Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մեդիան չզբաղվի իր խնդիրներով, դրանով կզբաղվեն այլք

Մայիս 03,2019 13:00

Հարցազրույց քաղաքագետ, «Ագորա» հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արմեն Մինասյանի հետ:

-Օրերս դուք կոչ էիք արել մեդիա ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մեկտեղվել, ու համատեղ ջանքերով լուծել ոլորտին վերաբերող խնդիրները։ Կմանրամասնեք՝ ո՞րն էր նման կոչով դիմելու առիթը, ու ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Առիթին իմ գրառման մեջ անդրադարձել էի։ Անցած շաբաթ Երեւանի մամուլի ակումբը համաժողով էր կազմակերպել՝ լրատվական ոլորտի առաջնահերթությունները թեմայով, որտեղ փաստացի խոսվում էր ոլորտում եղած խնդիրների, դրանց կարգավորման հնարավորությունների մասին: Ու քանի որ խնդիրներ իսկապես կան, եւ դրանք բազմաթիվ են, իսկ մյուս կողմից ես տեղեկություններ ունեմ, որ ներկայումս մի քանի մասնագիտական խմբեր առանձին-առանձին փորձում են անդրադառնալ դրանց, ընդամենը հարկ համարեցի կոչ անել գործընկերներիս՝ մեկտեղվել ու միասին աշխատել հնարավոր կարգավորումների վրա։ Շատ պարզ պատճառով՝ վստահ եմ, որ նշված խմբերից որեւէ մեկն ինքնուրույն չի կարող ներկայացնել այնպիսի համապարփակ փաթեթ, որը կբավարարի բոլորին։

-Որո՞նք են այդ խմբերը։

-Ես առայժմ անուններ չեմ ուզում տալ, որովհետեւ ինքս շփումների մեջ եմ այդ խմբերից մի քանիսի հետ ու փորձում եմ գտնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու ուղիները։

-Իսկ ինչո՞ւ այդ խմբերից մեկը չի կարող ինքնուրույն անել պահանջվող գործը։ Կամ մի քանիսը զուգահեռաբար անեն եւ կատարված աշխատանքները համադրվեն։

-Կարծում եմ, որ դա անհնար է, քանի որ այդ խմբերն ունեն սկզբունքային տարբերություն։ Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք բաղկացած են հիմնականում քաղհասարակության ներկայացուցիչներից, եւ կա խումբ, որտեղ հիմնականում խմբագիրներ են ընդգրկված։ Ու քանի որ մասնակցել եմ քննարկումների թե մեկի, թե մյուսի հետ, վստահաբար կարող եմ ասել, որ միեւնույն խնդրի ընկալումը նրանց մոտ խիստ տարբեր է։ Եթե այստեղ գումարենք նաեւ պետության տեսակետը, վստահեցնում եմ, որ տեսակետները ոչ թե բյուրեղանալու են, այլ՝ ավելի են տարբերվելու։

-Ինչպե՞ս կարող են տարբերվել…

-Դրանք խիստ տարբեր են։ Ես երկու տասնամյակ զբաղվել եմ պրակտիկ լրագրությամբ եւ հասարակական գործունեությամբ, տասը տարի էլ աշխատել եմ պետական հատվածում։ Վստահեցնում եմ, որ նույնիսկ ես, երբ միեւնույն խնդրին նայում եմ տարբեր դիրքերից, լուծումները խիստ տարբեր են թվում։ Օրինակ՝ խոսքի ազատության եւ ազգային անվտանգության, տեղեկություն ստանալու եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքները շատ հաճախ խաչվում են, եւ թվացյալ լուծումները յուրաքանչյուրը պատկերացնում է այդ պահին իր պրակտիկ զբաղվածության դիրքերից։ Սա դեռ միայն ֆունդամենտալ իրավունքների հարթությունը, որտեղ մեզանում արդեն լուրջ ձեռքբերումներ կան։ Պատկերացրեք, կան խնդիրներ, որոնք խիստ մասնագիտական են ու նեղ, եւ դրանցով զբաղվողները հաճախ չգիտեն էլ, որ այդ հարցերը օրենքով չեն կարգավորվում ու նույնիսկ որոշ դեպքերում խնդրին լուծում տալու համար եղած ենթակառուցվածքներ չկան։

-Օրինա՞կ…

-Օրինակ՝ այսօր ոլորտի կարգավորմամբ մտահոգ մարդկանց մեծ մասը դնում է մեդիա ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների ֆինանսատնտեսական գործունեության թափանցիկության խնդիր, բայց տեղյակ չէ՝ տեղեկատվական բովանդակության մոնետիզացիայի ինչ մեխանիզմներ են գործում աշխարհում եւ Հայաստանում, ինչ խնդիրներ կարող են ծագել։ Օրինակ, կա ռեսուրս, որ հիմնական եկամուտները ստանում է առցանց ռեսուրսներից, դիցուք՝ Google Ads-ի կամ Youtube-ի միջոցով։ Ու շատ հաճախ այդ ստացված գումարների հետ կապված խնդիրներ կան, քանի որ վիրտուալ փողերի օրինականացման լուրջ պրոբլեմ կա։ Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկն անբարեխիղճ է, գումար է վաստակել ու թաքցնում է, այլ որովհետեւ ենթակառուցվածքները, կարգավորումները բացակայում են։

Մենք մեծագույն խնդիր ունենք զանգվածային լրատվությամբ եւ լրագրությամբ զբաղվող անձանց շրջանակը գծելու, նրանց իրավունքները սահմանելու հետ կապված։ Մեր օրենսդրության այսօրվա կարգավորումներով՝ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որն ունի կայք, կարող է ներկայանալ որպես ԶԼՄ։ Ոչ մի չափորոշիչ չկա, որով հնարավոր կլինի ԶԼՄ-ն տարբերել, ասենք, շինանյութի խանութից։

Մյուս կողմից էլ՝ սահմանված չէ ու հասկանալի չէ՝ ով է լրագրողը։ Ցանկացած մեկին կարելի է տալ լրագրողի վկայական, եւ այդ մեկը միանգամից հայտնվում է որոշակի արտոնյալ պաշտպանության ներքո, կամ օգտվում է որեւէ առավելությունից՝ չունենալով դրա ոչ առաքելությունը, ոչ էլ պատշաճ մասնագիտական պատրաստվածություն։

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ լրագրողն ինչ-որ արտոնություններ ունի՞:

-Իհարկե՝ ունի։ Մասնագիտական պարտականությունների բերումով ունի արտոնություններ։ Իսկ տեղեր էլ կան, որ պետք է ունենա, բայց չունի։

-Կա՞ նման օրինակ։

-Օրինակները բազմաթիվ են, բայց որպեսզի մեր խոսակցությունը քաղաքական աստառ չստանա, բերեմ կենցաղային օրինակ։ Տեսեք, որեւէ սպորտային իրադարձության, դիցուք՝ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղի ժամանակ, լրագրողներն իրավունք ունեն խաղին հետեւել, լուսանկարել ոչ միայն տրիբունայից, այլեւ անմիջապես խաղադաշտի հարակից հատվածից։ Հիմա մեր օրենսդրությամբ տեսականորեն հնարավոր է, որ խաղից առաջ հայտնվեն տարբեր ընկերությունների հազարավոր աշխատակիցներ, ներկայացնեն լրագրողի վկայական, հավատարմագրվեն եւ ստանան այդ արտոնությունը։ Ու եթե ֆեդերացիան մերժի հավատարմագրել, կմեղադրվի կողմնակալության մեջ, չմերժի՝ կստացվի՝ լրագրողները երկրպագուներից շատ են։

-Իսկ դա ինչպե՞ս պետք է կարգավորվի։

-Բնականաբար, պետք է հստակ սահմանել՝ ո՞վ է լրագրողը, ո՞րն է լրատվամիջոցը, ով եւ ինչպես է նրանց արտոնագրում եւ հավատարմագրում։ Միանգամից ասեմ, որ անձամբ ես դեմ եմ, որ այդ հարցերը կարգավորի պետությունը։ Կարծում եմ, որ լավագույն տարբերակն այն է, որ մասնագիտական հանրույթն ինքը գտնի մեզ համար ամենաէֆեկտիվ լուծումը։ Իսկ մոդելներ աշխարհում կան։ Եվ պետք է ընդգծեմ, որ թե կառավարությունից, թե խորհրդարանից, բազմիցս հնչել են ազդակներ առ այն, որ իրենք ակնկալում են մասնագիտական հանրույթի օժանդակությունն ու մտադիր չեն ինքնուրույն գնալ լուծումների։

Մենք պետք է բոլորով քննարկենք եւ ընտրենք մեզ համար առավել նախընտրելի տարբերակը։ Բայց եթե շահագրգիռ կողմերն ինքնուրույն չգտնեն լուծում, պետությունը վաղ թե ուշ նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնելու։ Աշխարհը զարգանում է եւ դեպքերը շատ են, երբ պետությունն ինքը, հատկապես առցանց ԶԼՄ-ների պարագայում, գնում է կոշտ սահմանափակումների։

-Իսկ չկա՞ն հարցեր, որ հենց պետությունը պետք է զբաղվի։

-Անշուշտ կան։ Կան հարցեր, որ պետք է կարգավորվեն օրենսդրական մակարդակում։ Այստեղ, բնականաբար, անհրաժեշտ է խորհրդարանի ու կուսակցությունների հետ ակտիվ աշխատանք։ Կան խնդիրներ, որ գործադիր իշխանության լիազորությունների տիրույթում են։ Նույն հիշատակածս խնդիրներից շատերի պարագայում եւս այդպես է։ Սրանցից յուրաքանչյուրի դեպքում էֆեկտիվ լուծումների համար անհրաժեշտ է լրագրողների, մեդիա-մասնագետների մասնակցությունը, բայց կան խնդիրներ, որոնք անհնար է լուծել առանց պրոֆեսիոնալ իրավաբանների, տնտեսագետների, ժամանակակից տեխնոլոգիաների մասնագետների ներգրավմամբ։ Ուստի, կարծում եմ, որ նախ անհրաժեշտ է միավորվել, այնուհետեւ գույքագրել առկա եւ հնարավոր խնդիրների ցանկը, իսկ հետո դրանցից յուրաքանչյուրի դեպքում ստեղծել բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներով համալրված աշխատանքային խմբեր, որոնք կարճ ժամկետում կկարողանան կոնսենսուսային լուծումներ գտնել։ Հակառակ դեպքում՝ ցանկացած լուծում կլինի հատվածական, եւ մենք կրկին կկորցնենք դաշտը սեփական ուժերով կարգավորելու հնարավորությունը։

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

02.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031