Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախազգուշացում. դուք կարող եք կրել նյութական վնասներ». գովազդի մասին օրենքը փոփոխվում է

Մայիս 02,2019 18:55

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի օրենսդրական առաջարկը՝ «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծերը:

Այսօր հանձնաժողովի նիստին ներկայացվեց նախագծի լրամշակված տարբերակը, որտեղ ներառել են որոշ պատգամավորների առաջարկությունները:

Ըստ այդմ, առաջարկություններն են՝ «Յուրաքանչյուր հեռարձակվող հեռուստաեթերով յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաեւ որպես հովանավորների հիշատակումը, թույլատրվում է ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում, բացառություն են սպորտային հաղորդումների հեռարձակումները, որոնց ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավել,  քան մեկ անգամ յուրաքանչյուր հաղորդումից հետո եւ միայն  հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ, ինչպես նաեւ լրատվական թողարկումում մամուլի ակումբում կատարված իրադարձության լուսաբանման ժամանակ ետնամասի պաստառը»: «Սա նույնպես կարող է ընկնել ժամը 22:00-ից մինչեւ 07:00 ընկած ժամանակահատվածում»,-ասաց նախագիծը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը: Մինչեւ նախագծի լրամշակված տարբերակը, այս դրույթով սահմանափակումները նախատեսվում էին ժամը 23:00-ից մինչեւ 08:00 ժամանակահատվածը:

Նաեւ առաջարկվում է՝ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված վիճակախաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում եւ դրա ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Կար նաեւ առաջարկ, որպեսզի վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունենա համացանցով գովազդել վիճակախաղը, որը սակայն չպետք լինի ակտիվ հղում: Հանձնաժողովը որոշեց այս կետը  քննարկել նախագծի առաջին 1-ին կամ 2-րդ ընթերցման ժամանակ:

Նշված գովազդն, ըստ նախագծի, արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով։ Այսօր առաջարկվեց՝ լրատվական կայքերում սույն գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի տեսանելի մասի 20%-ից ավելին:

Մյուս առաջարկությունն էլ վերաբերում է մամուլի ակումբներում նշված ոլորտի գովազդին. Առաջարկվում է՝ մամուլի ակումբի ետնամասում տեղադրելով միայն կազմակերպության տարբերանշանը  եւ այն պարտադիր տեսանելի նշումով՝ 21+:

Նախագծում մյուս առաջարկ-լրացումով սահմանվում է՝ վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ  շահումով խաղի կամ խաղատների գովազդը պետք է նախազգուշական տեղեկատվություն տրամադրի: Այս տեղեկատվության 2 տարբերակ է առաջարկվել՝ 1-ին՝ «Խաղին մասնակցելը նյութական վնաս կրելու ռիսկ է պարունակում»,  2-րդը՝ «Խաղին մասնակցելու արդյունքում դուք կարող եք կրել նյութական վնասներ»: Ընդ որում, այս տեղեկատվությունն, ըստ առաջարկության,   պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մյուս տեղեկատվությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031