Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրագետ. նախագահի անձեռնմխելիությունը պաշտոնաթող նախագահի դեպքում հենց ենթադրում է իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիություն. «Փաստ»

Մայիս 03,2019 10:22

Դատախազությունն օրերս դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը: Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը հասանելի է դատական տեղեկատվական համակարգում: Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը նախ ընդգծում է, որ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունից հստակ հետևություններն անելն, իհարկե, իրատեսական աշխատանք չէ: Այդուհանդերձ, վերլուծելով այն, «Փաստի» հետ զրույցում Ա. Վարդևանյանը խոսեց ներկայացված երկու հանգամանքների մասին. սահմանադրական կարգի ենթադրյալ տապալում և ըստ մեղադրանքի՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Արամ Վարդևանյանը սկսեց երկրորդից: «Պետք է նկատել, որ ցանկացած մեղադրանք պետք է բավարարի որոշակի ապացուցման շեմի պահանջների: Տվյալ դեպքում առանձնապես խոշոր չափի կաշառքի մասով թե՛ առաջին ատյանը և թե՛ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել են, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Այս պարագայում առնվազն երկրորդ դրվագը տարակուսելի է, քանի որ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածն առկա չէ: Իսկ հիմնավոր կասկածը շատ ավելի ցածր ապացուցման շեմ է պահանջում: Եվ այս պարագայում մեղադրական եզրակացությունը հաստատելն ու դատարան ուղարկելն ինձ համար անհասկանալի է: Օրինակ, ավելի տրամաբանական կլիներ, եթե այս փուլում նախաքննական մարմինը հրաժարվեր դրանից, իրավապահ մարմինները միջոցներ ձեռնարկեին հավելյալ ապացույցների համար, որից հետո միայն անդրադառնային այդ հարցին»,-նշեց նա:

Անդրադառնալով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հատվածին՝ նա նշեց.

«Ըստ էության, ներկայացվում է այն, որ հանրապետության նախագահն իր պաշտոնական կարգավիճակից ելնելով է ենթադրյալ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություն կատարել: Նախ՝ պետք է նկատել, որ նման միտքը կամ ձևակերպումը, կարծես, տանում է դեպի այն հիմնահարց, որի մասին խոսվում էր ամիսներ առաջ և այսօր ևս պետք է խոսվի. նախագահի անձեռնմխելիությունը պաշտոնաթող նախագահի դեպքում հենց ենթադրում է իր կարգավիճակից բխող գործողությունների համար անձեռնմխելիություն: Այս պարագայում, կարծես թե, այդ հիմնահարցը ևս մի քիչ տարակուսելի է դառնում, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է անձեռնմխելիության պաշտպանության տիրույթում գտնվող հարցի: Բացի այդ, եթե փորձ է արվում հիմնավորել սահմանադրական կարգի տապալումը, ապա հենց նույն այդ համառոտ նկարագրության մեջ առնվազն պետք է նշվեր, թե Սահմանադրության առանցքային նորմերը (1-ին, 2-րդ, 3-րդ հոդվածները) ինչպե՞ս են իրավական համակարգում դադարել գործողության մեջ լինել: Ես այդ համառոտ նկարագրությունում նման բան առհասարակ չտեսա: Օրինակ, մեկ նախադասություն առ այն, որ սահմանադրական նշված նորմերը դադարել են գործողության մեջ լինել: Սա հանցակազմի դիսպոզիցիայի պարտադիր պայմաններից մեկն է: Եթե իրավական համակարգում սահմանադրական նշված նորմերը չեն դադարել գործողության մեջ լինել, ապա սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031