Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունում ո՛չ Արամ Հարությունյանից, ո՛չ էլ Միքայել Հարությունյանից տեղեկություններ չունեն. Արթուր Դավթյան

Մայիս 02,2019 15:17

ՀՀ գլխավոր դատախազությունում պաշտոնական տեղեկություն չկա բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի` հանրապետությունից բացակայելու մասին: Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Հարությունյանը: Գլխավոր դատախազն ասաց, որ Արամ Հարությունյանի գտնվելու վայրի մասին առհասարակ տեղեկություններ չկան:

Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ փողերի լվացման մեջ: Դեռեւս 2018թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պաշտոնյայի հետ կապված կոռուպցիոն սկանդալը կաշառքի ամենախոշոր դեպքն է նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ, եւ այն իր հետեւից դեռ շատ պաշտոնյաների է տանելու: Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը: Արամ Հարությունյանը 2007 թվականից եղել է բնապահպանության նախարար: Նա մեղադրվում է հանքերի շահագործման լիցենզիայի տրամադրման դիմաց գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափի` 14 միլիոն դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Արամ Հարությունյանն այժմ հետախուզման մեջ է: Այս գործի վարույթը տարիներ առաջ կասեցվել էր եւ վերաբացվել 2018թ.-ին՝ նոր երեւան եկած հանգամանքի հիմքով:

Հարցին`տեղեկություններ կան, որ Արամ Հարությունյանը դիվանագիտական համարներով է լքել երկրի տարածքը, Արթուր Դավթյանը պատասխանեց` նման տեղեկություն չունեն։ Արամ Հարությունյանի պաշտպանն, ի դեպ, պնդում է, որ իր պաշտպանյալը ՀՀ-ում է:

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի վերաբերյալ էլ դատախազությունում տեղեկություններ չունեն: «Պաշտոնապես կա տեղեկություն, որ նա լքել է ներպետական սահմանը»,- ասաց Արթուր Դավթյանը: Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի գործով: Ինչպես հետագայում պարզվեց, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ՌԴ քաղաքացի է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031