ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյան. «Մարտի 1-ի առավոտյան, երբ ես դեռ տանից դուրս չէի եկել, իմացա Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերի մասին։ Մտածելով, որ կարող է հարկ լինի, որ օրվա ընթացքում պարզաբանումներ տամ, ուստի որոշեցի մինչեւ նախարարություն գնալս անցնեմ նախագահական նստավայրով։ Նախագահականում, մտնելով նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ, հարցրեցի, թե վաղ առավոտյան ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն Ռ. Քոչարյանն ասաց, որ ինքն էլ է նոր եկել աշխատանքի եւ դեռ չի տիրապետում, եւ ես նախագահի մոտից դուրս եկա ոչնչով։
Ճանապարհին որոշեցի անցնել Ազատության հրապարակի մոտով՝ անձամբ տեսնելու իրավիճակն այնտեղ, սակայն անցնելով Օպերայի մոտով՝ տեսա, որ այն շրջափակված է ոստիկանության աշխատակիցներով։ Դրանից հետո գնացել եմ աշխատանքի վայր եւ զբաղվել եմ իմ առօրյա գործերով։ Այդ օրը արտգործնախարարության եւ անձամբ իմ կողմից որեւէ պաշտոնական գրագրություն դեսպանատների, հյուպատոսությունների եւ այլ արտերկրյա կառույցների միջեւ չի եղել, համենայնդեպս, ինքս նման բան չեմ հիշում, անգամ չեմ հիշում, որ արտերկրում ՀՀ դեսպաններին որեւէ հրահանգներ տրված լինեին այդ դեպքերի կապակցությամբ:
Նույն օրը՝ ժամը 17։00–ի սահմաններում, երբ ես գտնվում էի նախարարությունում, ինձ է զանգահարել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը եւ ասել, որ նախագահն առաջարկում է, որ այսօրվա նախագահականում նախատեսված ասուլիսը ես անցկացնեմ, քանի որ նախատեսված է նաեւ օտարերկրյա լրագրողների ներկայությունը։ Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի վայրից եւ գնացել եմ նախագահական։ Հանդիպել եմ ՀՀ նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաեւ Արմեն Գեւորգյանը։ Այդ ժամանակ Ռ. Քոչարյանի հետ չենք քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այլ կարճ խոսել ենք մամլո ասուլիսի մասին, եւ անհրաժեշտությունը դրանում էր, որ ողջ օրվա ընթացքում ասուլիս չէր տրվել, հարցերը շատ էին, եւ հարկավոր էր ասուլիս տալ եւ պարզաբանել իրավիճակը։
Հանդիպման ընթացքում ես ասել եմ, որ զուտ ինֆորմացիա փոխանցող, ես չեմ ուզենա, լինեմ եւ պետք է իր անունից ասուլիսի ժամանակ անեմ քաղաքական հայտարարություն այն մասին, որ նա այդ ուժերի հետ համաձայն է երկխոսության եւ կոալիցիոն կառավարություն կազմել։ Հստակ միտքը կարող է այս պահին չկարողանամ ձեւակերպել, բայց այն կարող եք տեսնել այդ օրվա իմ ասուլիսում, որը տվել եմ նախագահականում։ Ռ. Քոչարյանն իմ առաջարկին համաձայնել է։ Հանդիպման ժամանակ իմացել եմ նաեւ, որ իրավիճակի սրման դեպքում հարկավոր է, որ մտցվի արտակարգ դրություն, եթե իրավիճակը դուրս գա հսկողությունից։ Ամփոփ, շատ կարճ ինֆորմացիա եմ ստացել այն հարցերի շուրջ, որոնք այդ պահին հուզել են հասարակությանը։
Կարդացեք նաև
Հիշում եմ նաեւ, որ ինձ առաջարկվել էր, որ ասուլիսն անցկացնեմ փոխոստիկանապետի հետ, ով իր հերթին կներկայացնի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները, իսկ ես կպատասխանեմ լրագրողների հարցերին։ Սակայն ես նման ձեւաչափից հրաժարվեցի եւ ասեցի, որ ես այլոց հետ հանդես չեմ գա, եւ ինձ թող հակիրճ ներկայացնեն, թե ինչ է տեղի ունեցել, եւ ես մենակ ասուլիս կտամ, որից հետո պահանջել եմ, որ նախագահը համաձայնի, որ ես հանդես գամ քաղաքական հայտարարությամբ, որին նախագահը, ինչպես արդեն ասեցի, համաձայնություն էր տվել։
Տեղի ունեցածի մասին ես տեղյակ եմ այնքանով, որքանով հանրայնացրել են հեռուստատեսությամբ, ավելին՝ ինձ ոչինչ հայտնի չէ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում