Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցինք լեզվի խնդրի մասին

Մայիս 03,2019 10:00

Երբեք չես կարող կանխագուշակել, թե ինչպիսի երրորդական կամ, ավելի շուտ, տասներորդական նշանակության հարց կարող է դառնալ ֆեյսբուքյան բուռն քննարկումների առարկա: Այդպիսի արհեստածին թեմա դարձավ ԵՏՄ միջկառավարական նիստում Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսելը եւ Դմիտրի Մեդվեդեւի արձագանքը:

Իմ կարծիքով, վարչապետը միանգամայն բավարար է խոսում ռուսերեն եւ անգլերեն (մասնագետներն ասում՝ նաեւ ֆրանսերեն), եւ ԵՏՄ միջոցառումների ժամանակ այդ կազմակերպության աշխատանքային լեզվով խոսելը բնական է: Ինչ մնում է Մեդվեդեւին, ապա եթե նա իրեն անտակտություն է թույլ տվել, ապա դա նրա խնդիրն է՝ այդ առիթով կռիվ սարքելն, իհարկե, անիմաստ էր: Ի դեպ, Փաշինյանի երեկվա գրառումից ես հասկացա, որ ՌԴ վարչապետի մասով նույնպես ոչ մի խնդիր չկա, եւ այս ամբողջ պատմությունը նախկին կոռումպացված համակարգի մնացորդների հորինածն է (Հայաստանում, ինչպես հայտնի է, իշխանության հասցեին ցանկացած քննադատություն գալիս է նախկին կոռումպացված համակարգից): Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառումը, կարծես թե, վկայում էր, որ ինչ-որ խնդիր, այնուամենայնիվ, կա: Բայց այդ ամենը, կրկնեմ, մանրուքներ են:

Այս դատարկ առիթով ֆեյսբուքյան անկապ լեզվակռիվը եւս մի առիթ է խոսելու Հայաստանում լեզվի վիճակի մասին: Նախքան օտար լեզուների մասին խոսելը, եկեք մեզ հարցնենք՝ որքանով ենք մենք, Հայաստանի քաղաքացիներս, տիրապետում մեր մայրենի եւ պետական լեզվին: Կարծում եմ, այստեղ վիճակը բարվոք չէ, մանավանդ մեր երիտասարդների շրջանում, որոնք լեզվի հետ շփվում են համացանցի միջոցով: Իսկ այստեղ սոսկալի բաներ են գրվում ոչ միայն բովանդակության, այլեւ ձեւի, այդ թվում՝ լեզվի առումով: Ոչ մի գիրք, ոչ մի տպագիր թերթ եւ ոչ մի ամսագիր իրեն չի կարող թույլ տալ նման անպատասխանատու վերաբերմունք ամեն ինչի, այդ թվում՝ լեզվի հանդեպ: Էլ չեմ խոսում «կիրիլիցայով» կամ լատինատառ «հայերենի» մասին, որի կրողներն, ինձ թվում է, ընդհանրապես իրավունք չունեն խոսելու ազգային, պետական արժեքների եւ հայապահպանության մասին:

Ավելի բարվոք չէ նաեւ օտար լեզուների վիճակը: Ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում այսօրվա 20-30 տարեկանների մեծ մասը երեք օտար լեզուներն իմանային այն չափով, որով գիտի ներկայիս վարչապետը: Դա նրանց առջեւ կբացեր պահանջված, մրցունակ, «թանկ» մասնագետ լինելու ճանապարհը: Որովհետեւ՝ ցանկացած մասնագիտական գրականության հայերեն/ռուսերեն/անգլերեն ծավալի փոխհարաբերությունն, իմ տպավորությամբ, մոտավորապես 1/100/1000 է: Բայց մեր երիտասարդները նույնիսկ հայերեն կարգին չեն կարդում, էլ ուր մնաց այլ լեզուներով:

Պարզապես հորդորներով, դաստիարակչական զրույցներով հնարավոր չէ վիճակը բարելավել: Այստեղ հստակ պետական քաղաքականություն է պետք, որը վերջին 28 տարիներին չի մշակվել: Եթե ինձ հարցնեն, թե ինչ եմ ես սպասում ԿԳ նախարարությունից, ապա դա, առաջին հերթին, հենց այս ասպարեզում առաջընթացն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ահա, այս նիւթի առիթով, թերեւս կ’անդրադառնաք որոշ դասական Սփիւռքի մը խոր յուսախաբութեան, Հայաստանի նկատմամբ: Արդարեւ, ձեզի կ’ապաւինէինք, որպէս զօրակից – եթէ ոչ նոյնիսկ, փրկիչ – ՝օտարացման, այլասերումի, ձուլումի դէմ մեր էական ու մշտական պայքարին: Վերեւ գոնէ խոստովանում էք որ հայերէն լեզուն իսկ խղճալի մակարդակ կը պարզէ, ներառեալ երիտասարդների մօտ: Ի դէպ՝ «ազգային, պետական արժեքների եւ հայապահպանության » վերաբերեալ այդտեղ հնչող արտայայտութիւններուն ալ խնդիրը միայն ձեւը չէ, այլ նաեւ խորքը: Այսինքն, նոյնիսկ երբ որ անոնց հեղինակը շնորհքով հայերէնի գործածութեամբ կը ներկայացնէ իր «միտքերը», բաւական ցաւալի է ըսածների որակը, եւ ընդհանրապէս այդ նիւթերու մասին իր ընբռնողութիւնը:

    Հայկական հողից զատ, շատ բան չունէք Հայութեան վերաբերեալ: Մենք ալ միայն այդ հողն է որ չունինք:

  2. Քաղաքացի says:

    Փաստորեն, ոչինչ չունեք:

  3. Հ.Շ. says:

    «Ոչինչ չունէք»-ը լեզուականօրէն, օրինակի համար, նշանակում է որ մի բան ունենք. քանզի կրկնակի ժխտականը կը դառնայ դրական: Ճիշդ հայերէնը՝ «ոչինչ ունէք» է, կամ, «որեւէ բան չունէք»: Դեռ չխօսելու համար Մեսրոպ Մաշտոցի, Աստուածաշունչի ուղղագրութեան մասին, ի դէմ՝ Ստալինի հնարածին:

    Ամէն պարագայի, նախընտրելի է ոչինչ ունենալ, քան թէ կեղծ երկիր մը կարծել ունենալ: Նախընտրելի է իսկական օտար Պետութեան մը քաղաքացին լինել, քան թէ՝ոչինչի:

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Նախ եւ առաջ՝ օտար երկիրներ մեկնած ու հաստատուած ձեր բազմամիլիոնաւոր բնիկ «համա-քաղաքացիներին» բացատրեցէք թէ Հայաստանի հողէն դուրս բան չունեն:

      Եթէ անոնց կէսը գոնէ բարեհաճի ետ վերադառնալ իր պապենական բնավայրը – եւ ոչ թէ միայն խօսի, մտածէ այդ մասին -, յետոյ կրնաք Արեւմտեան Հայաստանի զաւակներուն դիտել տալ թէ, իրոք, մենք մեր հողը չունենք:

  4. Հ.Շ. says:

    Նախընտրելի, բնական եւ նուազ անպատուական է՝ օտար հողի վրայ օտարանալը, քան թէ հայկական հողի վրայ:

  5. Քաղաքացի says:

    Ներկայացնեմ Ձեզ ռուս հայտնի լրագրող (ազգությամբ հրյա-ֆրանսիացի) Վլադիմիր Պոզների գրքից մի հատված, որը նվիրված էր Հայաստանին: Այնպես ստացվեց, որ նա գիշերով հանգրվանել էր Սևանի գյուղերից մեկում. Այդ գիրքը գրվել է անգլերենով և հրապարակվել «The New York Times» թերթում 1990 թվականին:
    “Տունը փոքր էր, փայտե պատերով ու հատակով, համարյա առանց կահույքի. ամեն ինչ վկայում էր ծանր ու աղքատ կյանքի մասին։ Չգիտես ինչու, հիշեցի Մեծ Ընկճախտի տարիներին Օկլահոմայի ֆերմերական տների լուսանկարները։ Բայց այդ պահի տեսածս Ամերիկայում չէր, և 30-ական թվականները չէին։ Աչքովս ընկավ տարբեր ճաշատեսակներով լեցուն սեղանը. ուտելիքը կբավարարեր տասը հոգու։ Սպասելիս՝ ուսումնասիրում էի սենյակը։ Մի անկյունում մահճակալ էր դրված, վրան պառկած էր մի ծեր կին։ Ոչ, ծեր չէ, հինավուրց։ Նա ինձ էր նայում մեծ անթարթ աչքերով, որոնք չլսված տխրություն էին արտահայտում։ Թվում էր` այդ աչքերը տեսել են ամեն բան` …… այդ կնոջ աչքերում դարերի իմաստությունն էր ննջում, և նայելով այդ աչքերին՝ ինձ փոքր ու մերկ էի զգում։ Շրջվեցի ու տեսա հետևս կանգնած յոթ տղաներին։ Այդ պահին ինձ ցնցեցին երեխայի աչքերը. դրանք չէին տարբերվում պառավի աչքերից։ Ու տարօրինակ, անհարմար զգացում ունեցա. ինձ էին նայում երեխաներ, որոնք ի ծնե ավելի մեծ էին, քան ես` իմ մահվան ժամին։ Այդ պահին հասկացա, որ իմ կրած մշակույթը, իմ քաղաքակրթությունը ոչինչ է` նրանց պահպանածի համեմատ։ Այդ մարդկանց հաջողվել է գոյություն պահպանել որպես ազգ, պահպանել լեզուն, մշակույթը, հողը (թեպետ ոչ լիովին):”
    Զգացի՞ք արդյոք հող պահողի և արգելոցային պայմաններում վեհ գաղափարներով սնվող մարդու միջև տարբերությունը:
    “Հայկական հողից զատ, շատ բան չունէք Հայութեան վերաբերեալ:”
    Նման բան կարող է ասել, կներեք, տկարամիտը, կամ հիվանդը: Նույնիսկ օտարը հասկացավ ՝ նրանք ի ծնե ավելի մեծ էին, քան ես կլինեմ իմ մահվան ժամին: Սա է հող պահելու գինը: Աստված Ձեղ երկուհարյուր տարի կյանք տա, սակայն հազիվ թե, դուք հող պահողի գիտակցությունը երբև է կունենաք:

    • Հ.Շ. says:

      դատարկ խօսքեր

      յստակ ու բացայայտ է թէ Հայաստանի բնիկ բնակչութիւնը նուազ գիտէ արժէքը իր հողին, քան թէ դասական Սփիւռքի ազգասէր հայերը

      արգիլուած չէ դուք ձեզ խաբելը, խղճալի վիճակին դիմանալու ձեւ մըն է նոյնիսկ. սակայն երեսուն տարի ետք, աւելի դժուար է մեզ խաբելը

  6. henri says:

    Մեր բոլոր ՛՛ յեղափոխութիւնները ՛՛ ոչինչի կրնան վերածուիլ եթէ շարունակենք անտեսել ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒՆ ;

  7. Լավատես says:

    Հզոր քայլ էր, հարգեցի, մեծագույն երկրի, բայց փոքրոգի հյուրի ամենացավալի տեղին խփեցին քաղցր դրուզյա բառով, փոքրոգի հյուրը մանկլավիկի բարդույթ ունի’ նրան ոչ իր երկրում, ոչ էլ դրսում որպես մեծ երկրի հարգված գործչի չեն ընկալում, նա միշտ ստվերում է, իսկ երկրորդ քաղցր դրուզյա ից հետո հասկացավ, որ հիմա էլ հայտնվեց փոքր երկրի, բայց մեծահոգի տանտիրոջ ստվերում: Սա ազգադավ մանկլավիկներին թող դաս լինի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031