«Գործով ընթացող իրավական գործընթացում ես ներգրավված եմ. ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն` ինձ տրվող հարցերին ի պատասխան տվել եմ, եւ դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի դեմ է, ինչ-որ մեկի կողմ է, կամ ինչ-որ մեկի համար է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, վերջինս ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով ցուցմունք էր տվել:
«Երբ ես ասացի, որ որեւէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն էր»,-շարունակեց նախարարը` հավելելով, որ ինքը գործի մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում եւ մանրամասներ չի հայտնի. «Կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի»:
Լրագրողները տարատեսակ հարցերով փորձում էին հասկանալ` ըստ Արսեն Թորոսյանի Դավիթ Սանասարյանը չարաշահե՞լ է իր լիազորությունները: Արսեն Թորոսյանն ասաց, որ ինքն այն անձը չէ, որը պետք է այդ հարցի պատասխանը տա. «ՀՀ-ում կա դատական համակարգ, որը պետք է վճիռներ կայացնի»:
Նա նաեւ հավելեց, որ մրցույթի անցկացման կարգի, ձեւի, որեւէ մեկի կողմից օրենք խախտելու իրավաբանական գնահատականը կտրվի, առավել եւս, որ քրեական գործ է հարուցվել:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ