Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Գրիգորյան, գիտեք, որ ինձ ընդհատում են, կռիվ է ստեղծվում». Մխիթար Հայրապետյան

Մայիս 02,2019 15:35

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ապրիլի 16-ը սահմանել Հայ կինոյի օր: ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորը ներկայացրեց հիմնավորումները. օրինակ ՝ 1923-ի ապրիլի 16-ին ստեղծվեց պետկինոն և շարունակեց. «Հաշվի առնելով այն, որ մեր կինոն մեծ ներդրում ունի համաշխարհային կինոարտադրության ոլորտում, ապա այս օրը հատուկ նշելու անհրաժեշտություն կա: Կինոաշխարհի գիտակցության մեջ ապրիլի 16-ն այսպես թե այնպես նշվում է հայ կինոյի օր. կազմակերպվում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ կառավարության դիրքորոշման հետ համաձայն չէ ու հայտնեց. «Դեկտեմբերի 28-ը նշվում է որպես կինոյի օր, իսկ ես առաջարկում եմ Հայ կինոյի օր նշել: Տարբեր երկրներ նշում են իրենց ազգային կինոյի օրերը: Այս առումով կառավարության հիմնավորումը չի դիմանում քննադատությանը»:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այս առումով ներկայացրեց մի շարք հիմնավորումներ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը հայտարարեց՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում ապրիլի 16-ը առանձնացրել ու սահմանել Հայ կինոյի օր. «Մշակույթի ոլորտում մի քանի տարբեր մասնագիտական տոներ կան՝ այդ թվում նաև Պարարվեստի միջազգային օր, Թատրոնի միջազգային օր, որի շրջանակում մենք նշում ենք մեր պարարվեստի գործիչների օրը: Բացի այդ դեկտեմբերի 28-ը հռչակվել է ոչ մի Ֆրանսիայում Լյումիեր եղբայրների կողմից, այլև այդ օրը համարվում է իրոք շրջադարձային մշակույթի, արվեստի պատմության մեջ: Եվ աշխարհի բոլոր մշակույթներում, երբ փորձել են կինո հիմնադրել, կինոն հիմնադրվել է հենց այս օրվանից: ՀՀ-ում կինոյի ստեղծումը նույնպես արմատներով խորապես կապված է դեկտեմբերի 28-ի հետ: Հիմնավորման հետ կապված, թե ապրիլի 16-ը ոչ թե հայ առաջին ֆիլմի ծննդյան օրն է, կամ ֆիլմի էկրան բարձրանալու օրն է, այլ պետկինոյի հիմնադրման օրը, ես կնախընտրեի ընտրել այն օրը, երբ «Նամուսը» էկրան է բարձրացել: Բացի այդ՝ ձեր հիմնավորումներում նշեցիք, որ մինչև 1923 թվականը հայկական կինոյի փորձերը հաջողության չեն մատնվել, բայց միևնույն ժամանակ հիմնավորում եք, որ ազգային կինոյի օր լինի, քանի որ արդեն կար «հայ կինո» արտահայտություն: Այս հայտարարությունները հակասում են միմյանց: Բացի այդ ապրիլի 16-ը ՀՀ-ում նշվում է Ոստիկանության օր: Նույն օրը երկու տոն նշել չենք կարող: Նաև անհրաժեշտություն չենք տեսնում հատուկ Մշակույթի օր նշել»:

Հարցին՝ արդյոք չկա՞ վտանգ, որ վաղը գան, երիտասարդներն ասեն, որ իրենց օրը նշվի, կնշվի Հայ երիտասարդի օր, Հայ թատերագետի օր ու այսպես շարունակ, և սա կլինի շղթա, որը կանգնեցնել հնարավոր չի լինի,  Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ հայ թատերագետի օրն այդ նույն արժեքն ունի, ինչ Հայ կինոյի օրը: Դրանք նույնական չեմ համարում»:

Տիկին Ղարիբյանից ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց՝ անձամբ կո՞ղմ է, որ նշվի Կինոյի օրը, նա պատասխանեց. «Ոչ…մենք խեղդված ենք հոբելյանների, տոների, հիշատակների մեջ: Չկա մի օր, որ ինչ-որ հոբելյան չստանանք: Հոբելյաններն ու տոները նշելը որևէ կերպ չի կարող նպաստել որևէ ճյուղի և մշակույթի զարգացմանը: Հոբելյանները ստանդարտ ձևերով են նշվում, գումարներ ծախսվում, և ոչինչ դրանից չի ավելանում»:

ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը վստահեցրեց՝ շատ հարցերի դեպքում իրենց խմբակցությունն իսկապես թողնում է քվեարկությունը պատգամավորների հայեցողությանը. «Հույս ունենք, որ մեր հանձնաժողովի այս մթնոլորտը վարակիչ կլինի մյուս բոլոր հանձնաժողովների համար: Ի հեճուկս կառավարության ներկայացրած բացասական եզրակացության, մեր հանձնաժողովն իր քվեարկությամբ տվեց դրական եզրակացություն, որ հարցը քննարկվի արդեն լիագումար նիստի ժամանակ: Այնտեղ պատգամավորներն իրենց խոսքը կասեն»:

Այնուհետև ակնարկի կարգով Մխիթար Հայրապետյանը հստակեցրեց, եթե ճիշտ հասկացա, ոչ թե արվեստագետների մասին էր խոսքը, այլ նախատեսվում է ունենալ հայ թատրոնի օր, ոչ թե թատերագետների: Այնուհետև կարծիք հայտնեց՝ այդ նախադեպը ստեղծում են, ուստի հետագայում միշտ պիտի դրական եզրակացություն տան մյուս բոլոր օրերի համար: Վարդևան Գրիգորյանը փորձեց ընդհատել և կարծիք հայտնել, Մխիթար Հայրապետյանն արձագանքեց. «Պարոն Գրիգորյան, գիտեք, որ ինձ ընդհատում են, կռիվ է ստեղծվում: Այսինքն՝ ասածս այն է, որ եթե կողմ ենք քվեարկում Կինոյի օր ունենալուն, ապա այսուհետ խորհրդարանը պիտի դրական եզրակացության տա հայ թատրոնի, հայ պարի օրերին»:

Հանձնաժողովի նիստում քննարկեցին նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թատերագետ Տիգրան says:

    Ոնց որ թե Թատերագետ բառն ակտուալ է ՔՊ-ում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031