Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մրցակցության պայմաններում ինտերնետային մամուլը չպետք է ենթարկվի հեռուստաալիքների համար սահմանված կանոնին»

Մայիս 02,2019 14:00

Մարզպետն ընդդեմ բնապահպանների եւ լրատվամիջոցների գործով

Ապրիլի 18-ի դատական նիստի եւ վճռի հրապարակման մասին տեղեկացրել ենք ապրիլի 27-ի «Առավոտում»: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը դատի էր տվել «Առավոտին», «Սյունյաց աշխարհին», «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությանը՝ պահանջելով հերքում, պատվի, արժանապատվությանը պատճառած վնասի հատուցում:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Զարգարյանը մերժել էր հայցը: Ի դեպ, քանի որ հայցվորը խնդրել էր կարճել «Առավոտի» դեմ հայցապահանջի վերաբերյալ գործը, մենք ներկայացուցիչ չունեինք, իսկ բնապահպան Ա. Գրիգորյանի շահերը ներկայացնում էր Ն.Փիլիպոսյանը, հասարակական կազմակերպության շահերը՝ Հ. Բաղդասարյանը:

Նախորդ հրապարկման մեջ մենք տեղեկացրել էին «Առավոտի» վերաբերյալ դատընթացը, եւ չէինք անդրադարձել, թե բնապահպանների, թե «Սյունյաց աշխարհի» դեմ հայցի բովանդակությանն ու ելքին:

Հայցվորը բնապահպան, կարճ ժամանակ պաշտոնյա դարձած Արթուր Գրիգորյանից պահանջել էր զրպարտության համար երկու միլիոն դրամ փոխհատուցել՝ պատվին, արժանապատվությանը հասցված վնասի համար: Ա.Գրիգորյանի ներկայացուցիչը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Ըստ նրա էլ, մարզպետ նշանակվելուց հետո, հայցվորի գործողություններում առկա էին «դիտավորությամբ կատարված գործողություններ», որոնք ակնհայտորեն դուրս են նրա լիազորությունների շրջանակից եւ «էական գույքային եւ ոչ գույքային վնաս են պատճառել» անձանց, հասարակական կազմակերպություններին, առեւտրային ընկերություններին, հասարակության եւ պետության շահերին:

Որպես օրինակ բերվում էր երեք տարի առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված անիմացիան տեսանյութի մասին, որն ըստ պատասխանողի, փորձ էր վարկաբեկելու բնապահպաններ Ինգա Զարաֆյանին ու Արթուր Գրիգորյանին, ենթադրյալ պատվիրատուն էլ նախկին մարզպետն էր, նրա հետ «փոխկապակցված սուբյեկտները»:

Պատասխանողը դիմել էր ոստիկանություն, սակայն քրեական գործ չէր հարուցվել:

Այդ հաղորդման մեջ նշվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, դրան կից բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործարքներին նախկին մարզպետի հնարավոր մասնակցության մասին:

Հենց այս հաղորդումն էլ դարձել էր հիմք լրատվամիջոցների կողմից տեղեկություններ տարածելու:

«Հայցվորի տրամաբանությամբ շարժվելով, հանցագործության մասին ցանկացած հաղորդման մեջ տեղ գտած փաստական տվյալները, եթե դրանք դեռ չեն հաստատվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, պետք է համարվեն զրպարտություն»,-նշել էր իր պատասխան խոսքում Ա.Գրիգորյանի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում էր «Անկախ լրագրողների ցանց» կազմակերպության փաստարկներին, ապա նրանց ներկայացուցչի դիտարկմամբ, հայցվորը որեւէ հակափաստարկ չի ներկայացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի միջեւ առկա «փողային» հարաբերությունների մասին. «Պատասխանողն իրականացրել է միայն իր պրոֆեսիոնալ պարտքը, եւ այն էլ բարեխիղճ, այսինքն՝ արագ արձագանքել է բնապահպան Ա. Գրիգորյանի հաղորդմանը, խմբագրելով ուրիշի ուղղակի խոսքը»: Պատասխանողի տեղեկացմամբ. «Բազմաթիվ լրատվամիջոցների մրցակցության պայմաններում, ինտերնետային մամուլը չպետք է ենթարկվի հեռուստաալիքների համար սահմանված կանոնին, այսինքն՝ հրապարակի միայն «պատկան մարմիններում» ստուգված տեղեկությունները»:

Դատարանի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ երբ քննության են առնվում զրպարտիչ արտահայտություններ, անհրաժեշտ է ճիշտ տարբերակում կատարել փաստական տվյալների եւ արտահայտված կարծիքի, այն է՝ «գնահատող դատողության» միջեւ: Պատասխանող Հ. Բաղդասարյանն ասել էր նաեւ. «Սա անհնարին է դարձնում կարծիքի արտահայտման պաշտպանությունը, եթե պաշտպանության միակ միջոցը ճշմարտությունն է: Ազնիվ «գնահատողական դատողություն» արտահայտելու պարագայում շատ մեծ է հավանականությունը, որ դատարանի ոչ բարենպաստ վճիռը կհանգեցնի տասներորդ հոդվածի խախտմանը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Խորհուրդ կտայի մեդիափորձագետներին ու լրագրողներին այս գործի իրավական գնահատականները ընթերցեին, ծանոթանային: Դատարանն անդրադարձել է «Ստույգ փաստեր» եզրույթին, Վճռաբեկ դատարանի եւ ՄԻԵԴ-ի նմանատիպ որոշումներին, փաստերի ու գնահատող դատողությունների տարանջատմանը, զրպարտության գնահատելու չափանիշներին:

Մի հարց էլ լավագույնս վերլուծվել էր. արդյո՞ք հանրության համար այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է եղել, տարածվել է այդ հրապարակումը, սպասել դրանց հետագա ընթացքին, եղե՞լ է գերակա հանրային շահ:

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031