Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման ժամանակահատվածում միությունը կուտակել է մոտ 31 միլիոն դրամի պետական պարտք. «Ժողովուրդ»

Մայիս 02,2019 13:06

Հայաստանի նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի կառավարման ժամանակահատվածում միությունը կուտակել է մոտ 31 միլիոն դրամի պետական պարտք, որից 13 միլիոնը գոյացել է գույքահարկը չվճարելու, իսկ մոտ 18 միլիոնը՝ 2015–2017թթ. գոյացած ԱԱՀ–ն չվճարելու պատճառով՝ ներառյալ տույժերը եւ տուգանքները։

Միության ներկայիս նախագահ Սուրեն Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ երբ 2015-2017թթ. հասարակական կազմակերպությունները նույնպես հանդիսացել են ԱԱՀ վճարող, միությունը սկսել է այս հարկերը կուտակել։ Նրա խոսքով՝ նախկին տնօրինությունը պնդում է, որ ԱԱՀ-ի վերաբերյալ պարտավորությունների մասին չի ծանուցվել իրենց։ Ինչ վերաբերում է գույքահարկին, Սուրեն Սաֆարյանի փոխանցմամբ, այն մի քանի տարի շարունակ չի վճարվել այն պատճառաբանությամբ, թե ամեն տարի Երեւանի քաղաքապետարանը ներել է պարտքը։ Միության ներկայիս նախագահը չի հասկանում՝ այդ դեպքում նախկին ղեկավարությունը վերջին տարիներին ինչու չի դիմել քաղաքապետարան։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նկարիչների միության նախկին նախագահ Կարեն Աղամյանի հետ։

–Պարոն Աղամյան, Սուրեն Սաֆարյանը հարկերի կուտակումը համարեց թերացում, շատ անփույթ աշխատելաոճ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում գործին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա ասածը։

֊Կարելի է ասել՝ դա մեր հաշվապահի թերացումն էր, թեպետ նա էլ պարտավոր չէր իմանալ, որ մեր երկրում արտոնություններ էին տրամադրված, օրինակ, խաղատներին, բայց ոչ մշակութային կառույցներին։ Ի դեպ, երբ օրենքը փոխվել էր 2017թ.–ին՝ ի նպաստ մեզ, մենք դրա մասին եւս չենք իմացել։

–Ձեր նախագահության օրոք Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի ներե՞լ է գույքահարկը։ Այդ դեպքում ինչո՛ւ այդքան պարտք կուտակվեց։

–Ոչ միայն մեզ, այլեւ ստեղծագործական մյուս միություններին, այո, ներել է գույքահարկը, որովհետեւ այդ միությունները պետությունից ֆինանսական որեւէ աջակցություն չեն ստանում, գոյատեւում են իրենց տարածքները վարձակալությամբ տալու միջոցով։ Հիմա գույքահարկը կուտակվել է, որովհետեւ քաղաքապետարանն այս անգամ, ինչպես պարզվում է, եւ նախորդ տարի չի զիջել։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031