Լրահոս
Օրվա լրահոսը

«Էն սիտուացիան էր, որ Քոչարյանը կարար կատոկե՞ր, բոլորը գազազած, Վազգենի դիակը էնտեղ դրած»

Մայիս 02,2019 15:00

Ռուստամ Գասպարյանը պատմում է, թե Հոկտեմբերի 27-ին ՊՆ-ում Քոչարյանին ոնց են ընդունել՝ անգամ ոտքի չկանգնելով ու ոնց է Քոչարյանը խնդրել, որ տանկերը չհանեն՝ պատրաստ լինելով հրաժարական տալ:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքում Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունը յուրովի նկարագրելով՝ ներկայացնում է, թե դրանից հետո պաշտպանության նախարարություն գնալով՝ ինչպես է «բուլդոզերով անցել» բոլորի վրայով:

Նա այսպես է նկարագրում այդ դրվագը. «Ներսս եռում էր, կարեցածի չափ զսպում էի կատաղությունս, բայց մեկ է՝ պոռթկում էր՝ արտահայտվելով ձայնի խստությամբ ու, գուցե, դիմախաղով:

Ասացի.

– Իրավիճակը հանգուցալուծվեց: Հանցագործները հանձնվել են, ձերբակալված են: Բայց ես բացարձակ չեմ հասկանում, թե այստեղ՝ ձեզ մոտ, ինչ էր կատարվում այս ամբողջ ընթացքում: Այդ ի՛նչ ցուցակի գաղափար էր: Ընդհանրապես, ինչպե՞ս կարող էր նման բան տեղի ունենալ: Բարդագույն գործողության ամենաթեժ պահին, երբ ես զբաղված եմ պատանդներին ազատելով, երբ Վազգեն Սարգսյանի դին դեռ չի սառել, դուք՝ ձեզ առաջնորդ համարող մարդիկ, արդեն կռվում եք պաշտոնների համար: Արդեն որոշե՛լ եք՝ ով է գրավելու նրա տեղը:
Բոլորը նստել էին գլխահակ ու աչքերը թաքցնելով: Միայն Շիրխանյանը խոսք խնդրեց, վեր կացավ ու սկսեց հավաստել իր հավատարմությունը. «Ի՜նչ եք ասում, պարո՛ն նախագահ, ինչո՞ւ չեք վստահում մեզ: Ինչո՞ւ չեք ուզում հենվել մեզ վրա: Չէ՞ որ միասին ենք կռվել, միասին արյուն թափել…»:

Ես կտրուկ ընդհատեցի.

– Լսի՛ր, Վահա՛ն: Դու ոչ մի տեղ արյուն չես թափել: Դու ճակատի գծին հիսուն կիլոմետրից ավելի մոտ երբեք չես եղել: Պատերազմի տարիներին արածդ այն է եղել, որ բաժանել ես Ղարաբաղին օգնություն ուղարկված շորեղենն ու վատ չես վաստակել դրա վրա: Դու իրավունք չունես խոսելու, թե ով որտեղ է արյուն թափել:

Հետո դարձա պաշտպանության նախարարին.

– Իսկ դո՞ւ: Ո՞վ է քեզ թույլ տվել, որ տեխնիկան դուրս բերելու հրամաններ տաս:

Նստել է, ձեռքերը դողում են, փորձեց ինչ-որ բան պատասխանել ու ոչինչ ասել չկարողացավ, սկսեց կմկմալ:

– Լա՛վ,- ասացի:- Վերջ դատարկախոսությանը: Գնացեք աշխատեք: Իսկ ես կմտածեմ, թե ինչ անենք այս ամենի հետ:

Հետո ոմանք ասում էին. «Նախագահը եկավ ու բուլդոզերով անցավ բոլորի վրայով»: Իսկապես, շատ կոշտ խոսակցություն էր»:

Այս ամենը Քոչարյանի նկարագրությունն էր:

Մինչդեռ այդ օրը ՊՆ-ում բացի Քոչարյանից, այլ մարդիկ են եղել: Aravot.am-ը նրանցից մեկից՝ «Սեւ հովազ» ջոկատի նախկին հրամանատար, ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս Քոչարյանն այդպես «բուլդոզերով անցել է» բոլորի վրայով, ինչպես նկարագրում է, դուք ներկա եք եղել, հիշո՞ւմ եք, ի՞նչ խոսակցություն է այնտեղ եղել: Ռուստամ Գասպարյանը պատասխանեց, որ նախ, Ռոբերտ Քոչարյանը չի եկել ՊՆ, այլ իրավիճակն է ստիպել նրան գալ. «Որոշ ծախված գեներալներ, որոնք հետո պաշտոններ ու կոչումներ ուզեցին իրենից, այդ որոշ գեներալները ոտքի կանգնել են, բայց որ բոլորի վրայով է անցել, դա այդպես չի: Նորից եմ ասում՝ որոշ գեներալներ ընդամենը մեկ օր հետո ծախվեցին: Բացի նրանցից, բոլորը շատ կոշտ ու կոպիտ էին: Իսկ Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ ցենզուրայից թեթեւակի դուրս եկավ ու ասաց՝ 1……ь,ты не владеешь ситуацией ու էլի բաներ ասաց, որ հիմա չեմ ուզում մանրամասնեմ… Վաղարշակ Հարությունյանը իրան շատ տղավարի պահեց, ասեմ ձեզ: Դաժե Ռոբերտին ասաց՝ դուք չեք տիրապետում երկրում իրավիճակին»:

Մեր դիտարկմանը, որ գրքում Քոչարյանը այլ կերպ է նկարագրում, ասում է՝ Վաղարշակ Հարությունյանը կմկմում էր՝ Ռուստամ Գասպարյանն արձագանքեց. «Դե ինքը կարող է շատ բան ասի: Ես անձամբ ներկա եմ եղել դրան ու ասում եմ՝ բացի մի քանի ծախված գեներալներից, որոնք այդ ընթացքում պաշտոն ստացան, ոչ մեկն էլ ոչ իրա դեմ ոտքի է կանգնել, ոչ էլ ինքը կարողացել է բուլդոզերով անցնի բոլորի վրայով: Այդպես չի եղել: Հակառակը: Էն սիտուացիան էր, որ ինքը կարար կատոկե՞ր, բոլորը գազազած, Վազգենի դիակը էնտեղ դրած»:

Մենք հետաքրքրվեցինք, թե այդ խառը իրավիճակում ՊՆ-ում ի՞նչ էին անում, որովհետեւ Քոչարյանը գրում է, թե պաշտոններ էին մեջ-մեջ անում՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «ՊՆ-ում մենք հավաքվել էինք, երկրի իրավիճակն էինք քննարկում: Այնտեղ եղավ առաջարկ, որ պիտի իրենց կալանքի վերցվի: Ու դա էր պատճառը, որ բերման ենթարկվեց այնտեղ: Բայց նորից եմ կրկնում, որոշ գեներալներ, որոնք ընդամենը մեկ օր հետո պաշտոններ ուզեցին, փոխեցին սիտուացիան այդտեղ: Այլ ծրագիր կար: Ե՛վ նրան պիտի պաշտոնանկ անեին, հենց տեղում ինքը իր հրաժարականը պիտի գրեր ու կալանքի վերցվեր»:

Հարցին՝ ինչի՞ համար էիք մտածում, որ նրան պետք է կալանքի տակ վերցնեին՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Իրավիճակից ելնելով: Վազգենի դեպքի հետ կապված բոլորը այդ ժամանակ մեղադրում էին, ե՛ւ երկրի նախագահն էր, Սերժը ԿԳԲ-ի նախարարն էր, բա էլ ո՞ւմը մեղադրեինք, եթե ոչ իրենց՝ այդ եղած իրավիճակում»:

Մեր հարցին՝ որ ասում եք՝ «ծախված գեներալներ», ո՞ւմ նկատի ունեք՝ Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Ովքե՞ր այդ ընթացքում պաշտոններ ստացան, այսինքն՝ այդ օրերին, նայեք, իմացեք»:

Նշենք, որ այդ ընթացքում Քոչարյանը պաշտոնանկ արեց ՊՆ փոխնախարարներ Մկրտիչ Աբրահամյանին ու Գեղամ Հարությունյանին: Նոր նշանակումները անուններ են, որոնց թվարկումն անգամ պարզ է դարձնում Քոչարյանի մտադրություններն ու հեռահար ծրագրերը: Նա պաշտոններ տվեց այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանին, Յուրի Խաչատուրովին, Լեւոն Երանոսյանին, Հայկազ Բաղմանյանին, Արթուր Աղաբեկյանին, Սեյրան Սարոյանին:

Մեր դիտարկմանը՝ իր գրքում Քոչարյանը վատ է արտահայտվում Վահան Շիրխանյանի, Սուրեն Աբրահամյանի, Վաղարշակ Հարությունյանի մասին՝ Ռուստամ Գասպարյանն արձագանքեց, որ բնական է, որովհետեւ նրանք ճիշտ պահվածք ունեին. «Իրեն ճիշտ պահեց Սուրեն Աբրահամյանը, որը հրաժարական տվեց: Իրան պիտի հետեւեր նաեւ Սերժի հրաժարականը, եթե իրավիճակին չէին տիրապետում, տեղյակ չէին»:

Հարցին՝ Շիրխանյանի հետ կապված այդ խոսակցությունը հիշո՞ւմ եք, որ Քոչարյանն ասել է՝ «Լսի՛ր, Վահա՛ն, դու ոչ մի տեղ արյուն չես թափել, դու ճակատի գծին 50 կիլոմետրից ավելի մոտ երբեք չես եղել»՝ Գասպարյանը պատասխանեց. «Ես այնտեղ եմ եղել, նման խոսակցություն չեմ լսել: Ես անձամբ ներկա եմ եղել, չեմ լսել: Գիտեք, ինքը այնտեղ չէր էլ, կարա խոսար, ինքը էնտեղ կմկմում էր, սիտուացիա էր բացատրում, որ տեղյակ չի: Էդ վիճակում է եղել ինքը, ինքը ո՞նց կարար ինչ-որ մեկի հետ կոպիտ խոսար: Ինքը խնդրողի դերում է եղել, փորձում էր համոզել, բացատրել, ապացուցել, որ ինքը տեղյակ չի եղել, ինքը ո՞նց կարար ինչ-որ մեկի հետ բարձր տոնով խոսար: Հո ասելով չի, լիքը էնտեղ մարդիկ են եղել, մենակ ես չեմ եղել: Բոլորը կատաղած, ատամները սրած՝ պատրաստ էին իր կոկորդը կրծելու էդ պահին, ինքը ո՞նց կարար հանկարծ մեկի վրա բարձր տոնով խոսար: Իրավիճակն այն ձեւ էր, որ բոլորն իրան էին մեղադրում, որ դու ես մեղավորը ու ինքը փորձում էր արդարանար, ոչ թե կատոկեր կամ եսիմ ինչ աներ»:

Ավելի ուշ Ռուստամ Գասպարյանը հիշեց եւս մի հանգամանք՝ «Ինքը որ այդտեղից գնաց, հետո զանգ եղավ պաշտպանության նախարարություն: Ինքը ուղղակի խնդրում էր, ասում էր՝ տղերք ջան, խնդրում եմ, խի՞ եք տանկերով գալիս, եթե չեք վստահում, «Ժիգուլիով» եկեք, ասեք՝ հրաժարական տուր, ես գրեմ: Ասում էր՝ խի՞ եք տանկերը հանում, եթե չեք ուզում, ասեք, ես գրեմ հրաժարականը: Ինքը էն սիտուացիայում չէր, որ ոչ թե մենակ էդ օրը, այլ էդ ընթացքում փորձեր բարձր տոնով խոսար: Հետո արդեն ծախվեցին գեներալներ ու Վազգենի դիակը գետինը դրած՝ մարդիկ պաշտոնների թեմա էին քննարկում ու պաշտոններ ստացան»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ինքնախոստովանական ցուցմունքը որ փորձել են գործող նախագահին կալանավորում ու ռազմական հեղաշրջում անեն։

  2. Ara Kirakosyan says:

    Հարգելի Առավոտ, ինչն է պատճառը, որ իմ կարծիքը չի հրապարակվել: Ես նշել էի, որ վերևի կարծիքն իմը չէ, և ինչ որ մեկն իմ անուն ազգանունով է գրում:

  3. Ara Kirakosyan says:

    Հարգելի Առավոտ, ինչն է պատճառը, որ իմ կարծիքը չի հրապարակվել: Արա Կիրակոսյանը ես եմ, և նման կարծիքն իմը չէ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031