Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Ուսանողների եւ բուհերի միջեւ կայացել է կոռուպցիոն համաձայնություն»

Մայիս 03,2019 14:50

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը հանդես են եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է ՀՀ Հարկային օրենսգրքում այնպիսի լրացում կատարել, որ պետությունը աշխատող ուսանողների վճարած եկամտային հարկից փոխհատուցի ուսանողի ուսման վարձը։ «Հոդված 3 ակումբում» Սիսակ Գաբրիելյանը թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց, որ նախաձեռնությունը կխրախուսի ուսանողներին ո՛չ իրենց կրթության որակի հաշվին աշխատել, քանի որ դրա դիմաց պետությունից կստանան արտոնություն ուսման վարձի տեսքով, նաեւ հնարավորություն կունենան լրացուցիչ կրթություն ստանալ:

Պատգամավորն ասաց, որ մի շարք երկրներում շաբաթական որոշակի աշխատաժամանակի դեպքում ուսանողներն ընդհանրապես ազատված են եկամտահարկից, բայց Հայաստանում մի փոքր այլ կլինի. «Նախատեսում ենք ոչ թե ուսանողին ազատել եկամտահարկից, այլ այդ հարկն ուղղել նրա ուսման վարձին»:

Սիսակ Գաբրիելյանի խոսքով, այս պահին միակ սահմանափակումը ՄՈԳ-ն է, քանի որ իրենք համարում են, որ առաջադիմությունը առաջնային է, մնացած նրբությունները կպարզվեն քննարկումների ընթացքում: Օրինագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է կառավարություն եւ վարչապետին:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի խոսքով, նախարարությունը մի քանի օր առաջ է ստացել նախագիծը, բուռն քննարկումներ են եղել, եւ առաջիկա օրերին պարզ կլինի ընդհանուր դիրքորոշումը: «Գաղափարը ողջունելի է»,-ասաց նա: Հավելեց, որ շատ երկրներում է այս համակարգը կիրառվում, սակայն յուրաքանչյուրի դեպքում հաշվի են առնված կրթական համակարգի առանձնահատկությունները, Հայաստանի դեպքում էլ պետք է հաշվի առնել:

Պարոն Սուքիասյանը նշեց, որ այնուամենայնիվ, կա որոշակի մտավախություն, արդյոք դա կանդրադառնա՞ կրթության որակի վրա, ուստի դեռ ինչ-ինչ հարցեր կքննարկեն Սիսակ Գաբրիելյանի հետ: ՀՀ ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետը վկայակոչեց 2003թ. կատարված հետազոտության արդյունքները` աշխատող ուսանողների վերաբերյալ: «Այդ հետազոտության մեջ կան նաեւ ուսանողների կարծիքներ: Նրանց զգալի մասը ցանկություն ունի աշխատելու, ինչը կարեւոր ուղերձ է…Պետք է մենք ստեղծենք այն միջավայրը, որ նրանք հնարավորություն ունենան աշխատելու, եւ այս նախաձեռնությունն այդ հնարավորությունն ընձեռում է»,-նշեց Ռոբերտ Սուքիասյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նախագծի հնարավոր ռիսկերին: «Հայաստանի բարձրագույն կրթության թիվ մեկ խնդիրը, որի մասին շատ քիչ են խոսում, կապված է հաճախումների հետ: Եթե համեմատենք 10-20 տարի առաջվա հետ, ունենք աննախադեպ անկում դասերին հաճախելու առումով, կրթության որակն է նվազել: Սրա արդյունքում ուսանողների եւ բուհերի միջեւ կայացել է կոռուպցիոն համաձայնություն, լուռ համաձայնություն, որ մենք գնանք աշխատենք, ձեր վարձը տանք, դուք էլ անտեսեք մեր բացակայությունները:

Սա էլ արդյունք էր նրա, որ բուհերի պետական ֆինանսավորումը չի աճել, դրա համար Հայաստանում ունենք բուհ, որի եկամտի 90 տոկոսը վարձավճարներից է գոյանում: Այսինքն` բուհերն ունեն շատ մեծ կախվածություն վարձերից, ու ուսանողներն էլ օգտագործում են այս հանգամանքը կոռուպցիոն համաձայնության հարցում»,-նշեց փորձագետը:

«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը եւս համոզված է. «Կա լուրջ հետազոտության կարիք, պետք է արձագանքեն նաև բուհերն ու դեկանատների մակարդակով առաջարկություններ ներկայացնեն։ Պետք է այլ տարբերակներ էլ առաջարկվեն, որպեսզի չտուժի այս նախաձեռնությունը, որը շատ լավ հնարավորություն է աշխատող ուսանողների համար»:

Նրա խոսքերով, օրինագիծը ողջունելի է, սակայն, եթե չլինեն այլ հնարավորություններ՝ զեղչային, կրթաթոշակային համակարգ եւ այլն, այլընտրանքի բացակայության պատճառով օրենքը դրական ազդեցություն չի ունենա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը «Հոդված 3»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031