Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Հովհաննիսյանի կարծիքով՝ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնին հավակնող շատ արժանավորներ կան

Մայիս 02,2019 13:30

Շարունակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ապրիլի 3-ից մինչեւ մայիսի 3-ը հայտարարված այն անձանց դիմումների ընդունումը, որոնք իրենց տեսնում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում: Նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մրցույթը տեղի կունենա կոնսերվատորիայում: Ըստ «Առավոտի» տեղեկությունների, այսօրվա դրությամբ դիմողներ դեռ չկան: Ստացվում է, որ պաշտոնի միակ թեկնածուն 2018թ. նոյեմբերից կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ճանաչված երաժիշտ, «Հովեր» պետական կամերային երգչախմբի խմբավար Սոնա Հովհաննիսյանն է:

Հայաստանյան մշակութային բուհերից ողջ աշխարհում աշխատում ու ստեղծագործական գործունեություն են ծավալում հենց Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտներ, նույնիսկ ուսանողներ: Երբ խոսքը Երեւանի կոնսերվատորիայի մասին է, ապա այն կարելի է նույնացնել միջազգային համբավ ունեցող բուհերի, հետեւաբար միջազգային կառույցը ղեկավարող ապագա ռեկտորի անվան հետ:

Իհարկե, շրջանառվում է պաշտոնին հավակնող մեկ անձի անուն, սակայն մենք չենք անդրադառնում նրան պարզ պատճառով, որ մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը ընդամենը մնացել է նույնիսկ հաշված ժամեր: Թեեւ չի բացառվում, թե այդ անձը, որն արվեստագետ է, հայտ ներկայացնի րոպեներ առաջ:

«Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ եք հենց ձեզ տեսնում կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը նախ նշեց, թե կարծում է, որ շատ ու ավելի արժանավորներ կան եւ այնպես չէ, որ ինքը միակն է, ապա պատասխանեց. «Իմ դեպքում արդեն ավելի քան քառորդ դար առաջ հիմնել եմ «Հովեր» կամերային երգչախումբը, որտեղ առ այսօր դեռ լճացում չի նկատվում: Իհարկե, ժամանակին գործել եմ նաեւ սխալներ, որոնք շտապողականությանս արդյունք են: Հիմա արդեն, երբ ռեկտորի պաշտոնակատար եմ, գիտեմ, որ անհրաժեշտ է գործել արագ, բայց առանց շտապելու: Անկասկած, թե՛ «Հովերի», թե՛ ամիսներ շարունակ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս միայնակ չեմ եղել. ինձ, առանց չափազանցնելու, օրնիբուն շրջապատել են արժանավոր մարդիկ: Մարդիկ, որոնք ում կողքին էլ որ լինեին, բացառվում է որեւէ արդյունքի չհասնելը: Այս առումով մշտապես հաջողակ մարդ եմ եղել: Սա այն դեպքն է, երբ կուզեի անվերջ խոսել իմ բարի կամեցողների մասին, գիտակ, ազնիվ ու հումորով մարդկանց մասին: Մի բան հաստատ գիտեմ. միանձնյա ղեկավարել հաստատ չի ստացվի»: Տիկին Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ ղեկավարի պաշտոնն ընդհանրապես հարկավոր է թողնել սահմանված ժամկետը լրանալուն պես, որովհետեւ, իր խոսքերով, ծանր է, կարծրանում ես, ի վերջո, կյանքը միայն գործը չէ: Ասաց նաեւ, թե պրոֆեսիոնալ երաժիշտը լավ գիտե, որ իր ընդամենը մեկ օրվա չպարապելը բոլորն են նկատում, ինչն էլ հաստատ կնկատվի ոչ միայն կոնսերվատորիայի ռեկտորի, այլեւ այլ մշակութային ձեռնարկների, նախագծերի, կարճ ասած, ցանկացած միջոցառման կազմակերպման ու անցկացման դեպքում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031