Մի ամբողջ խմբակցություն ԱԺ-ում չի կարողանում որոշել՝ ազգիս բարերար Գագիկ Ծառուկյանը գործարար է՞, թե՞ ոչ։ Ինչու՞ է խնդիրը հրատապ: Գերհրատապ է՝ ՔՊ-ի սատելիտ արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը համարում է, որ խախտվել է Սահմանադրությունը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նրանք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկել են Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել, ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն: Հույսը միայն Արարատ Միրզոյանի վրա չդնելով՝ «ՔՈ»-ն դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, եթե խախտվել են Սահմանադրության պահանջները:
Արարատ Միրզոյանը փակ նիստով խորհրդակցում է ու խորհրդակցում՝ առանց եզրակացության գալու։ «Իմ քայլն» էլ դիրքորոշում չունի՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու քննարկումներին մասնակցելով՝ խախտե՞լ է Սահմանադրությունը, թե՞ ոչ: ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը դիրքորոշումը հստակեցնելու կարիք է զգում. «Ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վստահանալ, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում»: Ճիշտ է անում, բայց խնդիրը Սահմանադրությունը խախտել-չխախտելը չէ, այլ խախտումն արձանագրելու քաղաքական հետևանքները։ ԱԺ-ում ցեմենտգեյթի ընթացքը վկայում էր, որ երկրորդ քաղաքական ուժը պաշտպանում է մասնավոր շահեր՝ ելույթ կունենար խմբակցության ղեկավարը, թե ոչ: Ճիշտ է՝ նրանք ունեն անխոտելի հիմնավորում՝ Գագիկ Ծառուկյանը խոսում էր ոչ իբրև սեփականատեր, այլ շարքային պատգամավոր՝ «Արարատցեմենտի» աշխատակիցները հրապարակային Գագիկ Ծառուկյանին, որպես պատգամավորի, խնդրել են խորհրդարանում ներկայացնել իրենց հուզող հարցը: Գագիկ Ծառուկյանը խոսել է 1300 աշխատակիցների անունից։
Իրականում հարցը սկզբունքային է՝ կունենա՞ ՔՊ-ն այնքան վճռականություն, որ հարցը մեկընդմիշտ հանի օրակարգից՝ պահպանելով Սահմանադրությունը և հայտարարելով, որ ձեռներեցները չեն կարող պատգամավոր լինել։ Եվ ի՞նչ քաղաքական հետևանքներ կունենա Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելը։ Հարց է՝ առանց մանդատի Ծառուկյանը չի՞ կարող պահպանել սեփականությունը: Երբ դեկտեմբերին՝ ընտրություններից առաջ, Ծառուկյանին հարցրել էին՝ ինչի՞ն է պետք մանդատը, պատասխանել էր, որ մասնակցում է ընտրություններին, որ օգտագործի իր հնարավորությունները բարգավաճ Հայաստան կառուցելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար: Նաև ասել էր, որ ամենահաջողակ քաղաքական գործիչները մեծ սեփականատերերն են, նրանց պաշտոն ու փող պետք չէ: Նրանք սիրում են հայրենիքը ու ցանկանում լավ գործեր անել, բերել էր ԱՄՆ միլիարդատեր նախագահ Դոնալդ Թրամփի օրինակը։ Դա քաղաքական լիրիկա է, real politik-ը հուշում է, որ ոչ նա, ոչ իշխանությունը դեռ չգիտեն՝ ի՞նչ անել Գագիկ Ծառուկյանի հետ։
Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ նոր Հայաստանում պարտադիր չէ քաղաքականությամբ զբաղվել հաջողակ գործարար լինելու համար: Դա վերաբերում է գործարարներին, որ կարողությունը վաստակել են օրենքի շրջանակում: Որո՞նք են սեփականության լեգիտիմության գնահատման չափանիշները: Քանի չկան չափանիշներ, Գագիկ Ծառուկյանի հարցը մնալու է օրակարգում, ու շարունակվելու են անվերջ ստուգումները նրա կայսրությունում, քաղաքական սկանդալները նրա անվան ու ունեցվածքի շուրջ։ Ընդունեք, որ ՔՈ-ն իզուր է Արարատ Միրզոյանին դիմել՝ դա նրա որոշելու հարցը չէ։ Ոչ էլ գլխավոր դատախազի։ Հարցը սկզբունքային է՝ սկզբունքային որոշում պետք է կայացնի պետությունը։ Շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական երկրում սեփականության լեգիտիմությունը որոշում է պետությունը, կառավարությունը, որը սեփականության տիրապետման մանդատ է տալիս:
Կարդացեք նաև
Հայաստանը կամ պետք է ճանաչի նախկին կառավարությունների օրենքները, կամ էլ օրենքից դուրս հայտարարի: Միջանկյալ տարբերակը, երբ պահանջներ են ներկայացվում առանձին գործարարների, միշտ համարվելու է քաղաքական հետապնդում: Այդ շարքում Գագիկ Ծառուկյանը մի օղակ է՝ բոլոր ձեռներեցների գլխին կախված է անորոշության դամոկլյան թուրը: Պետությունը պետք է բիզնեսի ու ներդրումների պայմաններ ապահովի, որ բիզնեսին պատգամավորի մանդատ պետք չլինի: Միակ միջոցը սեփականության անձեռնմխելիության ապահովումն է, որ ընդունված է աշխարհում: Հայաստանում այդ սկզբունքի հարգման համար չկան ոչ միայն մեխանիզմներ, այլև քաղաքական կամք, դա վանում է ներդրողներին, ստիպում գործարարներին սեփականության պաշտպանության համար քաղաքական լոբբինգի դիմել: Դա է պատճառներից մեկը, որ Հայաստանում արտասահմանից մեծ ներդրումներ չեն լինում։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում