ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացվել այս նախագիծը: Էնֆիաջյանն ասաց, որ այս նախագիծը նախկին իշխանության օրոք էլ ներկայացվել է, սակայն բացասական եզրակացություն է ստացել: Հիմա, պատգամավորի խոսքերով, հաշվի առնելով նոր իրողությունները՝ նորից է ներկայացնում եւ սա տնտեսական հեղափոխությանը նպաստող նախագիծ է:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հակափաստարկներ ներկայացրեց, նշելով, որ պատգամավորի ներկայացրած նախագիծը իրականում այնքան էլ աջակցություն չէ գյուղացուն: Փոխնախարարն ասաց, որ այդ նախագծով գյուղացուն աջակցելու լավագույն ճանապարհը չէ ընտրված. «Նախագծի ընդունմամբ հակադրվում ենք Սահմանադրության 186 հոդվածով ամրագրված սկզբունքին: Համայնքները պետք է լինեն ֆինանսապես անկախ ու կայացած: Եթե ընդունվում են օրենքներ, որից համայնքի բյուջեի եկամուտները նվազում են, ապա պետական բյուջեից պետք է փոխհատուցվի»:
Բացի այս, փոխնախարարը նաեւ թվերով խոսեց. ասաց՝ առաջարկվող աջակցությունը առավելագույնը կարող է գնահատվել եկամտաբերության 2.3% չափով, ինչը համադրելի չէ կորստի հետ, եւ ֆինանսական միջոցների փոշիացում կլինի: Ըստ Պողոսյանի, այսօր նման դեպքերի համար կառավարությունը աջակցություն սահմանում է, եւ եթե ընդունվի տվյալ նախագիծը՝ հողի հարկից ազատելու մասին, ապա տուժած գյուղացին 4 անգամ պակաս աջակցություն կստանա, քան այսօր ստանում է:
Կարդացեք նաև
Փոխնախարարը վստահեցրեց, որ կառավարությունը աջակցության այլ ճանապարհով է գնում՝ կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, ապահովագրության փորձնական ծրագիրը, սերմացուների կամ ջրամատակարարման աջակցություն եւ այլն:
Կառավարության ներկայացուցչի պնդմամբ՝ Վահե Էնֆիաջյանի նախագիծը նպատակահարմար չէ ընդունել:
Էնֆիաջյանն էլ իր ամփոփիչ խոսքում նշեց՝ Վրաստանում 8 տարի է այս օրենքը գործում է եւ գյուղատնտեսությունն աճ է արձանագրել. «Մեր օրենքը չընդունելով աճ չենք արձանագրել, հողերի 60 տոկոսը մնացել են անմշակ»:
Հանձնաժողովը նախաձեռնությանը բացասական եզրակացություն տվեց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ