Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը չի բացառում, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ապաստան կստանա

Մայիս 02,2019 14:42

«Միհրան Պողոսյանի արտահանձնման գործընթացը բնական էքստրադիցիոն գործընթացի մեջ է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հիշեցնենք, ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն օրերս կալանավորվել էր Կարելիայի հանրապետությունում: Նա ՌԴ-ից քաղաքական ապաստան էր խնդրել:

«Արտահանձնման գործընթացի իրակացման ընթացում ենթակա անձը կարող է կոնկրետ երկրում դիմել ապաստան ստանալու խնդրով։ Միջազգային իրավական կարգավորումների համաձայն, գործընթացը գաղտնի է. պետությանը, որին դիմում են, պարտավոր է չհրապարակել: Մենք էլ ենք ունենում բազում գործեր, երբ հետախուզվողին հայտնաբերում ենք, էքստրադիցիոն գործընթացում դիմում են ապաստանի համար: Մենք պարտավոր ենք պահպանել միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված ընթացակարգերը որը ենթադրում է դրա համար պատկան մարմինների քննարկում, որոշման կայացում: Սա էլ ենթակա է վիճարկման` դատական եռաստիճան կարգով: Մինչեւ չավարտի անձը այդ գործընթացները, մենք չենք կարող հանձնել»։

Լրագրողներից մեկի հարցին`Հայաստանի համար ամոթ չէ, որ իր նախկին բարձրաստիճան պաշտոնյան, այլ երկրից քաղաքական ապաստան է հայցում: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դա անձի իրավունքն է եւ ինքն այն կարծիքին չէ, որ ամոթալի է: «Յուրաքանչյուր սուվերեն պետություն ինքն է որոշում հարցի լուծումը»,- հավելեց նա։

Գլխավոր դատախազը համաձայն չէ լրագրողների դիտարկումների հետ, որ իրավապահ մարմինները հաճախ դանդաղում են հանրային հնչեղություն ունեցող անձանց գործերով: Հարցը մասնավորաբար, Միհրան Պողոսյանի մասով էր, երբ նրա գտնվելու վայրը վաղուց հայտնի էր: «Կոնկրետ ձեռք բերված գործերից ոչ մեկով իրավական համակարգի դանդաղում չի եղել: Որ պահին եղել են անհրաժեշտ հիմքեր` հետապնդում իրականացնելու, հենց այդ պահին դա իրականացվել է»,- պնդեց Արթուր Դավթյանը: Նա չբացառեց, որ հավանական է՝ ՌԴ-ն ապաստան կտա Միհրան Պողոսյանին, եւ արտահանձնումը կչեղարկվի: Արթուր Դավթյանն ասաց, որ քրեական հետպնդումից ազատվելու փորձեր անում են գրեթե բոլոր հետախուզվողները, բայց, իր գործունեության ընթացում չի եղել դեպք, որ այդ ճանապարհով որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից։

Ինչ վերաբերվում է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի գործին, որը, ըստ լուրերի, Չեխիայի Հանրապետությունում է քաղաքական ապաստան հայցել, գլխավոր դատախազն ասաց` նույն գործընթացն է։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031