Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ Գյումրի եկող տուրիստն ալան-թալանի չենթարկվի․ Շիրակի մարզպետի հանդիպումը ոստիկանապետի հետ

Մայիս 02,2019 23:40

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, որին մասնակցել են մարզպետարանի պաշտոնյաներն ու ոստիկանության աշխատակիցները։ Թեման եղել է զբոսաշրջության սեզոնին ընդառաջ Գյումրին անվտանգ դարձնելը։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ Գյումրին վերջին շրջանում դարձել է բավական վտանգավոր քաղաք․ այստեղ ավելացել է գողությունների թիվը։ Այդ մասին բարձրաձայնել է նաև Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Գյումրին անվտանգ չէ նաև ընթացող լայնածավալ փողոցաշինության առումով․ լարված իրավիճակ է ստեղծվել ոչ միայն վարորդների, այլ հետիոտների համար։

«Երբ մենք ուսումնասիրում ենք 2018-ի տուրիստական հոսքերն ու 2019-ի ազդակներին ենք հետևում՝ հասկանալի է դառնում, որ այս տարի մեզ մոտ բավական լուրջ զբոսաշրջային հոսքեր են լինելու, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսանկյուններից: Մեր քաղաքը որքան հնարավոր է շուտ պետք է ներկայանալի դառնա, խոսքս փողոցաշինական աշխատանքներին է վերաբերում, ինչպես նաև պետք է լինի հնարավորինս անվտանգ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրած լրատվությունից նաև տեղեկանում ենք, որ Շիրակի մարզպետն այս առումով կարևորել է մարզային ոստիկանության հետ համագործակցությունը։
«Ես, որպես մարզպետ, հայտնում եմ իմ պատրաստակամությունը համագործակցելու, անվտանգ մարզ, անվտանգ քաղաք ունենալու համար: Այս առումով անելիք ունենք բոլորս»,- ասել է  մարզպետ Պետրոսյանը։

Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանը ևս իր մեծ պատրաստակամությունն է հայտնել համագործակցության ու արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել ոլորտային խնդիրների լուծման համար ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կլինեն ոստիկանության, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ճանապարհային ոստիկանության աշխատանքի մասին,  քննարկվել անվտանգ երթևեկությանը, ճանապարհային գծանշումներին, տեսանկարահանող սարքեր տեղադրելու անհրաժեշտությունը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031