Կամ՝ որտեղից է սկսվում հայրենասիրությունը
Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում օրերս ներկայացվեց վիրահայ վաղամեռիկ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի նոր ժողովածուն՝ «Նանե, Նանե, կրակ տուր ինձ», տպագրված եւ անտիպ գործերից։ Շնորհանդեսի ժամանակ տարբեր ելույթներ եղան, բանաստեղծությունների եւ երգերի կատարումներ հնչեցին։ Իր խոսքն ասաց նաեւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Նա իր տպավորությունները կիսեց ընթերցողի հետ.
«Ծանոթ էի բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի պոեզիային։ Նրա դուստրը՝ Գիսանեն, նվիրել էր հոր գրքերից։ Սիրով ընթերցել էի։ Առանձնապես տպավորվել էր «Կորուսյալ Եդեմ կամ որտեղից է սկսվում Արաքսը» չափածո եւ արձակ հայրենապատումը, որը չի կարող անտարբեր թողնել եւ ոչ մի հայի, ով մոտիկ է կանգնած իր ազգային ակունքներին կամ ուզում է փնտրել ու գտնել այն։ Պատմականին համադրելով զգացականը, նա պատումների շարք է ստեղծում, որոնք ավելի քան անհրաժեշտ են մերօրյա եւ գալիք սերունդներին, քանի որ դա տարբեր սերունդների միջեւ ինքնատիպ երկխոսություն է։ Շնորհանդեսին ներկայացված գիրքն էլ կարծես այդ նույն տրամաբանությունն ունի, միայն թե առաջին հայացքից բանաստեղծությունները ուղղված են մանուկներին, այսինքն՝ մանկական են։ Բայց դա առաջին հայացքից, որովհետեւ յուրաքանչյուր տարիքի մարդ իրենը կարող է քաղել դրանցից»:
Կարդացեք նաև
Ընդհանրապես իր բանաստեղծությունները, որոնք ներկայացված են «Նանե, Նանե, կրակ տուր ինձ» գրքում, հայրենի եզերքն է ներկայացնում իր նիստ ու կացով, ավանդույթներով, բարբառային գանձերով ու պարզ ու հասարակ, բայց խորը եւ իմաստուն ասելիքով։ Թվում է, թե նա դուրս չի գալիս իր ծննդավայրի՝ Ջավախք աշխարհի Հեշտիա գյուղի միջավայրից։ Բայց դա առաջին հայացքից. նրա ասելիքը համամարդկային է.
Հոգնած մի ամպ ասաց սարին,
-Հալածում է ինձ չար քամին,
Թող ժայռերիդ կառչեմ, մնամ…
Բայց սարն ասաց.
-Էհ, բարեկամ,
Ով սեփական մի տեղ չունի,
Նրան քամին միշտ կտանի։
Ուրախ եմ, որ դեռ շատ ստեղծագործություններ ունի Վիկտոր Հովսեփյանը, որոնք անտիպ են, առաջիկայում կհանձնեն ընթերցողին։ Դուստրը նշեց, որ հայրը բանահյուսական բազմաթիվ գրառումներ է թողել, որոնք պետք է ներկայացնել ընթերցողին, իհարկե՝ պոեզիայի հետ միասին։ Այս գործում Թբիլիսիի «Թումանյանի տուն» կենտրոնին հանձն առան աջակցել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Այստեղ պետք է ավելացնել, որ Վիրահայոց թեմի այս կենտրոնը շնորհակալ գործ է կատարում ոչ միայն մեծն Թումանյանի գրական ժառանգությունը Վրաստանի հանրությանը ներկայացնելու, այլեւ հանրահռչակելու վիրահայ գրականությունը եւ արվեստը. ինչպես պատմական դեմքերով, այնպես էլ մեր ժամանակի գործիչներով։ Այս առումով նախանձախնդիր է թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով նախաձեռնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ ինչպես վերջերս կազմակերպված Կոմիտասին նվիրված ցուցահանդեսն էր ու երաժշտական ցերեկույթը։ Ճիշտ է սրբազանը, որ «թեմի հայկական կենտրոններում ազգային ոգին պետք է թեւածի, իսկ ժամանակ առ ժամանակ վիրահայ գործիչներին պետք է ներկայացնել մայր հայրենիքում՝ ինչպես այս անգամ արվեց Թումանյանի երեւանյան օջախում»։
Գրի առավ ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ,
02.05.2019