Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հովակիմյանը դժգոհ է Արթուր Դավթյանից. դատախազությունում ոչ անձերն են փոխվում, ոչ գործելաոճը

Մայիս 02,2019 13:16

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին չի բավարարում ՀՀ գլխավոր դատախազի ԱԺ-ին ներկայացրած հաղորդումը`2018-ին դատախազության գործունեության վերաբերյալ: Գլխավոր դատախազը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին էր ներկայացնում հաշվետվությունը: Իր ելույթում Վահագն Հովակիմյանը հայտարարեց` հույս ուներ, որ այս հաղորդումը կտարբերվի նախորդ տարիների հաշվետվություններից, քանի որ քաղաքական համակարգն այլ է եւ հաշվետվությունից պետք է երեւար, որ իրավապահ համակարգը նոր իրողությունների պայմաններում է գործում: «Ես այդ ամենը չտեսա: Դատախազությունը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին որ եղել է: Ոչ միայն անձերը չեն փոխվում, այլ նաեւ անձերի գործելաոճը չի փոխվում»,-հայտարարեց իշխող ուժի պատգամավորը:

Ավելի վաղ,պատգամավորը հարց էր ուղղել դատախազին, եթե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գործադիր իշխանության քաղաքական կամքը կա, հասարակությունն էլ ակտիվ է, ինչո՞ւ կոռուպցիոն հանցագործություններով դատարան ուղարկված կամ կայացված վճիռների թիվը շատ չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ հաշվետվության, քննված ընդհանուր 2072 քրեական գործերից ավարտվել է 749-ի վարույթը, 151-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 598-ի վարույթը կարճվել է, որոնցից 472-ը արդարացնող, 126-ը ոչ արդարացնող հիմքով: 2018-ի ընթացքում ՀՀ նախաքննության մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, ինչն ավելի քան 60%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից: Չնայած քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է, որպես խափանման միջոց կալանքը 2017թ. համեմատ, կիրառվել է 33.3%-ով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: 53 կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է: 2017-ին արձանագրվել է նման 32 դեպք:

Դատախազը պատասխանել էր, որ 15 անգամ ավելի շատ պետությանը պատճառված վնաս է հատուցվել: Շատ գործեր դատավարական ընթացքի մեջ են, թղթարարությունն է շատ: Պատգամավորին չբավարարեց այս պատասխանը: Նա տպավորություն ունի, որ դատախազությունում հետեւողականորեն հանրության նախաձեռնողականությունը ուզում են նվազեցնել: Դատախազը հակադարձեց` չի կարծում, թե հանրության հստակ պահանջը անձին դատական պատասխանատվության ենթարկելն է, նույնիսկ կալանավորված տեսնելը: Հիշեցնում է`ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատճառված վնասի հատուցումը բավարար է համարվում:

Իշխող ուժի պատգամավորի «հարձակումներից» գլխավոր դատախազին պաշտպանեց ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա չի կիսում Վահագն Հովակիմյանի տեսակետը, թե ամեն ինչ նույնն է մնացել դատախազությունում եւ չի կարծում, որ կարելի է մի նախադասությամբ զրոյացնել մի ամբողջ համակարգի աշխատանք: «Մեր աշխատանքային ժամը ավարտվում է ժամը վեցին, ոմանք ավելի շուտ են փախուստի դիմում: Դատախազները 9-21-ն աշխատում են և բացարձակ համահունչ չէ իրենց կատարած աշխատանքի դիմաց իրենց վարձատրությունը: Մի նախադասությամբ ցեխ շպրտել մի ամբողջ համակարգի վրա եւ ասել` ամեն ինչ նույնն է, այդպես չի»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը` հավելելով, որ որեւէ մեկին սրբացնելու ցանկություն չունի, բայց իրատես պետք է լինենք:

Վահագն Հովակիմյանը Գեւորգ Պետրոսյանի խոսքի ընթացքում ցանկանում էր միջամտել: Վերջինս սաստեց`գործընկերոջը հորդորելով միմյանց եւ դատախազի այլակարծությանը եւ հարգանքով վերաբերվել: «Ի՞նչ անձանց փոփոխություն եք ուզում կամ ո՞ւմ եք ուզում այնտեղ տեսնել կամ չտեսնել»,- հարցն ուղիղ ձեւակերպեց Գեւորգ Պետրոսյանը:

Միջամտեց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` ասելով, որ այդ քննարկումը արդեն լիագումար նիստի համար է: Նա շնորհակալություն հայտնեց գլխավոր դատախազին` համապարփակ եւ ամբողջական ներկայացման համար:

Ավելի վաղ, Գեւորգ Պետրոսյանը հայտարարել էր, որ հրապարակային վիրավորանքը քրեականացնելու նախաձեռնությամբ է հանդես գալու: Դա պայմանավորված է սոցցանցերում պատգամավորներին, քաղաքական գործիչներին`իրենց հայտնած քաղաքական տեսակետի համար, վիրավորանքներից պաշտպանելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031