Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջիկ սրճարաններին Երեւանի քաղաքապետարանը հոսանքազրկել է. տնօրենները կառավարությունից պահանջում են, հարցը լուծել եւ իրենց բիզնեսը չխափանել

Մայիս 02,2019 12:51

Այսօր Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները հոսանքազրկել են շրջիկ առեւտրի կետերը, որոնք սուրճ, թեյ ու հյութեր են վաճառում: Կառավարության շենքի առաջ, այս առիթով, շրջիկ սրճարանների մի քանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ցույց են անում, սակայն, կառավարությունից դեռեւս արձագանք չկա: Նրանք դժգոհում են հոսանքազրկման դեմ եւ պահանջում էլեկտրաէներգիան վերականգնել, որպեսզի գործունեությունը շարունակեն: Ըստ շրջիկ սրճարանատերերի, իրենք այս պահին ֆինանսական վնասներ են կրում եւ ոլորտի 130 մարդ գործազուրկ կանգնած է:

Aravot.am-ի հետ զրույցում շարժական սրճարաններից մեկի տնօրեն Դավիթ Գեւորգյանն ասաց, որ քաղաքապետարանը կետերը հոսանքազրկելով, պատճառաբանում է, որ այս հարցում կա օրենսդրական բաց եւ որ շարժական սրճարանների տերերն օգտվում են օրենքի բացից: Ի պատասխան, փոքր բիզնեսով զբաղվող գործարարները նշել են, որ իրենք չեն զբաղվում օրենքով եւ որ այն կարգավորվելը պետության պարտքն է: Քաղաքապետարանից նաեւ հայտնել են, որ կարգավորումներով նախագիծը պետք է քննարկվի: Սակայն, գործարարների խոսքով, իրենց խնդիրը չէ օրենսդրական բացը եւ քաղաքապետարանը, կառավարությունը պետք է ապահովեն ժամանակավոր լուծումներ, մինչեւ որ օրենքի թերությունները վերացնեն:

Դավիթ Գեւորգյանի խոսքով, իրենք գրանցել են աշխատակիցներ, նրանց համար հարկեր են վճարում ՊԵԿ-ին: Ըստ շրջիկ կետի սրճարանի տնօրենի՝ մինչ բիզնեսը սկսելը դիմել են Երեւանի քաղաքապետարան, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ՊԵԿ եւ, ըստ սրճարանատերերի, այդ գերատեսչությունների կողմից որեւէ հորդոր չի եղել, որ այդ գործունեությամբ չզբաղվեն:

Բողոքի ցույցի մասնակիցների խոսքով, նախագիծն էլ բազմաթիվ թերություններ ունի, օրինակ՝ կետ կա, որ պետք է աճուրդով տրամադրվեն այդ կետերը, եւ, եթե այս կետն իրագործվի, ապա, շրջիկ սրճարանատերերի տնօրենները մտավախություն ունեն, որ ոլորտը կգնա մենաշնորհի, այսինքն՝ մեկ անձ կհաղթի աճուրդը եւ մնացածը, պարզապես, դուրս կմղվեն դաշտից:

Նախագծի մեկ այլ թերություն են համարում, որ քաղաքապետարանը պահանջում է, որպեսզի այդ սրճարաններն անպայման շրջեն եւ ինչ-որ տեղ կանգնած չմնան: Բայց այս դեպքում էլ, մեր զրուցակիցները դժգոհություն են հայտնում, որ հաճախորդներ կկորցնեն, որոնք արդեն սովոր են իրենցից սուրճը գնել եւ գիտեն, որ ամեն օր այսինչ ժամից իրենց կարող են գտնել այդ տեղում: Նրանց խոսքով, իրենց ծառայություններից օգտվում են այն քաղաքացիները, որոնք ժամանակ չունեն նստեն՝ սրճարանում սուրճ կամ թեյ խմեն:

Նրանց խոսքով՝ 47 շրջիկ կետ արդեն հոսանքազրկված է, 15 կետ էլ դեռեւս չի հոսանքազրկվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031