Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաժան փորձ` Ագրարային համալսարանում

Մայիս 02,2019 14:30

Ազգային Ագրարային համալսարանում օրերս կենդանու նկատմամբ դաժան փորձ է կատարվել: Փորձը կատարվել է համալսարանի Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի ֆիզիոլոգիայի եւ ախտաբանական անատոմիայի ամբիոնի անասնաբուժական-բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում: Ինչպես ուսանողներն են վկայում, ախտաբանական ֆիզիոլոգիայի դասախոս Աշխեն Գրիգորյանը ուսանողներին նախապես զգուշացրել է` այս փորձը դաժանության համար ծրագրից հանված է, բայց, եթե, ուսանողներն ուզում են տեսնել, թե ինչպես է սատկում կենդանին, կարող են իրենք բերել կենդանուն եւ այդ փորձը միասին կատարել: Փորձը կատարվել է ծովախոզուկի վրա:

Ուսանողներից ոմանք կենդանին գնել են խանութից, տեղափոխել Ագրարային համալսարան, եւ դասախոս Աշխեն Գրիգորյանի հետ փորձարկել` ինչպես է ծովախոզուկը սատկում, ապա մի քանի օր հետո հերձել` օրգանների վիճակը տեսնելու համար:

Ուսանողների պատմելով, նպատակը անաֆիլակտիկ շոկ առաջացնելն է եղել եւ փորձը որեւէ գիտական նպատակ չի հետապնդել: Դա ապացուցում է նաեւ այն, որ այս փորձը ուսումնական ծրագրից հանված է եղել, քանի որ բացի այն, որպես դաժան փորձ է դիտարկվել, ուսանողներին ու գիտությանը ոչ մի նոր բան չի տվել:

Ծովախոզուկը մի քանի օր տանջվելուց հետո` սատկել է:

Պրակտիկա անցկացնելը եւ գիտական փորձեր անելը, իհարկե, պարտադիր է, բայց փորձ անել, ուղղակի, ոչինչ չստանալու համար` անօրինական է, կենդանիների իրավունքների ոտնահարում: Բարոյական կողմից բացի, համալսարանի դասախոսի մասնակցությամբ այս պատմության մեջ մի քանի կանոններ են խախտվել:

«Առավոտի» հետ զրույցում այս ոլորտի մասնագետներից մեկն ասաց, որ նախ` այն ինչ կատարվել է խիստ վտանգավոր է բիոանվտանգության տեսանկյունից եւ եթե կենդանու վրա փորձ պետք է կատարվի, բուհի պատասխանատուները պարտավոր են ենթարկվել կենսաէթիկայի օրենքներին: Մասնագետի դիտարկմամբ, տվյալ դասախոսն իրավունք չուներ դրսից լսարան որեւէ կենդանի բերելու, որովհետեւ չի բացառվում, որ կենդանին կարող էր վարակված լինել, ու շրջապատի համար վտանգ ներկայացնել:

Իրավունք չունեին նաեւ ուղղակի, ցանկությամբ կենդանուն վնաս պատճառել:

Այսինքն, ըստ մեր զրուցակից մասնագետի, եթե մենք փորձ ենք անում գիտական նպատակով, պետք է հաշվի առնենք այդ կենդանիներին սպանելու ձեւերը: Չի թույլատրվում, հենց այնպես բռնել ու կենդանուն սպանել: Կենդանիների վրա փորձարկման բիոէթիկան պահանջում է` կենդանիների փորձի ընթացքում կենդանիների տանջանքների եւ ցավի պակասեցում: Սակայն տվյալ դեպքում եւ մնացած դեպքերում եւս, այդ ֆակուլտետում այս պահանջն էլ է անտեսվել:

Մեր զրուցակցի խոսքով, կենդանուն այդ ճանապարհով սպանելը, պարզապես, դաժանություն է եւ այդ քայլին դիմում է դասախոսը, որի նպատակն ինչ-որ բան սովորեցնելն է, այսինքն` դասախոսը խախտում է իր սկզբունքը:

Ի դեպ, Էկոլոգիական օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես «Լաբորատոր կենդանիների պաշտպանության» համաշխարհային օր:

Եվրոպայի շատ համալսարաններ արդեն իսկ հայտարարել են կենդանիների վրա փորձեր կատարելու ժխտման մասին: Ուսանողներին դրա փոխարեն տրամադրվում են տեսանյութեր եւ համակարգչային ծրագրեր, որոնք փոխարինում են կենդանիների վրա փորձարկելուն։ Պրակտիկ հմտություններ նրանք կարող են ձեռք բերել՝ մշակելով կենդանիների դիակները, որոնք սատկել են դժբախտ պատահարի հետեւանքով, կամ սատկել են անբուժելի հիվանդության պատճառով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031