Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան ենք այցելել՝ հետևելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին. նախագահը հանդիպել է «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակության հետ

Մայիս 03,2019 16:17

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի (Fraunhofer IPK) պատվիրակությանը՝ ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունթեր Նոյգեբաուերի գլխավորությամբ:

Հայաստան այցելության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել անցած տարվա նոյեմբերին, երբ Հայաստանի նախագահը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այցելել էր «Ֆրաունհոֆեր» ինստիտուտ և, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նշելով, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է «Ֆրաունհոֆեր»-ում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ինստիտուտի ողջ հայեցակարգը շատ հետաքրքիր ու առաջադեմ է: Այն կարող է հաջողությամբ կիրառվել Հայաստանում և հետաքրքիր համագործակցություն ստացվել»:

«Ֆրաունհոֆեր» ընկերության՝ բիզնեսի զարգացման և եվրոպական հարցերով տնօրենն ասել է, որ Հայաստան են այցելել՝ հետևելով նախագահ Արմեն Սարգսյանի կոչին: Յենս Գյունթեր Նոյգեբաուերը նշել է, որ իրենք մեծ ներուժ են տեսնում Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացման համար այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են թվայնացման միջոցով մշակութային ժառանգության պահպանությունը, վերամշակվող էներգետիկան, արտադրական տարբեր ոլորտներում արհեստական բանականության ներմուծումը և այլն:

«Հուսով եմ, որ Հայաստանում ձեր բոլոր հանդիպումները կեզրափակվեն գործնական քայլերով ու նախագծերով, որոնք կարող ենք իրականացնել միասին»,-ասել է Հայաստանի նախագահը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության հարցերում Հայաստանն ու Գերմանիան կարող են լավ գործընկերներ լինել:

«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում, ունի յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում: Այն համագործակցում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031