Սկիզբը՝ այստեղ
Այնուամենայնիվ, պաշտոնական Երեւանը շեշտում է՝ Ցեղասպանության ճանաչումը երբեւէ նախապայման չի եղել
Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները անցյալ շաբաթ հանդես եկան հայտարարություններով, որոնք փաստում են, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դրական տեղաշարժ ակնկալելը գոնե մոտ ապագայում իրատեսական չէ:
Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ Հայաստանին կոչ արեց բացել արխիվները: Ելույթ ունենալով Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի եւ պատմագիտական ուսումնասիրություններին դրանց նպաստի թեմայով գիտաժողովին՝ Էրդողանը նշեց, թե Թուրքիայի արխիվները բաց են, եւ իրենք թաքցնելու ոչինչ չունեն: «Ճշմարտությունը գտնելու նպատակ ունեցողների համար մեր արխիվները ամբողջովին բաց են։ Թաքցնելու բան չունենք։ Հայկական հարցի եւ ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն։ Մինչեւ օրս Հայկական հարցը շահարկող ոչ մի խումբ եւ պետություն իր պնդումները չի կարողացել ապացուցել արխիվային փաստաթղթերով։ Գիտենք, որ այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանության մասին պնդումներով լարվածություն ստեղծողներից ոչ մեկի հոգը չէ ճշմարտությունը»,- նշել էր Թուրքիայի նախագահը՝ Հայաստանին, ինչպես նաեւ երրորդ երկրներին կոչ անելով բացել իրենց արխիվները պատմաբանների ուսումնասիրության համար:
Կարդացեք նաև
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում ապրիլի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փաստեց, որ Անկարայից եկող հայտարարությունները հուսադրող չեն: «Ինձ համար ամենակարեւոր պատգամն այսօր վճռականությունն է՝ արդարությունը վերականգնելու համար», – հավելելով՝ «այդ պատգամը երբեք չի կորելու, առավել եւս՝ երբ որ արդարությունը դրժված է»։ «Ազատության» հարցին, թե 100 տարի անց ինչո՞վ եք բացատրում Անկարայի ժխտողականությունը, Մնացականյանը պատասխանել էր. «Ամենաբարդ հարցն եք տալիս, որովհետեւ ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելը՝ առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը, մարդկության հանդեպ այդ պատասխանատվությունն ունենալը, որքանով է դա խոչընդոտ իշխանությունների համար, դա ամենամեծ խնդիրն է, ամենամեծ հարցն է, եթե որեւէ մեկն այդ պատասխանն ունի… բայց սա նաեւ պատգամ է, պատգամ է ցեղասպանությունը հաղթահարելու, մենք որպես ժողովուրդ ցեղասպանությունը հաղթահարել ենք»։ Հնարավո՞ր է Երեւանը հաշտեցման նոր գործընթաց սկսի, պարտադրի Անկարային բացել սահմանները։ «Դժբախտաբար, վստահ եմ՝ լսում եք եւ հետեւում եք այն ամենին, ինչ որ գալիս է պաշտոնական Անկարայից, եւ դրանք հուսադրիչ չեն, կամ հակառակն՝ ավելի քննադատության են արժանի»,-ասել էր Մնացականյանը։ Նա նաեւ շեշտել էր, որ Ցեղասպանության ճանաչումը երբեւէ նախապայման չի եղել Հայաստանի կողմից:
Ապրիլի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահի ապրիլի 24-ի ելույթն անվանեց Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանդի արդարացում»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին: «Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլեւ՝ մի ողջ ազգի սպանդի արդարացում»,- գրել էր Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է եւ ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի»,- հավելել էր նա:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էր անդրադարձել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը. «Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կարող եմ ցավով արձանագրել, որ մենք այս ողջ ժամանակահատվածում ականատես ենք եղել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման տարբեր ձեւերի: Ժխտումը եղել է հետեւողական, իսկ ժխտման ձեւերը եւ բովանդակությունը՝ ոչ։ Դրանք մշտապես ենթարկվել են փոփոխությունների, մեկ փորձել են հավասարության նշան դնել ցեղասպանության կատարողների եւ զոհերի միջեւ, իսկ այժմ էլ ցեղասպանության մեջ մեղադրում են դրա զոհերին եւ արդարացնում կատարողներին։ Հաճախ գործի են դրվում ուղղակի կեղծիքներ, ինչպես, օրինակ, մեր արխիվների փակ լինելու դրույթը, երբ ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր մասնագետները գիտեն, որ Հայաստանի արխիվները բաց են։ Ժխտողական մտքի այս վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։ Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի եւ վտանգավոր երեւույթ է: Այն խրախուսում է մարդկության եւ քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակն էլ իր հերթին արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի վերոնշյալ հայտարարությանը: «Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի խոսելաոճն ու օգտագործած եզրույթները ցույց են տալիս, որ Հայաստանում պետական ավանդույթներ դեռ չեն ձեւավորվել», -ասել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը՝ պնդելով, թե «հայկական թեզերը թուրքերին պարտադրելը հակասում է խոսքի ազատության սկզբունքին»: Խոսելով արխիվների թեմայի մասին՝ Աքսոյը կարծիք էր հայտնել, թե հայկական արխիվները ամենեւին էլ բաց չեն, ինչպես պնդում է հայկական կողմը, իսկ մի շարք վայրերում՝ Էջմիածնի կաթողիկոսությունում, Երուսաղեմի պատրիարքարանում, Բոստոնի դաշնակցական բյուրոյում արխիվները բաց են միայն հայերի եւ հայկական պնդումների կողմնակիցների համար: «Արխիվների միայն այն հատվածն է բաց, որը հիմնավորում է հայկական պնդումները: Եթե հայերը այս արխիվները բացելու համարձակություն ցուցաբերեն, ճշմարտությունը ի հայտ կգա: Ցավոք, շարունակում են մոլորեցնել ողջ աշխարհին եւ երիտասարդ սերնդին»,- նշել էր Աքսոյը:
Թուրքիայի ջղաձիգ պահվածքը վերջին օրերին դրսեւորվեց նաեւ մի շարք երկրներից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումների առնչությամբ: Նախ՝ բողոքի մի առիթ հանդիսացավ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Հայոց հիշատակի օրվա կապակցությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործեց «Մեծ եղեռն» տերմինը։ «Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին՝ 1915 թվականից սկսած, մեկ եւ կես միլիոն հայեր արտաքսվեցին, կոտորվեցին եւ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Այս հիշատակի օրվա կապակցությամբ ես կրկին միանում եմ Ամերիկայի հայ համայնքին եւ համայն աշխարհի հայությանը՝ սգալով բազմաթիվ անմեղ զոհերի հիշատակը։ Այս պահին մենք նաեւ հարգանքի տուրք ենք մատուցում եւ ճանաչում ենք այն անհատների խիզախությունը, որոնք փորձել են վերջ դնել բռնություններին, եւ նրանց, ովքեր ջանքեր են գործադրել, որպեսզի նման դաժանություններ այլեւս երբեք չկրկնվեն, ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների պաշտպան եւ իրավաբան Ռաֆայել Լեմկինը։ Մենք հիշում ենք այն առատաձեռն ամերիկացիների ներդրումները, որոնք օգնել են փրկել կյանքեր եւ վերակառուցել հայ համայնքները։ Մենք պատվո տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապել են, բայց մեզ նաեւ ոգեշնչում է հայ ժողովրդի քաջությունն ու տոկունությունը, որը չնայած այս ահռելի դժբախտությանը, հիմնել է կենսունակ համայնքներ ողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Մենք հանձնառու ենք սերտել անցյալ ողբերգությունների դասերը, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը։ Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու՝ հայերի եւ թուրքերի ջանքերը։ Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ ոգեկոչելով Մեծ եղեռնի ժամանակ կորսված կյանքերը եւ վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ», – նշել էր ԱՄՆ նախագահը։
Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերոնշյալ հայտարարությունը: Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում էր. «Չենք ընդունում ԱՄՆ նախագահ Թրամփի` 1915 թ. դեպքերի վերաբերյալ 2019թ. ապրիլի 24-ին արած հայտարարությունը: Հայերի հորինած սուբյեկտիվ պատմությունը հիմք ընդունող այս հայտարարությունը ոչ մի արժեք չունի: Ներքաղաքական մտքերով պատմության կեղծումը երբեք չի ընդունվի: Նույն ժամանակահատվածում հայ ըմբոստների կողմից սպանված ավելի քան 500 հազար մուսուլմանների ցավը եւս մեկ անգամ հիշատակելով՝ Թրամփին հրավիրում ենք ավելի արդար գտնվել»,- ըստ Yerkir.am-ի՝ փոխանցել էր «Անադոլու» գործակալությունը: Նկատենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ներկայացուցիչների պալատն այդ օրը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ էր ընդունել, որտեղ առանձին կետով ճանաչել էր Արցախի անկախությունը։
Օրերս Պորտուգալիայի խորհրդարանը նաեւ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Բանաձեւում նշվել էր, որ Առաջին համաշխարհային պատերազմի եւ դրան հաջորդած տարիների ընթացքում ցեղասպանության հետեւանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Անկարան դատապարտեց նաեւ Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Ըստ Ermenihaber-ի՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ Թուրքիան չի ընդունում 1915թ.-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը եւ այն կտրականապես անընդունելի է համարում։ Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ էր արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։
Ավելի վաղ՝ ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ էր ընդունել Իտալիայի խորհրդարանը: Դրանում երկրի կառավարությանը կոչ էր արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից վերոնշյալ բանաձեւի ընդունումը եւս անհանգստություն էր առաջացրել Անկարայում։ Թուրքիայի ԱԳՆ-ն այդ առթիվ դատապարտող հայտարարություն տարածեց, որում նշվեց, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընդունած բանաձեւն անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա Իտալիայի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: «Ինչպես պատմությունը քաղաքականացնող մյուս բոլոր նախաձեռնությունները՝ այս բանաձեւն էլ Թուրքիայի համար ոչ մի իրավական ուժ չունի», -փոխանցում էր Ermenihaber-ը։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ պնդել է, որ Հայոց ցեղասպանության թեման օրակարգ է բերվում կամ ընտրություններից առաջ, կամ հակաթուրքական համատեքստում՝ շեշտելով, որ այդ ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի ու կխոչընդոտեն ապագային ուղղված դրական նախաձեռնությունները։ Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից եւ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Նա Twitter-ի իր էջում գրել էր. «Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքականացնելու բոլոր փորձերը»։
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.05.2019