Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի երիտասարդական աշխատողները ցանկանում են Հայաստանում երիտասարդական աշխատանքի ցանց ստեղծել

Մայիս 03,2019 13:10

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մտադրված է Հայաստանում ստեղծել բաց երիտասարդական աշխատանքի ցանց։ «Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ճանաչում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի հիմնական նպատակն էր բաց երիտասարդական աշխատանքով կամ դրան բնորոշ բաղադրիչներ պարունակող երիտասարդական աշխատանքով զբաղվող կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորման հնարավորություններն ու ձևաչափերը՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա։

Ցանց ստեղծելու նպատակը, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը, բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում ճանաչելի դարձնելն է, երիտասարդական աշխատողների զարգացումն ապահովելը։

«Մտածում ենք, որ այս ցանցը պետք է ստեղծվի և ներառի տարբեր կազմակերպությունների աշխատակիցների, որոնք երիտասարդական աշխատանք են իրականացնում՝ նպաստելով Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ զարգացմանը։ Մեր պատկերացմամբ, այն պետք է լինի ընդհանուր հարթակ, որը նախ հնարավորություն է տալու երիտասարդական աշխատողներին իրենց աշխատանքային և մասնագիտական կարողությունների զարգացումն ապահովել, կապ ստեղծել տեղական երիտասարդական աշխատողների և միջազգային բաց երիտասարդական աշխատանքի ցանցերում ներգրավված մասնագետների միջև, քանի որ մեր պատկերացմամբ, ցանցը, որը պետք է ձևավորվի Հայաստանում՝ հայ երիտասարդական աշխատողներից կազմված, պետք է անդամակցի Եվրոպայում բավականին հայտնի Պրոֆեսիոնալ բաց երիտասարդական աշխատանքի ցանցին։ Ցանցը նաև ծառայելու է երիտասարդության ոլորտի շահերի պաշտպանությանը, քանի որ հնարավորություն ենք ունենալու արդեն որպես պրոֆեսիոնալներ համատեղվել և մեր ոլորտում ունեցած հիմանական խնդիրները բարձրաձայնել և նաև դրանց լուծման ուղիները ցույց տալ, ինչու չէ նաև, որպես կարևոր ռեսուրս, գիտելիքահեն հարթակ՝ աջակցել պետական տարբեր կառույցներին, որոնց հիմնական թիրախը պատանիները, երեխաները, երիտասարդներն ու նրանց շահերի, իրավունքների պաշտպանությունն է»,-ասում է Արթուր Նաջարյանը։

Երիտասարդական ոլորտում հանրային քաղաքականության փորձագետ Աննա Եղոյանն էլ ներկայացրեց բաց երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններն ու միջազգայնորեն ընդունված սկզբունքները։

Կարևորելով Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի ցանցի ձևավորումը՝ Աննա Եղոյանը նշեց․ «Հայաստանում այսօր երիտասարդական աշխատանքի տարբեր տեսակներ են կիրառվում, սակայն ոչ բոլորը գիտեն, որ իրենք երիտասարդական աշխատանք են իրականացնում։ Ավելին՝ ներգրավված լինելով երիտասարդական աշխատանքի մեջ՝ ամբողջապես չեն տիրապետում երիտասարդական աշխատողից պահանջվող վարքականոներին․ և ստացվում է երիտասարդական աշխատանքը Հայաստանում ոչ համակարգված է, ինչի բացը կարող է լրացնել համապատասխան ցանցի առկայությունը»։

Հանդիպման մասնակիցները կիսվեցին ապագա ցանցի վերաբերյալ իրենց պատկերացումներով՝ հնարավոր ազդեցության, գործառույթների, խնդիրների մասով։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց կիսվել հետագա քայլերով և շարունակել համագործակցությունը։

Հանդիպում-քննարկումը վարեց երիտասարդական աշխատանքի փորձագետ Կարեն Տերտերյանը։ Կազմակերպիչների տեղեկացմամբ, նման քննարկում առաջիկայում կազմակերպվելու է նաև Երևանում և Վանաձորում։

Հիշեցնենք, որ Եվրոպայում մեծ կարևորություն ունեցող երիտասարդական աշխատողի մասնագիտությունը լայն ճանաչում չունի Հայաստանում, թեև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 10 տարուց ավելի երիտասարդական աշխատանք է իրականացնում Հայաստանում, այդ ընթացքում ուսումնասիրելով եվրոպական տարբեր երկրների՝ երիտասարդներին կրթելու, զարգացնելու ու հասարակության մեջ ակտիվ դերակատարներ դարձնելու փորձը։

Ավելին, այս կազմակերպությունը Եվրամիության աջակցությամբ մեկ տարի առաջ Գյումրիում հիմնեց Կովկասում նմանը չունեցող կառույց՝ «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը, որը տարվա կտրվածքով տարբեր ծառայություններ է տրամադրում 600 պատանիների։

Թե ովքե՞ր են հաճախում կենտրոն, ո՞ւմ հետ են բաց երիտասարդական աշխատանք իրականացնում մասնագետները, Արթուր Նաջարյանն ասում է․ «Բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանության շնորհիվ հնարավոր է դարձել կենտրոն ուղղորդել և տեղում երիտասարդական աշխատանք իրականացնել հասարակության ծայրահեղ տարբեր սոցիալական խավերի պատանիների՝ բացառելով տարբեր խոցելի խմբերին հասարակությունից առանձնացնելն և կղզյակների վերածելը։ Երիտասարդական կենտրոնի նպատակն է բաց լինել ցանկացած երիտասարդի համար․ արդյունքում ստացվում է՝ կենտրոն է գալիս երեխա, ում ուղեկցում է իր ծնողների ծառայողական մեքենան և կան երեխաներ նույն ընտանիքից, որոնք հագուստ չունենալու պատճառով միասին չեն գալիս, քանի որ պայմանավորվածություն ունեն թե ընտանիքի երեխաներից որ մեկը, որ օրն է գալու և ինչ հագուստով։ Ստացվում է կրթական և սոցիալական տարբեր տարբեր բևեռներում հայտնված պատանիներ սկսում են իրար հետ համագործակցել, հանդես գալ համատեղ նախաձեռնություններով՝ կենտրոնում ստանալով հավասարաչափ աջակցություն և հնարավորություններ։ Եվ սա հիանալի միջոց է հասարակությունը ներառական դարձնելու համար։ Մեր փորձը ցույց է տվել, որ հատկապես խոցելի ընտանիքներից եկած երեխաներն ավելի նպատակասլաց են և շատ ավելի պատրաստակամ համայնքում դերակատարություն վերցնելու, քան օրինակ ծառայողական մեքենայով բերած երեխան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031