Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք վախենո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանից, կանչեք, հարցաքննեք, նա պետք է բանտարկվի». Էդուարդ Մանուկյան

Մայիս 03,2019 13:25

«Իմ նպատակը Լևոն Տեր-Պետրոսյանին կալանավորելը չէ: Մեր նպատակն է ուղղել այն սխալները, որոնք թույլ են տրվել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից և որոնց պատճառով այսօր չենք կարողանում դուրս գալ այս տնտեսական ճգնաժամից»,- «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

Նշենք, որ գիտության ոլորտի ներկայացուցիչների կողմից կազմվել և համացանցում տեղադրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին փոխանցված «Բանտարկե՞լ Լևոն Տեր-Պետրոսյանին» հանցագործության մասին հայտարարությունը: Այս հայտարարությանը մարտի 14-ին անդրադարձել է ԱԱԾ-ն։ Մարտի 18-ին դրվել է քննարկման։ Ապրիլին 10-ին ՀՀ ԱԱԾ-ից պատասխանել են, որ փաստեր ներկայացված չեն: Վահան Համազասպյանը մանրամասնեց. «ԱԱԾ պատասխանը չի բավարարում մեզ: Չեն ընդունել մեր դիմումը՝ հիմնավորելով, թե հասցեները, հեռախոսահամարներն ու բնակության վայրը նշված չէ: Մենք հայտարարություն էինք տարածել հնարավոր հանցագործության մասին, որտեղ կասկածներ էինք հայտնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր թշնամի երկրի գաղտնի ծառայության գործակալն է: Մարտի 14-ից սկսած այդ տեսանյութերն ունեցել են հարյուր հազարավոր դիտումներ: Մենք չենք դնում ԱԱԾ պատասխանը համացանցում, քանի որ այն կարող է գցել ԱԱԾ վարկանիշը»:

Վահան Համազասպյանն ասաց, որ չի պաշտպանում նաև Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը ու հստակեցրեց. «Նիկոլ Փաշինյանի միջոցով ժողովուրդը նորից հավատաց իշխանություններին, ոգևորություն ապրեց, բայց վտանգավոր է այն, որ ոգևորությունը մարում է, բայց ոչինչ չի արվում: Մեկ տարում կարող էին սկսել նոր արդյունաբերական գործընթաց, ներդրումներ կատարել, գործարաններ ստեղծել: Բայց այն կարգուկանոնը, որ հաստատվել է ՀՀ-ում Տեր-Պետրոսյանի օրոք, խոչընդոտում են ՀՀ-ում արդյունաբերության զարգացմանը: Ճիշտ ճանապարհն է այն, որ ամեն մարդ նստի ու ստեղծի հավելյալ արդյունք: Ստեղծի արտադրանք, արտահանի այն ու վաճառի: Բայց այսօրվա օլիգարխիկ համակարգը, որը չի վերացել, չի նպաստում այդ գործողությունների կատարմանը: Այս անորոշությունների մեջ ոչ ոք ներդրում չի կատարի»:

Դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեխնիկական գիտությունների դոկտորը հորդորեց ականջալուր լինել տեխնիկական մտավորականությանը. «Այսպիսի ջայլամի քաղաքականություն վարելով ոչինչ չի ստացվի: Նիկոլ Փաշինյանն այսօր պարտավորված է իր հետ քայլողների և չքայլողների առաջ, որոնք իրենից ակնկալիք ունեն: Եթե այս հույսը կոտրենք, դժվար կլինի ՀՀ տնտեսության և արդյունաբերության զարգացումը»:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի այն պատասխանին, թե փաստեր ներկայացված չեն դիմումում, արձագանքեց. «Ամոթ է, չի կարելի: Հարգելի ԱԱԾ պետի տեղակալ, գնդապետ, բաց քո պատուհանը և նայիր Մոնումենտի լեռնալանջին: Ո՞ւր է Երիտասարդական պալատը: Ինչպե՞ս կարելի էր քարի գնով առնել, քանդել, վաճառել: Փաստ է, որ չկա: Հազարավոր տվյալներ իր աչքի առաջ են: Այնպիսի հանցավոր օրենքներ են սահմանվել, որ քարի գնով կարող էին առնել ու վաճառել: Ո՞ւր է քիմիական գործարանը: Լևոն Տեր-Պետրոսյանը մեղավոր է, որ նման հիմք դրեց: Վանեցյանի տեղակալին առաջարկում եմ պատուհանը բացել ու նայել փաստերը: Դրանք բերված են նաև պետական վիճակագրական կոմիտեում: Կատարիր քո աշխատանքը, հարգելի գնդապետ»:

Էդուարդ Մանուկյանը վրդովվեց՝ իրենք 17 հարց են բարձրացրել, բայց ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ էլ նրա գրասենյակը չեն պատասխանել: Այս առիթով դիմելով ԱԱԾ պետին, նշեց. «Դուք վախենո՞ւմ եք Լևոն Տեր-Պետրոսյանից, կանչեք, հարցաքննեք, վերադաս օղակ եք: Փաստեր կունենաք: Սա վեցերորդ անգամ է, որ դիմում եմ ԱԱԾ, էլի կդիմեմ, մինչև հանցագործը լինի բանտում: Լևոն Տեր-Պետրոսյանը պիտի դատվի այն ժամանակվա հոդվածով, քանի որ աղետի հասցրեց մեր երկիրը: Լևոն Տեր-Պետրոսյանին պահանջում ենք պատասխան տալ քայքայված տնտեսության և արդյունաբերության համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031