«Ֆեյք նյուզ»-ի ազդեցությունը, բնականաբար, բացասական է: Խնդիրն այն է, թե ինչպես պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որը «ֆեյք նյուզ»-ին թույլ չի տա ազդեցություն ունենալ անվտանգության վրա»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին հանձնարարել էր զբաղվել «ֆեյք նյուզ»-ի՝ կեղծ լրատվության խնդրով: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ կեղծ լրատվության դեմ պայքարում կարեւոր է, որպեսզի քաղաքացիների մեդիագրագիտությունը բարձր մակարդակում լինի. «Դրա լուծումներից մեկն է, թեեւ պետություններն այլ լուծումներ էլ են մտածում:
Մենք էլ ենք մտածում, բայց այս պահին չկա մեխանիզմ, որի միջոցով կարելի է խնդիրը լուծել: Այս պահին համակարգային լուծում չկա, միայն ընթացիկ լուծումներ կան»: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ տարբեր, այդ թվում՝ առցանց հարթակներում սուտ տեղեկատվություն է տարածվում քաղաքացիների եւ իշխանության մասին, ինչը լուրջ ազդեցություն է ունենում. «Այսինքն, սուտը գերիշխող է դառնում հասարակությունում, ինչը վտանգավոր է»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ,
02.05.2019