Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանելու սպառնալիքը այլասերվածություն է

Մայիս 02,2019 10:00

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է վարչապետին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, քանի որ վերջին շրջանում նրա կյանքին սպառնացող հրապարակային հայտարարություններ են հնչել: Բաց նամակի վերջում մեջբերվում են տարբեր մարդկանց կողմից հնչեցված՝ Լիլիթին եւ նրա նմաններին սպանելու, վառելու եւ այլ սպառնալիքներ (ընդ որում, դրանց հեղինակներից մեկը ԱԺ պատգամավոր է), նամակում ներկայացվում են նաեւ համապատասխան տեսանյութեր եւ էկրանի պատկերներ («սքրինշոթներ»):

«Առավոտը», մի շարք այլ լրատվամիջոցների թվում, այդ բաց նամակը հրապարակել է: «Ֆեյսբուքահայության» արձագանքը հայհոյանքների տարափն էր՝ բնականաբար, ոչ թե սպառնացողների հասցեին (նրանք «ազգասեր» մարդիկ են), այլ Լիլիթի դեմ ուղղված ատելության խոսք՝ ինչպես է նա համարձակվել հայցել որեւէ մեկի պաշտպանությունը: Իսկ մեզ մեղադրում են այլասերվածներին գովազդելու մեջ: Ոչ մի «հայապահպանի» կամ «ազգային արժեքների ջատագովի» մտքով չի անցել հարցնել՝ այդ ո՞վ է համարձակվում սպառնալ Հայաստանի քաղաքացուն, արդյոք դա օրենքով արգելվա՞ծ չէ եւ եթե արգելված է, ապա ինչո՞ւ իրավապահները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում: (Ի դեպ, գովազդի մասին. եթե Լիլիթի ելույթը ԱԺ լսումների ժամանակ չդարձնեին համազգային խնդիր, ոչ մի գովազդ չէր լինի):

Իմ ընկալմամբ, ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է: Մարդն ամենաբարձր արժեքն է՝ այդ գաղափարը կա գրեթե բոլոր ժամանակակից սահմանադրություններում, նաեւ մեր Հիմնական օրենքում: Իսկ ամենաշատը ինձ դուր է գալիս 1776 թվականին ընդունված ԱՄՆ Անկախության հռչակագրի ձեւակերպումը. «Մենք ակնհայտ ենք համարում այն Ճշմարտությունները, որ բոլոր Մարդիկ ստեղծված են հավասար, որ նրանք Արարչի կողմից օժտված են որոշակի անօտարելի Իրավունքներով, որոնց թվում են Կյանքը, Ազատությունը եւ Երջանկության Հասնելը»: Ինձ թվում է, շատ համապարփակ է ասված՝ արժե ամեն բառի, անգամ մեծատառի վրա լուրջ մտածել:

Ես շատ հարցերում կարող եմ կարծիքս փոխել, համոզվեմ, որ առաջ սխալ էի մտածում, վերագնահատեմ ցանկացած երեւույթ: Բայց ոչ մի մեկնաբանություն, ոչ մի «լայք» ու ոչ մի «սրտիկ» չի փոխի իմ համոզմունքը. ցանկացած Մարդ արժանի է մարդկային վերաբերմունքի՝ լինի նա տրանսգենդեր, Ռոբերտ Քոչարյան, թե Մանվել Գրիգորյան: Գլխավոր քրիստոնեական արժեքն է, իմ կարծիքով, սիրտն ատելության համար փակ պահելը:

Ասեմ նաեւ, որ ինձ չի հետաքրքրում, թե այս հարցով ինչ կասեն եվրոպացիները՝ այդ «ինչ կասեն»-ը ենթադրում է, որ մենք եվրոպացի չենք: Մինչդեռ Նարեկացու եւ Շնորհալու ազգը չի կարող եվրոպացի չլինել. «Հոր իմաստություն Հիսո՛ւս, տո՛ւր ինձ իմաստություն՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու: Փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Իրոք, որ ամենամեծ այլասերվածությունը մարդկային կյանքը խլելու սպառնալիքն է։ Հիանալի է ձևակերպված, սակայն ես չէի ուզենա հղում կատարել մի փաստաթղթի, որը մեր երկրի հետ անմիջական կապ չունի, առավել ևս, որ այն մեր կողմից վավերացման ենթակա էլ չէ, մինչդեռ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (10 դեկտեմբերի, 1948թ.) ավելի համապարփակ ձևով է անդրադառմում սույն խնդրին, առանց հղում կատարելու որևէ կրոնական դոգմայի։ Խնդրեմ․
    Հոդված 1
    Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և
    իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց
    նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
    Հոդված 2
    Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու
    ազատությունները` անկախ որևէ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի,
    քաղաքական և այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի,
    դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի տարբերակման:
    Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի
    քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ,
    ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում:
    Հոդված 3
    Յուրաքանչյուր ոք կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք
    ունի:
    Հոդված 4
    Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում. ստրկությունը և
    ստրկավաճառությունը` իրենց բոլոր տարատեսակներով, արգելվում են:
    Հոդված 5
    Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ
    արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031