաշխարհային շախմատի ներկայացուցիչները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031