Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրություններն ավարտման փուլում են: Այսօր կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, որը ՊՎԾ պետի բացակայության ժամանակ ներկա է գտնվում կառավարության նիստերին:
Պարոն Քյարամյանն ասաց, որ հետագայում ուսումնասիրություններ կսկսեն ուժային կառույցներից մեկում: Ըստ նրա, ՋՕ-երում ուսումնասիրությունները դեռեւս շարունակվում են. «Ջրային ոլորտի ուսումնասիրությունները բավականին դրական արդյունքներ են տվել, ինչի արդյունքում երկու պետական գործ կա հարուցված: Առաջիկայում շարունակվելու են ջրային ոլորտի ուսումնասիրությունները»:
Հարցին՝ ԱԱԾ-ում ուսումնասիրություններ չե՞ն իրականացվում, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց, որ չեն կարող ասել, թե հետագայում որ ուժային կառույցում կնախաձեռնեն ուսումնասիրություն. «Բայց միանշանակ մեր այդ համապատասխան վարչությունը պետք է աշխատի»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ