Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Արզումանյան. «Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն է, ֆինանսավորել է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն». «Հրապարակ»

Մայիս 03,2019 11:38

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո օպերային թատրոնը 12 էջի սահմանում իր հակափաստարկները ներկայացրեց Ն.Փաշինյանին՝ հիմնավորելով բոլոր իրավական հիմքերը Օրբելյանի գործուղումների, նրան վերագրվող ֆինանսական կորուստների եւ մի շարք այլ հարցերի առնչությամբ։

Թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանից դեռ որեւէ արձագանք չեն ստացել. «Մի քիչ էլ կսպասենք, եթե չլինի, նորից կդիմենք»։ Հնարավոր է, որ այսկերպ հարցը սառեցվի, եւ որեւէ լուծում չտրվի, Արզումանյանն ասաց, որ այսպես երկար չի կարող շարունակվել. «Նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, հետո, եթե դրական լուծում չլինի, երեւի անհրաժեշտություն կլինի դատարան դիմել»։

Մամուլում այս օրերին շրջանառվում է, որ թատրոնում հայտնաբերված 92 միլիոն դրամի պարտքը, որ հայտնաբերել են վերահսկիչ մարմինները, եւ որի մասին բարձրաձայնել էր մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը, կատարվել է 2014-16 թթ.՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի» կողմից, որը ստեղծվել է Օպերային կից՝ 2014 թվականին, եւ որի նպատակն էր թատրոնին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի այն կարողանար ՀՀ-ում եւ արտասահմանում կազմակերպել համերգներ ու երաժշտական փառատոներ։

Արգումանյանը չի կարծում, թե 92 մլն դրամի պակասորդը կապ ունի թատրոնի աջակցման հիմնադրամի հետ։ «Այդ պարտքերը կուտակվել են Օրբելյանից շատ առաջ, եւ չեմ կարծում, թե հիմնադրամի հետ կապ ունի»,– ասում է նա ու հավելում, որ մի քանի օր առաջ նախարարությունը, ի դեմս Ն. Ղարիբյանի, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր ֆոնդերի, ՀԿ-ների՝ մշակութային ծրագրերի իրականացման համար, որոնց թվում նաեւ՝ թատրոնի աջակցման հիմնադրամին. «Օրինակ՝ Օպերայի երիտասարդական ծրագիրը, որտեղ մեծամասնությունը նախագահի մրցանակին արժանացած, հաղթող երգիչներ են, դրանց մերժել է եւ ֆինանսական աջակցություն է տվել Օպերայի աջակցման հիմնադրամի անհայտ մի ծրագրի, որոնք վաղուց Օպերային ոչ մի բանով չեն աջակցում եւ, չգիտես ինչպես, փողեր են յուրացնում»։

Թատրոնի դիրիժորն իր խոսքում ընդունում է, որ հնարավոր է առաջիկայում այս թեմայով ասուլիս հրավիրեն, քանի որ պարզել են, որ հանձնաժողովի անդամներից ոմանք չեն մասնակցել նիստերին. «Նազենի Ղարիբյանը, որ հանձնաժողովի նախագահն է, ֆինանսավորել է բոլոր այն մարդկանց, ովքեր Օպերայի դեմ բողոք են գրել, որ մրցույթների մեկնեն, մի հաջողություն ունենան, բայց բոլորն առաջին փուլից դուրս են մնացել, նույն Անի Պիվազյանը, որին ոչ մեկը չէր ճանաչում մինչեւ իր ելույթը՝ վարչապետի հետ ունեցած հանդիպման ժամանակ, հանկարծ Նազենի Ղարիբյանը ֆինանսավորում է նրան, ով գնում է Իսպանիա՝ մրցույթի մասնակցում ու դուրս է մնում, Գեւորգ Կոջոյանը, որ էլի թույլ երգիչ է, բայց Օպերայի դեմ բողոք է գրել, ֆինանսավորել են, գնացել է Ռուսաստան՝ մրցույթի, եւ էլի դուրս է մնացել 1-ին փուլից»։

Արզումանյանը պնդում է, որ թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրենը՝ Շմավոն Գրիգորյանը, Նազենի Ղարիբյանի հետ պայմանավորվել է տնօրենի պաշտոնում իրեն նշանակելու համար. «Դրա մասին է վկայել հիմնադրամի կողմից մարտի 28-ին լրատվամիջոցներին տարածված հաղորդագրությունը, մոտավորապես այս բովանդակությամբ, թե աջակցեք Նոր Հայաստանի երիտասարդին, ոչ թե Հին Հայաստանի սիրելի Օրբելյանին»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031