Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ից ապօրինի արտահոսք է լինում. խոշոր ներկրողն իր հեռախոսին ստանում է մրցակցի հաշիվ-ապրանքագիրը

Մայիս 02,2019 13:53

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացվեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը: Նախագծով առաջարկվում է հարկային գաղտնիքից օգտվելու մասին կարգավորումները հստակեցնել, այսինքն՝ կառավարությանը տալ լիազորություններ՝ հարկային գաղտնիք պարունակող տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով այլ պետական մարմնին տրամադրելու վերաբերյալ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը ՊԵԿ փոխնախագահին հարց ուղղեց, որն այս նախագծին չի վերաբերում, բայց առնչվում է հարկային գաղտնիքին, եւ ինչպես պատգամավորն ասաց՝ լրջագույն խնդիր է:

«Իրականում ոչ ոք չի հերքի, որ խոշոր գործարարները, հատկապես ներկրողներն ու մատակարարները առցանց ռեժիմով հետեւում են իրենց մրցակիցների գործողություններին՝ իր մրցակիցը որեւէ խանութին, որեւէ գնով ինչ-որ ապրանք մատակարարեց՝ 3 րոպե հետո հաշիվ-ապրանքագիրն իր հեռախոսի վրա ուղարկված է: Ո՞նց է պետք է դա կանխել: Սա լրջագույն խնդիր է»,- հետաքրքրվեց Գեւորգյանը:

ՊԵԿ փոխնախագահն արձագանքելով հարցին ասաց՝ «Նման բան որեւէ մեկն իրավունք չունի տրամադրել, եթե տրամադրել է՝ դա օրենքի խախտում է եւ պետք է պատասխանատվություն կրի»: Մանուկյանը վստահեցրեց. «Մեր համակարգի միջոցով մեկը մյուսին հետեւեն՝ ես բացառում եմ: Չկա նման բան: Խոսքը կարող է գնալ տեղեկատվության ապօրինի արտահոսքի մասին եւ պետք է կոնկրետ դեպքը նայել ու պատասխանատվության ենթարկել»:

«Խոսքը հենց արտահոսքի մասին է, ՊԵԿ որոշ ծառայողներ, որոշ շահագրգռվածությունից ելնելով՝ մեկը՝ մեկի մոտ է աշխատում, ձեռքի տակ է ամբողջ բազան, հետեւում են՝ ինչ ու որքանով վաճառեց: Վստահեցնում եմ, որ այդ պրոցեսը կա: Սա լրջագույն խնդիր է, մանավանդ մի քիչ փոքր ընկերությունների համար, որոնք մտնում են շուկա, ավելի խոշորները կարողանում են կանխել մուտքը: Խնդրում եմ սա քննարկման առարկա դարձնել»,-ասաց պատգամավորը:

Մանուկյանը վստահեցրեց, որ խնդիրը կքննարկեն եւ ՊԵԿ ուշադրության կենտրոնում կպահեն. «Մեր համակարգը թույլ է տալիս ցանկացած ժամանակ պարզելու, թե՝ ո՞ր ծառայողն է մուտք գործել համակարգ, որ ընկերության տվյալներն է նայել: Ինքն ի պաշտոնե իրավունք ունի տվյալները նայել»:

Հարկային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ, եւ որոշվեց որոշ տեխնիկական հարցերը շտկել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031