Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդում կառավարության անդամների հետ հանդիպումների գործող ձևաչափը արդյունավետ չէ, նոր ձևաչափ պետք է գտնել. Անահիտ Բախշյան

Մայիս 02,2019 11:18

Ապրիլի 30-ին Հանրային խորհուրդը հանդիպեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Հիշեցնեմ, որ Հանրային խորհուրդը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածին համապատասխան, Կառավարության խորհրդակցական մարմին է: Հանրային խորհրդի առջև դրված 6 խնդիրներից հիշեցնեմ առնվազն մեկը․ «Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը”։ Այսինքն ՀՀ Սահմանադրությունն ասում է ՀՀ կառավարությանը՝ խորհրդակցի՛ր Հանրային խորհրդի հետ։

Միանգամից ասեմ, որ այս հանդիպման 2 ժամը երկուստեք  անարդյունավետ ծախսեցինք։ Հանրային խորհուրդը, ի դեմս Վազգեն Մանուկյանի, պետք է նման հանդիպումների և քննարկումների համար ավելի արդյունավետ նոր ֆորմատ գտնի։ Պետական պաշտոնյաների հետ այսպիսի մարդաշատ հանդիպումներն անարդյունավետ են, սրանք միայն մի նպատակ են հետապնդում, ասելու համար, որ Հանրային խորհուրդը կա՛, է՜, հետո՞ ինչ, եթե կոնկրետ հարցի վերաբերյալ քննարկում չկա, բանավեճ չկա, արդյունքում՝ չկա կոնսենսուսով ընդունված տարբերակ։ Ինչո՞ւ են նման հանդիպումների ժամանակ բարձրացվող հարցերի քննարկումներն անարդյունավետ, որովհետև հավաքվում են մոտավորապես 40 հոգի, որոնցից յուրաքանչյուրն էլ հարց ունի,սակայն այդ հնարավորությունը ստանում են լավագույն դեպքում մոտ 10 հոգի, շա՜տ-շատ հարցեր են հնչեցվում, ժամանակն էլ սահմանափակ է, հետևաբար պատասխանները տրվում են շատ լակոնիկ, երբեմն՝ ոչ ըստ էության ու չես կարող պարզաբանող հարցի միջոցով պարզել, թե այդ ոչ ըստ էության պատասխանը ժամանակի սղության պատճառո՞վ էր, թե՞՝ հարցի լուծումը դեռևս չի գտնվել։ Ես ստացա հարց տալու հնարավորություն և բարձրացրեցի հետևյալ հարցերը նախապես նշելով, որ նախորդ օրը ծայրից ծայր լսել եմ նախարարի ֆեյսբուքյան ասուլիսը, որը նշանակում էր, որ կրկնվելու կարիք չկա․

  1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջով «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենքի բացակայության խնդիրը։ Ինչպես նաև այնտեղ ամրագրել վերոնշյալ Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը՝ պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից։ Պատասխանը բառացի մեջբերել չեմ կարող, բայց հետևյալն էր, աշխատում են այդ փաստաթղթի վրա, սակայն ոչ մի ժամկետ չասվեց։ Ֆինանսների բարձրացման ուղղությամբ ասվեց, որ այդ ուղղությամբ արդեն աշխատում են բյուջեի և միջնաժամկետ ծրագրերի վրա, ինչպես նաև աշխատում են մանկավարժի շաբաթական ծանրաբեռնվածությունն իջեցնելու ուղղությամբ։
  2. Կրթության համակարգի խոստացվող բարեփոխումների վրա ծախսվելիք դրամաշնորհային և վարկային միջոցների արդյունավետության երաշխիքների մասին փաստաթղթավորված հիմնավորում։ Նախարարը կրկնեց ֆբ ասուլիսի ժամանակ ասածն ու հատկապես վարկային միջոցների արդյունավետության փաստաթղթային երաշխիքների մասին ոչինչ չասաց։
  3. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման խնդիրն ու դրան հաջորդող նորաստեղծ, պայմանական «Ուղեղների կենտրոն» անվանմամբ, Հիմնադրամի գործունեության կանոնադրական նպատակների վերաբերյալ հարցիս ի պատասխան ոչինչ նոր բան չասվեց։

Քանի որ ԿԳ նախարարն իր բացման խոսքում հիշատակել էր դպրոցներում առկա քրեական գործերի առատության մասին, ես նաև շատ կոնկրետ հարցրեցի, թե ինչո՞ւ է Երևանի թ․42 ավագ դպրոցի տնօրենը շարունակում պաշտոնավարել։ Պատասխանեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածն անցյալ տարի փոփոխության է ենթարկվել, այդ պատճառով այն չեն կարող կիրառել։ Բացեցի 152-րդ հոդվածը, որտեղ վերջին փոփոխությունը սա է․ (152-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն), այսինքն անցյալ տարի այս հոդվածը փոփոխության չի ենթարկվել։

Եղան բազմաթիվ այլ հարցեր ու պատասխաններ, որոնք ոչ մի կողմին ոչնչով պարտավորեցնող չեն, հետևաբար հարց եմ բարձրացնում, երկուստեք ի՞նչ տվեց այս հանդիպումը, ի՞նչ շահեց հանրությունն այս հանդիպումից, իմ կարծիքով՝ ոչինչ։ Պետք է գտնել նոր ձևաչափ, որի ժամանակ քննարկման դրվեն ոլորտային կոնկրետ խնդիրներ՝ կառավարության հրավիրված անդամների և Հանրային խորհրդի տվյալ ոլորտի փոքրաթիվ անդամների հետ և համատեղ լուծում գտնեն, որի մասին կտեղեկանա հանրությունը։ Ավելի օգտակար կլինեն հատկապես տվյալ պահին հանրային քննարկման դրված օրենքների և իրավական այլ փաստաթղթերի վերաբերյալ քննարկումները, օրինակ՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վիճահարույց նախագիծը կարելի էր քննարկել, իհարկե փոքր կազմով։ Այնինչ, ապրիլի 30-ի հանդիպման մասին լրատվությունն այնքան անհետաքրքիր էր, հագեցած ստանդարտ նախադասություններով, բայց խոստումնալի վերնագրով, օրինակ՝ «Հանրային խորհուրդը կրթության և գիտության նախարարի հետ քննարկել է ոլորտի խնդիրներն ու հեռանկարները» (iravaban.net/224781.html)։
Վերջում շնորհակալ եղանք միմյանցից միայն նրա համար, որ ժամանակ ծախսեցինք։

Անահիտ Բախշյան

Հանրային խորհրդի անդամ

02․05․2019թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031