Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու առողջապահական հիմնարկներ հանվեցին մասնավորեցման ցանկից

Մայիս 03,2019 14:34

ՀՀ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց 2017-2020 թվականների պետգույքի մասնավորեցման ցանկում փոփոխություններ կատարելու նախագծին: Մասնավորեցման ներկայացրած պետգույքի ցանկից, ըստ այդմ, կհանվեն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը եւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը: Հարցը զեկուցող ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ երկու կենտրոնները յուրահատուկ են իրենց տեսակի մեջ. մասնագիտացված կառույցներ են, նաեւ`ուսումնական եւ գիտական կենտրոններ. «Երկիրը պետք է ունենա նման հզորություններ»: Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնը երկար տարիներ զբաղվել է Չեռնոբիլի աղետից տուժածների խնդիրներով: Ըստ նախարարի, ունենալով ԱԷԿ եւ այս վտանգավոր տարածաշրջանում լինելով, այդ կենտրոնը ճիշտ է, որ պետական մնա:

Այդ եւ այլ պետական բուժհաստատություններում օպտիմալացման եւ զարգացման ծրագրեր են նախատեսվում: Արսեն Թորոսյանն ասաց, 1,2 միլիարդ դրամ նախատեսվում է աճ ապահովել ուռուցքաբանության պետպատվերին, եթե կառավարությունը հավանություն տա: Հիշեցնենք, պետպատվերով ուռուցքաբանական ծառայությունների համար նախատեսված է 1,8 միլիարդ դրամ: Ուռուցքաբանական կենտրոնը 500 մահճակալ ունեցող բուժհաստատություն է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն էլ 700 մահճակալ ունի, բայց միշտ հերթեր են. այնտեղ էլ են նախատեսվում զարգացման ծրագրեր: Իբրեւ սկիզբ, խորհուրդներ են ստեղծվում`անցնելով կորպորատիվ կառավարման, քանզի, ըստ Արսեն Թորոսյանի, դա ավելի արդյունավետ է:

ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը հետաքրքրվեց`մասնավորեցման ցանկում 11 առողջապահական գերատեսչություններ էին ընդգրկված, որոնք բոլորն էլ զգայուն էին. մյուս 9-ի ճակատագիրը ի՞նչ է լինելու, այս երկու տարիների ընթացքում ներդրումներ եղե՞լ են այդ հաստատություններում, ի՞նչ արդյունքներ են տվել այդ ներդրումները: Նախարարն ասաց, որ ցանկից երկուսը լուծարվել են, մյուս յոթի մասով մասնավորեցման ցանկից հանելու ծրագրեր պետությունը չունի. դրանք կարեւոր են, բայց բացառիկ չեն իրենց գործառույթներով: Իսկ մասնավորեցման ամբողջական, ավարտին հասցված ծրագիր չկա. որոշ դեպքում այդ հիմնարկները գրավիչ չեն, որոշ դեպքերում, պետգույքի կառավարման վարչությունը ակտիվ չի աշխատել ներդրողներ ներգրավվելու համար:

Այլ մանրամասները`տեսանյութում

Արսեն Թորոսյանը հայտարարեց`քաղաքական պատասխանատվություն պետք է ունենանք`առողջապահական բեռը վերցնելու եւ զարգացնելու: Նախկին պրակտիկան`առողջապահական բեռից ազատվելու, իր համար անընդունելի է: Առողջապահությունը երկրի սոցիալական պատասխանատվությունն է, ասում է նա`հակադարձելով կարծիքներին, թե «ինչո՞ւ է պետությունը քիթը խոթում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031