Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ չարաշահումներ կատարելու համար

Մայիս 03,2019 16:36

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենը, ով 1996 թվականից մինչ օրս զբաղեցնում է հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, 2010թ. նոյեմբեր ամսից մինչև 2017թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ տնօրենն աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, և ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած հիշյալ անձանց:

Բացի այդ, 2014-2017թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս են գրվել, այլև որպես սոցփաթեթի շահառու պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ. պետության օրինական շահերին այդկերպ պատճառվել է գույքային վնաս:

Տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ տնօրենը աշխատակցուհիների անվամբ ՊՈԱԿ-ի բյուջեից որպես երեխայի խնամքի հետծննդյան և նախածննդյան արձակուրդի գումարներ է դուրս գրել և յուրացրել:

Այնուհետև տնօրենը աշխատակցուհու՝ աշխատանքի չհաճախելու պայմաններում, պետական բյուջեից աշխատող մայրերին մինչև երկու տարեկան երեխային տրվող գումար դուրս գրելու նպատակով վերջինիս անվամբ կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատելու վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոտայքի մարզպետարանի սոցիալական աջակցության Չարենցավանի տարածքային գործակալություն, ինչի հիման վրա աշխատակիցը հաշվառվել է որպես նպաստառու:

Բացի այդ, ՊՈԱԿ-ի տնօրենը, որոշ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում ստորագրել և կնքել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձի հաշվարկման հիմք հանդիսացող տաբելները, ինչի հիման վրա՝ որպես աշխատավարձ հաշվարկվել ու ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս են գրվել գումարներ, որոնք յուրացվել են նրա կողմից:

Նախնական քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասն ընդհանուր առմամբ կազմել է 2 994 276 ՀՀ դրամ գումար, որը նախաքննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ «Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց»-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031