Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազության`2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Դատախազը հայտարարել էր, որ 2018-ին հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվի աճ: Մասնավորապես, 2018-ին, կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության դեպքերն աճել են 298-ով: Նա արձանագրում է, որ վերջին 10 տարիներին նկատվել է այս հանցագործությունների շարունակական աճ՝ 2007-ին` արձանագրվել է 7 դեպք, 2018-ին` 461 դեպք: 90-ով կամ 60.0%-ով աճել են նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքերը: Եթե 2018-ին արձանագրվել է նման 240 դեպք, ապա 2017-ին ընդամենը 150-նն էր: 2007 թվականին արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու ընդամենը 26 դեպք: 211-ով կամ 405.8%-ով աճել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացումների դեպքերը. 2018-ին արձանագրվել է նման 263 դեպք, նախորդ տարվա 52 դեպքի դիմաց: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասով, դատախազության վերլուծությամբ, աճի դինամիկան վկայում է ոչ թե այդ հանցանքների ծավալների ընդլայնման, այլ դրանց դեմ տարվող, հատկապես, քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացման մասին:
Գլխավոր դատախազը առանձնահատուկ է արձանագրում, կոռուպցիոն հանցագործությունների հաղորդումների դեպքում հանրային ավելի մեծ ուշադրությունը: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման պարագայում երեք անգամ աճել է քաղաքացիների ահազանգերը:
Արթուր Դավթյանը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում ԱԺ կներկայացվի նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը:
Անդրադառնալով այս նախագծի վերաբերյալ հնչող քննադատություններին, թե անցումային արդարադատության այդ մասնիկը կարող է տարատեսակ սուբյեկտիվ կիրառություններ ստանալ, դատախազը հայտարարեց` նախագծով սահմանվում է` հետապնդում կիրականացվի ոչ թե անձի, այլ ապօրինի ծագում ունեցող գույքի նկատմամբ: Թիրախում կլինեն պետական պաշտոնյաները եւ փողերի լվացման մեջ մեղադրվող անձինք:
Կարդացեք նաև
2018-ին, դատախազի ներկայացմամբ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017-ի ցուցանիշը: 1469-ով, 2017-ից 3.6 անգամ ավելի, հարուցվել են քրեական գործեր, վարույթ է ընդունվել 337 քրեական գործ, որոնցից 101-ը նախկինում կարճված կամ կասեցված եւ վարույթը վերսկսված քրեական գործեր: Հարուցված քրեական գործերի համար 988-ի դեպքում, առիթ են հանդիսացել ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները. 2017-ին այդ ցուցանիշը 272 է եղել: Քննված ընդհանուրը 2072 քրեական գործերից, ավարտվել է 749-ի վարույթը, 151-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 598-ի վարույթը կարճվել է, որոնցից 472-ը արդարացնող, 126-ը ոչ արդարացնող հիմքով: 2018-ի ընթացքում ՀՀ նախաքննության մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, ինչն ավելի քան 60%-ով ավելի է 2017-ի ցուցանիշից: Չնայած քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է, որպես խափանման միջոց կալանք, 2017թ. համեմատ, կիրառվել է 33.3%-ով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: 53 կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է: 2017-ին արձանագրվել է նման 32 դեպք:
Գլխավոր դատախազը հայտարարեց, որ 27 միլիարդ դրամ պետությանը պատճառված վնասի հատուցում ունենք:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ