Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած գյուղում նշվեց Մատաղիսի ու Թալիշի ռազմավարական բարձունքներն ազատագրած հերոսի՝ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը (Ֆոտոշարք)

Մայիս 02,2019 00:07

Այսօր Արմավիրի մարզի Արագած գյուղում Արմավիրի մարզպետի, Էջմիածնի քաղաքապետի, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ նշվեց Արցախյան ազատամարտի հերոս, ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին շքանշանների ասպետ Մեխակ Մեխակյանի մահվան 25-րդ տարելիցը։

Մասնագիտությամբ պատմաիրավաբան, իրավաբանի ընտանիքում մեծացած Մեխակ Մեխակյանը մասնակցել է Ֆիզուլիի գրավման մարտերին, իրականացրել Թալիշի վերին բարձունքից մինչև Մարտակերտ ձգվող լեռնաշղթայի հերոսական պաշտպանությունն ու 60 նվիրյալներով ազատագրել Մատաղիսն ու Թալիշի ռազմավարական բարձունքները։

4 մանկահասակ երեխաների հայրը 33 տարեկան հասակում իր կյանքն ավանդել է հենց Թալիշի բարձունքում՝ 1994 թվականի մայիսի 1-ին, որը և նրա պատվին անվանել են Մեխակասար։ Նրա անունն է կրում նաև գյուղի դպրոցը, որտեղ նա Հայոց պատմություն է դասավանդել և հենց դպրոցում հիմնել հնագիտական թանգարան։

Հերոսին նախ մեծարեցին դպրոցում՝ «Մատաղիս» անունը կրող հայրենասիրական ներկայացում ցուցադրելով ու երգեր հնչեցնելով, այնուհետ ծաղկեպսակներ խոնարհեցին Պանթեոնում, որտեղ Մեխակ Մեխակյանի հետ հանգչում են գյուղի մյուս հերոսները։

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ասաց․ «Մեխակ Մեխակյանն Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը, գիտակցված գնաց գնդակների, ականների, ռումբերի  պայթյուններին ընդառաջ՝ կանգնեցնելու պատերազմի մահաբեր ընթացքը։ Եվ դա նրան հաջողվեց ամենաթանկ ճանապարհով՝ կյանքով, որն ընդհատվեց 1994 թվականի մայիսի 1-ին Թալիշի բարձունքներից մեկում։ Իսկ պատմության մեջ ամրագրվեց մի փաստ, որ եթե չլիներ Մեխակ Մեխակյանի հաստատակամությունը, անձնազոհ նվիրումը, թերևս, հնարավոր չլիներ պահել Թալիշի վերջին բարձունքներից մինչև Մարտակերտի դաշտային հատվածը ձգող լեռնաշղթան»։

Նրա մարտական ընկերներից գնդապետ Ֆելիքս Պողոսյանն ասաց․ «Անընդհատ մի խոսք է կրկնվում․ Մեխակի մահվան օրն է։ Սիրելիներս, ես կասեմ Մեխակի անմահության օրն է, ես կասեմ հայրենիքի համար զոհված բոլոր ազատամարտիկները չեն մահացել, նրանք անմահացել են։ Մեխակը բոլորիդ առաջ է, բայց որպես զինակից ընկեր, գաղափարակից ընկեր, կրկին երկու բառ Մեխակի մասին ասեմ՝ Մեխակը Հայոց ազատամարտի ամենանվիրյալ, ամենագաղափարական մարդկանցից մեկն է։ Մեխակը ուսյալ մարդ էր, Մեխակը ուսուցիչ էր, և երբ դպրոցում կամ ուսանելու տարիներին քարոզում էր հայրենասիրություն, ազգասիրություն, Նժդեհ, Դրո, Անդրանիկ, Բաղրամյան, Բաբաջանյան, Մեխակը չէր կարող անմասն մնալ, երբ որ հայրենիքի գլխին ծանրացել էր մահացու վտանգ։

Չնայած իր մեծ գաղափարին, մեծ խելքին, շնորհքին, գրագիտությանը՝ նա զենք վերցրեց և որպես իսկական հայրենիքի զինվոր, նվիրյալ, մահապարտ, իր գործով, իր կյանքով ապացուցեց ամեն ինչ։ Մեխակի սխրանքն անսահման է, կարելի է երկար խոսել Մեխակի մասին, բայց Մատաղիս-Թալիշ գործողության ժամանակ Մեխակի գործունեությունը հենց միայն բավարար է, որ Մեխակը դառնա հայ ազգի մեծապատիվ հերոսներից մեկը։ Անասելի ծանր իրավիճակ էր, հաղթանակի նժարը տատանվում էր մեր և մեր հակառակորդի միջև, և Մեխակը որպես հրամանատար, և Մեխակի ընկերներն անմահ սխրանք գործեցին Մատաղիս-Թալիշ գործողության ժամանակ։ Եվ պատահական չէ, որ Մեխակի անունն այդ տարածքներում ամեն տեղ շոշափվում է՝ Մեխակի բարձունք, Մեխակավան, Մեխակը իրեն բոլոր ճանաչողների սրտում է, առանձնապես նրա մարտական ընկերների, Մեխակի գործն անմահ է, Փա՜ռք Մեխակին, Փա՜ռք մեր բոլոր զոհված ընկերներին, փա՜ռք Հայրենական պատերազմում զոհված մեր բոլոր հերոսներին»։

Նշենք, որ հերոսի որդին ՝ Արգիշտի Մեխակյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից ընտրված ԱԺ պատգամավոր է։ Մեխակ Մեխակյանի հայրը՝ Վալենտին Մեխակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ անչափ վիրավորված է, որ «հերոսներից շատերը, այդ թվում իր որդին իրենց կոչմանը չեն արժանացել, իսկ ոչ հերոսներն այսօր հերոսներ են դարձել»։ Ըստ մեր զրուցակցի, պիտի օրենք մշակվի, որով հստակ կսահմանվի, թե ովքեր են ազգային հերոսները։

Այս մասին ավելի ուշ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031