Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը նոր՝ ուղեղի քրոնիկ իշեմիկ հիվանդություն է ստացել. Մանվել Գրիգորյանի դատը

Մայիս 02,2019 14:20

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով նախնական դատական նիստն է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում: Քննարկվում է խափանման միջոց կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցը: Պաշտպանական կողմը՝ Լեւոն Բաղդասարյանը հորդորեց հետաձգել դատական նիստը, քանի որ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ֆիզիկապես ներկա լինել դատական նիստին. «Միջնորդում եմ հետաձգել նիստը, քանի որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է հայտնել իր դիրքորոշումը, բայց չի կարողացել ներկա լինել»:

Սակայն մեղադրող դատախազներն առարկեցին՝ ասելով, որ լսված լինելու իրավունքն ընձեռվել է, Մանվել Գրիգորյանը չի եկել: Սա, ըստ նրանց, մարտավարական հնարք է: Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը:

Պաշտպան Կարեն Քամալյանը հրապարակեց նոր միջնորդություն, որով առաջարկում էին դատաքննությունը դռնփակ իրականացնել ամբողջությամբ: Նրա խոսքով՝ ռազմական գաղտնիքներ կան քրեական գործի նյութերում, ապրիլյան պատերազմում մարտի դաշտ ուղարկված ազատամարտիկ զինվորների քանակի վերաբերյալ տվյալներ կան. «Հնարավոր չի չանդրադառնա այդ օրերին օգտագործված սննդամթերքի, վառելիքի մասին տվյալներին, որոնք իրենց մեջ ռազմական գաղտնիք են պարունակում եւ դրանց հրապարակումը խոչընդոտ կհանդիսանա եւ վտանգի տակ կդնի ՀՀ-ն հետագա պատերազմական գործողությունների ժամանակ»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ասաց, որ այսօր քրգործով ապացույցների հետազոտմանը չեն հասնում, ընդամենը կալանավորման հիմնավոր լինել-չլինելու հարցն են քննարկում, ուստի նա մերժեց այդ միջնորդությունը՝ ասելով, որ ապացույցների հետազոտման ժամանակ կանդրադառնա դրան:

Հետո Լեւոն Բաղդասարյանը ներկայացրեց, թե ինչու է իրենց կարծիքով անհիմն Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը: Նրա խոսքով՝ այն հիմնավորումը, թե նա կխոչընդոտի գործի քննությանը, վերացական դատողություն է: Նա ՄԻԵԴ նախադեպային որոշումներ մեջբերեց եւ ասաց. «Մանվել Գրիգորյանը 2018-ի դեկտեմբերից մինչեւ 2019-ի հունվար ազատության մեջ է գտնվել եւ ազատության մեջ լինելով՝ չի խոչընդոտել գործի քննությանը»: Նա հրապարակեց «Նաիրի» ԲԿ բժիշկների եզրակացությունը, թե ինչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը, առկա է խիստ անհանգստություն շաքարային դիաբետիկ լինելու հետ կապված: Լեւոն Բաղդասարյանը թվարկեց հիվանդությունները՝ տախիկարդիա եւ այլն. «2019-ի մարտի 3-ից «Նաիրի» ԲԿ-ում կատարված ախտորոշմանը ավելացել են եւս հետեւյալ հիվանդությունները՝ ուղեղի քրոնիկ իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոզ…ցանկը բավականին երկար է»:

Նա ասաց, որ ստացիոնար բուժում ստանալու ժամանակ Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմությունն ուղարկվել է Փարիզի այն բժշկին, որը շուրջ 20 տարի վերահսկում է Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետի վիճակը ու անհանգստացել է, որ նման պայմաններում անձին պահել կալանքի տակ դասական խոշտանգման օրինակ է:

Մեղադրող դատախազը հակադարձեց՝ ասելով, որ քրեակատարողական հիմնարկից դուրս գալիս Մանվել Գրիգորյանը առույգ տեսք ուներ. «Մանվել Գրիգորյանը իր առողջական վիճակում կարող է պահվել ՔԿՀ-ում»: Ըստ մեղադրող դատախազների, Մանվել Գրիգորյանը, օգտագործելով իր սոցիալական դիրքը, պաշտոնը, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա: Այդ վկաները դեռ հարցաքննվելու են դատարանում, ուստի գտնում են, որ նա պետք է պահվի կալանքի տակ՝ վկաների վրա ապօրինի ազդեցությունը չեղարկելու նպատակով նաեւ: Դատախազն ասաց, որ Մանվել Գրիգորյանին առաջարկվել է տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, նա հրաժարվել է:

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանը արձագանքեց, որ դրա անունն է հիվանդանոց, բայց այն վերազինվել է նախորդ դարի 70-ականներին: Պաշտպանի այլ դիտարկումները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031