ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է ՀՀ դատախազության 2018-ի գործունեության զեկույցը: Գլխավոր դատախազն արձանագրում է` հանցագործությունների թիվն աճել է քանակական առումով. 2018-ին 22551 հանցագործության դեպք է գրանցվել: Դա 11, 2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Դատախազն ասում է` իրավապահներն են արդյունավետ աշխատել, այդ պատճառով է թիվն աճել. շուրջ 3000-ով աճել է նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումը: 3-4 անգամ աճ ենք ունեցել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մասով: Այս ցուցանիշներն, ըստ նրա, վկայում են, որ կրիմինալոգիական առումով հանցագործությունների աճ չի եղել: Միայն երկու ուղղությամբ`բնակարանային գողությունների եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ հանցագործությունների աճ է եղել: Վերջին ցուցանիշը 30 տոկոսով է աճել` նախորդ տարվա համեմատ: 25 տոկոսով աճել են ճանապարհային երթեւեկության խախտմամբ մահվան ելքով հանցագործությունները: 2018-ին 38 սպանություն է եղել: Արթուր Դավթյանը փոստում է` դա վերջին մի քանի տասնամյակների ամենացածր ցուցանիշն է: Նման ցածր ցուցանիշ գրանցվել է 1980-ականներին, 1990-98 թվականներին սպանությունների ցուցանիշը հանրապետությունում եղել է եռանիշ թվերով, 1998-ից մինչ այսօր սպանությունների նվազման ցուցանիշ է գրանցվել: Ավազակության, մանր մարմնական վնասվածքներ պատճառելու հանցագործությունները նույնպես նվազել էն:
Այս ցուցանիշներից դատախազը հետեւություն է անում, որ հանցագործությունների բացասական ցուցանիշ չունենք:
Բնակարանային գողությունների եւ երթեւեկության կանոնների խախտմամբ հանցագործությունների կանխարգելման այլ միջոցառումների հետ, գլխավոր դատախազությունում գտնում են, որ օրենսդրական փոփոխություններ են պետք: Դատախազությունում մի քանի առումներով պատիժների խստացում են առաջարկում, փաթեթը ներկայացված է արդարադատության նախարարություն: Առաջարկվում է խստացնել նաեւ պատժի կրման կամ պատիժը կրելուց ազատվելու հանգամանքները, քանի որ փորձը ցույց է տալիս, ռեցիդիվի հավանականությունը մեծանում է: Բնակարանային գողությունների հանցագործություններին վերաբերվող պատիժը մեկ անգամ արդեն խստացվել է`դասվելով ծանր հանցագործությունների շարքին: Ճանապարհային երթեւեկության խախտումների դեպքում, մեկ անձի մահվան ելքով հանցագործությունը, գործող օրենսդրությամբ, հինգ տարի ազատազրկում է ենթադրում եւ հաճախ դատապարտված անձը ազատվում է պատժի կրումից` պայմանականորեն:
Դատախազությունը առաջարկում է հանցակազմի հատկանիշ ներառել նաեւ ոչ սթափ վիճակում կատարված երթեւեկության խախտումներով կատարված հանցագործությունները եւ այլն: Նաեւ հանցավորության դեմ պայքարի ռազմավարություն են առաջարկում մշակել, որը ներառելու է քաղաքացուն`դպրոցից սկսած դաստիարակել օրինապահ վարք, մինչեւ հանցագործություն կատարած անձի ՔԿՀ-ից դուրս գալու դաստիարակություն, որպեսզի պետությունն ամեն ինչ անի`բացառելու ռեցեդիվները:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ