Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել ճիշտ. Դատախազի ուշագրավ կասկածը՝ Գրիգորյանի ախորժակի ու իրեն հակացուցված հանձնուքի մասին

Մայիս 02,2019 15:49

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն էր: Քննարկվեց խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը:

Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին, որ նիստը հետաձգեն այնքան, որ Մանվել Գրիգորյանը դատարանում կարողանա արտահայտվել եւ նրա խոսքը լսելի դառնա: Մեղադրող դատախազն ասաց, որ դա հիմնավոր չէ եւ ժամանակավրեպ. «Պաշտպանական կողմը ներկայացրեց որոշակի բժշկական տվյալներ, այդ թվում նաեւ Ֆրանսիայի բժշկական հիմնարկից ստացված տեղեկություններ, բայց չներկայացվեց, որ այդ նույն տվյալներով իրենք դիմել են ՄԻԵԴ՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու, բայց դատարանը, հաշվի առնելով նախաքննության ձեռնարկած միջոցառումները, որ պոզիտիվ պարտավորությունները կատարված են, դիմումը մերժել է: Մանվել Գրիգորյանը նախաքննության ընթացքում փորձել է խոչընդոտել հնարավոր հանցագործության բացահայտմանը եւ այդ հիմքը հաստատվել է թե՛ խափանման միջոցի հարցը քննարկելիս դատարանների կողմից, թե՛ քրգործով ձեռք բերված ապացույցներով»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարություններին, որ Մանվել Գրիգորյանը բուժում պետք է ստանա Ֆրանսիայում, մեղադրող դատախազն ասաց. «Դա խոսում է այն բանի մասին, որ ժամանակի ընթացքում այդ հանգամանքը անընդհատ օգտագործելը կարող է բերել այս հիմքի առկայությունը, որ բուժման պատրվակով հեռանա ՀՀ-ից եւ խուսափի դրանով քրեական պատասխանատվությունից: Ասում են՝ նա գտնվում է շատ ծանր վիճակում, սակայն շատ առողջ ապրելակերպ վարող մարդու նման նա դուրս եկավ քրեակատարողական հիմնարկից եւ նստեց ավտոմեքենան»:

Դատախազն ընդունում է, որ Մանվել Գրիգորյանը տառապում է մի շարք հիվանդություններով, բայց ըստ նրա, դրանք կալանքի հետ համատեղելի են, այնպիսի հիվանդություններ չեն, որ արգելանքի վայրում չկարողանա գտնվել. «Փորձաքննությամբ հիմնավորվել է, որ այն ուռուցքային հիվանդությունը, որի մասին պաշտպանության կողմը անընդհատ բարձրաձայնվում է, ըստ էության, համարվում է ապաքինված, որովհետեւ ըստ միջազգային չափանիշների, եթե 5 տարվա ընթացքում հակադարձ չի լինում, ուռուցքային հիվանդությունը համարվում է բուժված: Այդ իսկ պատճառով բուժման կուրս անցնելը անհրաժեշտ չէ»:

Դատախազն ասաց, որ ՔԿՀ-ն ունի անհրաժեշտ համապատասխան դեղորայքը, միջոցները՝ Մանվել Գրիգորյանի բուժումը իր հսկողությամբ իրականացնելու համար: Ուշագրավ էր, որ դատախազը հայտարարեց. ««Երեւան կենտրոն» ՔԿՀ կալանավոր Մանվել Գրիգորյանը, որը ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ-ում, նրան բազմիցս առաջարկվել է սնվել ըստ շաքարային դիաբեթ հիվանդության համար նախատեսված սննդակարգի: Քրեակատարողական հիմնարկը իրավասու չէ վերահսկել եւ չթույլատրել նրան սնվել հակացուցված սննդակարգով, ինչպես նաեւ որպես հանձնուք ընդունել միայն այդ հիվանդությանը հակացուցված հանձնուք սննդամթերք: Մանվել Գրիգորյանին հանձնվել է այդ հիվանդությանը հակացուցված սննդամթերք: Սա ասում եմ, որովհետեւ պաշտպանական կողմը անընդհատ շաքարային դիաբեթի հանգամանքը բարձրաձայնում է, սրանով մենք կասկած ենք հայտնում, որ հնարավոր է միջամտել եւ այդ ցուցիչը դիաբեթի փոխել, բայց եթե անձը, ով տառապում է շաքարային դիաբեթով եւ պաշտպանական կողմն ասում է, թե այդ տվյալները երկրաչափական պրոգրեսիայով բարձրանում է, հրաժարվում է սնվել համապատասխան սննդակարգով, որը կօգնի այդ ցուցանիշներն իջեցնելուն»:

Ի պատասխան՝ պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, թե այդ խցում բացի Մանվել Գրիգորյանից, այլ կալանավորներ կան եւ հանձնուքը կիսում են, բաժանում են իրար մեջ: Ինչ վերաբերում է Գրիգորյանի քաղցկեղը բուժված համարելուն՝ նա ասաց, թե կտրված թոքը չի աճում:

Ինչպես արդեն հայտնել ենք, դատավորը հրապարակեց որոշումը, ըստ որի, Մանվել Գրիգորյանի կալանքը հիմնավոր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031