Aravot.am-ի հարցին՝ Քաղաքացու օրը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ձեզնից պարզաբանում է պահանջելու՝ հայտարարագրում նշված 32 միլիոնն ու 48 հազար դոլարը որտեղից, վարչապետը փորձե՞լ է պարզել այդ գումարների ծագման աղբյուրը, Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը, որը կառավարության նախորդ նիստին լրագրողների հետ զրույցում հրաժարվել էր պարզաբանել՝ 28 տարեկանում, որտեղից նրան այդքան գումար, ասաց՝ «Իմ եւ վարչապետի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը կամ վարչապետի կողմից ինձնից պարզաբանում պահանջելու հանգամանքը, կարծում եմ, հրապարակման ենթակա չէ»:
Հարցին, թե որտեղի՞ց նրան այդ գումարները, Արգիշտի Քյարամյանը պատասխանեց. «Էն ամեն ինչը, այդ թվում շարժական եւ անշարժ գույքը՝ ես առաջին իսկ պահից հայտարարագրել եմ, հետեւաբար, հստակ կարելի է ֆիքսել, որ դա չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, ինչը, պաշտոնատար անձի համար հաշվետու լինելու հիմնական ցուցանիշն ու չափորոշիչն է»:
Պարոն Քյարամյանը նաեւ պարզաբանեց, որ Դատախազությունում ծառայության է անցել 2016-ի հունիսին, 2017-ին ներկայացրել է հայտարարագիր, որում ներառել է քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը: Ըստ ՊՎԾ պետի պաշտոնակատարի, հետագայում ներկայացված հայտարարագրերում էական փոփոխություն չի եղել:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե կնոջ հայտարարագրում նույնպես միլիոնների գումարներ են նշված, նրա՞ն որտեղից,պարոն Քյարամյանն ի պատասխան ասաց,որ կինն այդ ունեցվածքն ունեցել է ամուսնանալուց առաջ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ