Լրահոս
Օրվա լրահոսը

«Փառատոնին մենք ենք առաջարկում մեր մոտեցումներն ու ճաշակը»

Մայիս 03,2019 14:00

Հայտարարում է «Խաչմերուկներ-2019. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը

Երեւանում մայիսի 4-ին երրորդ անգամ կմեկնարկի «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը, որի շրջանակներում համերգներ կկայանան նաեւ Գյումրիում:

Ժամանակակից երաժշտության այս փառատոնի նախորդ երկու միջոցառումներին ժամանակին անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ մեր երկիր էին այցելել ճանաչված երաժիշտներ, այդ թվում՝ կոմպոզիտորներ, Փարիզի ազգային կոնսերվատորիայի դասախոս, Բելգիայի Թագավորական ակադեմիայի անդամ Կլոդ Լեդուն (Բելգիա), Ժան Պիեր Դելյոզը (Բելգիա), կանադաբնակ Վահրամ Սարգսյանը, Քրիստոֆ Եզնիկյանը (Ֆրանսիա), դաշնակահար Լորանս Մխիթարյանը (Բելգիա): Ընդ որում, հրավիրյալ կոմպոզիտորները հայկական թեմաներով իրենց ստեղծագործությունները առաջին անգամ ներկայացրին հայերիս, ինչը փառատոնի պարտադիր պայմանն է: Երեւանում, Գյումրիում եւ Դիլիջանում կայացած փառատոնային օրերին հնչեցին մեր կոմպոզիտորների՝ Տիգրան Մանսուրյանի, Արթուր Ավանեսովի, Արամ Հովհաննիսյանի, Դավիթ Բալասանյանի, Սերգեյ Ումրոյանի, Աշոտ Զոհրաբյանի եւ մյուսների գործերը նույնպես:
Զրույցի հրավիրեցինք «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր, ֆլեյտահար Արամ Հովհաննիսյանին, որը նաեւ «Քառորդ տոն» մշակութային կազմակերպության ղեկավարն է: Ի դեպ, այդ կազմակերպության շնորհիվ է իրականանում փառատոնը: Վերջինս հիմնվել է 2016թ. եւ անցկացրել է բազում նախագծեր ոչ միայն ժամանակակից կոմպոզիտորների երկերից կազմված երեկոներ, դասախոսություններ, սեմինարներ եւ այլն:
«Այս տարի էլ փառատոնի շրջանակներում կկայանան դասախոսություններ, սեմինարներ, եւ առաջին անգամ արտասահմանցի երաժիշտները կանցկացնեն վարպետության դասեր»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Գոնե վերջին շրջանում ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին հաճախ անդրադառնում են մեր պետական կոլեկտիվները՝ ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ ու կամերային նվագախմբերը, բայց, չգիտես ինչու, մեր կոմպոզիտորներն առիթը բաց չեն թողնում դժգոհելու, թե իրենց գործերը քիչ են կատարվում:

Հայ և արտասահմանցի կոմպոզիտորները՝ 2017թ. «Խաչմերուկներ» փառատոնում

Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արամ Հովհաննիսյանը հավելեց, թե Կոմպոզիտորների միությունն էլ է հաճախ հնչեցնում իր անդամների ստեղծագործությունները եւ ընդամենն ասաց. «Ինչ վերաբերում է «Խաչմերուկներ» փառատոնի համերգային ծրագրերում տեղ գտած կոմպոզիտորների գործերին, նշեմ, որ փառատոնին մենք ենք առաջարկում մեր մոտեցումներն ու ճաշակը»: Թվարկեց նաեւ այս տարի հրավիրյալ երաժիշտների անունները: Նրանք են. կոմպոզիտոր եւ դիրիժոր Պաոլո Րիչչի (Իտալիա), կոմպոզիտոր Արամ Ղուշչյան (Ռուսաստան), դաշնակահար Լորանս Մխիթարյան (Բելգիա), կոմպոզիտոր Ժան Լյուք Ֆաֆշամ (Բելգիա): Ասաց, թե միջոցառումներին մեծ դերակատարում ունի անցյալ տարի հիմնված «Ասոնանս» անսամբլը: Խնդրանքին, թե մի փոքր մանրամասնեք գոնե կատարվելիք ստեղծագործությունների պրեմիերաները, երաժիշտը հայտնեց վեց կոմպոզիտորի անուն՝ Ժան Լյուք Ֆաֆշամ, Պաոլո Րիչչի, գերմանաբնակ Արսեն Բաբաջանյան, Արթուր Ավանեսով, Արթուր Աքշենյան, Ռուբեն Անտոնյան:

Փառատոնի հովանավորներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

02.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031