Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյանի եւ Արմեն Աշոտյանի հեռակա բանավեճը. «Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մեկը որեւէ մեկին չի սաստում»

Մայիս 03,2019 15:22

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց իր հայտարարությունը, որը, ըստ նրա՝ սխալ էր ընկալվել: Մասնավորաբար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կողմից, որն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հորդորել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` սաստել Հովհաննես Իգիթյանին: «Արմեն Աշոտյանն իրավունք ունի սխալ հասկանալու, ինքը քաղաքական գործունեությամբ քիչ է զբաղվում»,- ասաց Հովհաննես Իգիթյանը` կրկնելով իր հայտարարությունը, քանի որ այն կարեւոր է եւ չի կարելի, որ սխալ ընկալվի: Ասում է` ինքը հայտարարել էր, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում, այդ թվում, ատելության խոսքից եւ ռազմատենչ հայտարարություններից զերծ մնալը, հումանիտար միջոցառումներ իրականացնելը: Հիշեցնում է, Ադրբեջանը ոչ միայն զերծ չմնաց, այլեւ 40 րոպե կրակի տակ պահեց Երեւան-Թբիլիսի ճանապարհը:

Հովհաննես Իգիթյանի կարծիքով, այն մոնիթորինգը, որն իրականացվում է Արցախ-Ադրբեջան շփման գծում, պետք է իրականացնել նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին, քանի որ պետք է փաստեր ունենալ Ադրբեջանի խախտումների մասին: Այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանի նախագահը ՄԽ շրջանակներում, ըստ բանախոսի, ստացվում է, որ բավարար չեն այդ պարտավորությունները կատարելու համար: «Ես չեմ բացառում, որ լինի որեւէ այլ, ավելի ուժեղ պարտավորություն ՄԽ շրջանակներում Ադրբեջանի հանդեպ, որ ինքը չանի այդպիսի գործողություններ, քանի որ եթե Ադրբեջանը շարունակի այս պահվածքը, ապա անհնար կլինեն այն բանակցությունները, որոնք մենք ընդհանուր ուժերով փորձում ենք պատրաստել»:

Ամեն դեպքում, Հովհաննես Իգիթյանն Արմեն Աշոտյանին հիշեցնում է. «Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մեկը որեւէ մեկին չի սաստում: Ժողովուրդն է սաստում որեւէ քաղաքական ուժին՝ տալով այս կամ այն ձայնը: Եվ եթե այդ ձայները չեն հերիքում ԱԺ մտնելու համար, դա այն հիմնական գնահատականն է: Ես այսօր գտնում եմ, որ ժողովուրդն է սաստել ՀՀԿ-ին, որ նրանք այսօր գտնվում են լուսանցքում»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Իր ֆեյսբուքյան էջում Արմեն Աշոտյանն արձագանքել է այս հայտարարություններին. «Քիչ առաջ տեսա ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի արձագանքը իմ քննադատությանը:

Քաղաքական մոռացությունից Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ԱԺ-ում հայտնված գործիչը, որի առավելագույն քաղաքական երազանքը 2 տարի առաջ եղել է իմ ղեկավարած հանձնաժողովին կից գործող Վերլուծական խորհրդում հայտնվելը (ստացել եմ համապատասխան խնդրանք, որը բավարարել եմ), ինձ մեղադրում է քաղաքականությամբ քիչ զբաղվելու մեջ:

Գործիչ, որն այս ընտրություններին անձամբ որևէ տեղ չառաջադրվեց, ով մի ձայն իր քաղաքական թիմին չբերեց, առանց ամաչելու ինձ, այս ընտրություններին 100 ամենաշատ ձայն հավաքած մարդկանցից մեկին, ասում է, որ ժողովուրդը մեզ ձայն չտվել:

Իսկ դե վերջում հերթական կեղծիքն է նետում լրատվական դաշտ, ասելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը իր մեջ ներառում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը: Խնդրից քիչ թե շատ տեղյակ գործիչները, լրագրողներն ու փորձագետները այս մակարդակի դատարկ պնդումը հաստատ չպետք է հանդուրժեն:

Ստի մեջ համոզվելու համար ընդամենը պետք է իրար կողք դնել հիշատակված փաստաթղթերը և կարդալ իմանալ:

Եթե այսպես եք զբաղվելու Հայաստանի արտաքին քաղաքականությամբ և խորհրդարանական դիվանագիտությամբ, ավելի լավ է չզբաղվեք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031