Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը՝ Վազգեն Սարգսյանի հույժ գաղտնի նամակի մասին. «Էդ մոլախոտերին կարամ տրորեմ, անցնեմ…Ես էն մարդը չեմ, որ իմ հետ խոսեն վերջնագրով, ով որ դա կասի, գլուխը պատի՛ն տվեք»

Մայիս 02,2019 22:10

Տարիներ առաջ «Առավոտը» հրապարակել էր ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ինչպես հրաժարականի դիմումը՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա ուղարկել էր 1998 թ. հունիսին, այնպես էլ այդ նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին:

Այդ նամակում մի շարք ուշագրավ դիտարկումներ կան, որոնց վերաբերյալ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց Սամվել Բաբայանից: Օրինակ, Բաբայանը Վազգեն Սարգսյանին այդ նամակում գրել է՝ «Արդեն մի քանի անգամ, մասնավորապես՝ 1996թ. ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստում զգացել եմ, որ Արցախին Հայաստանի իշխանությունները վերաբերվում են որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի»: Դուք էլ զգացիք դա, բայց տոն չտվեցիք: Ես էլ շարունակել եմ համբերել. մտածել եմ հանուն ազգային շահերի զսպել իմ՝ թեկուզ արդարացի, ընդվզումն ու ոչ պակաս ազգանպաստ պահանջները: Վերջին ժամանակներս վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ՝ «Ձեզ մոտ», հատուկ քաղաքականություն է որդեգրվել անվստահության հողի վրա. ես, համենայնդեպս, չեմ կարող ու չեմ էլ ուզում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինձ խաբում են ու չեն վստահում ինձ»: Հետո Բաբայանը հավելում է. «Իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարեւորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել. ա) թուրքը, բ) ԼՂՀ իշխանությունները, գ) ՀՀ իշխանությունները, դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թեեւ սկզբունքորեն պիտի պայքարեի միայն մեկ՝ թվում էր, մնացյալ երեքի համար էլ ընդհանուր թշնամու դեմ: Այլեւս ուժ չունեմ, սակայն, եւ անհրաժեշտ էլ չեմ գտնում կռվել չորս ճակատով»:

Մեր հարցին, թե ի՞նչ էր կատարվել 1996-ին ԱԱԽ նիստում, որ դուք եւ Վազգեն Սարգսյանը զգացել եք, թե ինչպես են Արցախին վերաբերում որպես խորթ զավակի կամ աղքատ ազգականի՝ Սամվել Բաբայանը պատասխանեց. «Քննարկել ենք էլի նույն խնդիրները, որ Ղարաբաղում պետք է զարգացում ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական, քննարկել ենք, որ երիտասարդները, որ կյանքի գնով կանգնել են երկիրը պաշտպանելու, էսօր թողնում են հայրենիքը, անվտանգության նիստը դրան էր նվիրված, բայց որոշումներ կայացրին ոչ մի բան: Հասկացա, որ մարդիկ ցանկություն չունեն, էդքան մի բան: Խոսքը դրան էր վերաբերվում»:

Նամակում Սամվել Բաբայանը խոսում է «թիմախաղերի» մասին, թե ինչպես են իր անձի շուրջ բամբասանքներ տարածում: Նա գրում է. «Պիտի շեշտեմ, որ չեմ ուզում ինչ-որ աթոռներ պահել «հանուն թիմային» ինչ-ինչ կասկածելի շահերի: Ես իմ տղամարդկային վճիռն ընդունել եմ եւ անում եմ ինձնից ուղղակիորեն թե անուղղակիորեն պահանջվող քայլը: Ներող եղեք միայն, որ ՀՀ նախագահին եմ պաշտոնապես ներկայացրել հրաժարականիս դիմումը (հիշո՞ւմ եք՝ դեռ 1996թ., երբ Ձեզ համանման խնդրանք ուղղեցի, Դուք պատասխանեցիք, որ ինձ ՀՀ նախագահն է նշանակել, նրան էլ պետք է դիմել): Իմիջիայլոց՝ հանգիստ խղճով կարող եք ընթացք տալ նաեւ համապատասխան զինվորական կոչումիցս զրկելու հարցին»:

Մեր հարցին՝ ձեր հրաժարականն այդ ժամանակ ինչո՞վ էր պայմանավորված, ձեզ դրդե՞լ էին հրաժարական տալ, որովհետեւ ներքին խոհանոցում այդ ժամանակ նման խոսակցություններ են եղել՝ Սամվել Բաբայանը պատասխանեց, որ մամուլում ստեր են գրել. «Խնդիրը նա է, որ ինձ ոչ մեկը չի կարա ո՛չ դրդի, ո՛չ պարտադրի երեկ, առաջներում եւ այսօր: Ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը, իմ հայացքները եւ իմ ճանապարհը: Մի լավ ձեւ ունեն՝ կարան խփեն սպանեն, վսյո՛, դրանից բացի ուրիշ բան չեն կարա անեն»:

Մեր դիտարկմանը, որ Վազգեն Սարգսյանին ուղղված այդ նամակում պարզ երեւում է, որ դժգոհում եք, թե ձեր մասին իր մոտ վատ բաներ են խոսում՝ Սամվել Բաբայանն արձագանքեց. «Երբ որ էդ մթնոլորտում աշխատում ես տեղակալների հետ ու քո командующий-ի մասին քննարկում ես էդ մոլախոտերի հետ, ես էլ ասում էի՝ էդ մոլախոտերին կարամ տրորեմ, անցնեմ, վերջ տվեք ինձնից խոսել: Եթե չեք ուզում, տղամարդ եղեք երեսիս ասեք՝ հետդ չենք ուզում աշխատել, ես էլ դիմումս շպրտեմ, ասեմ՝ ձեզ հաջողություն: Ես էդ անձը չեմ, որ իմ հետ խոսեն վերջնագրերով, պայմաններով, մոռացե՛ք: Ով որ դա կասի՝ գլուխը պատի՛ն տվեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031