Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձիս պատճառը հեղափոխության արդյունքում տեսանելի սերնդափոխությունն է»

Մայիս 02,2019 13:00

Ճանաչված արվեստագետ Մելս Գեւորգյանը ներկայացավ ծղոտե քանդակներով

Օրերս Քաղաքացու օրվա առիթով երեւանյան միջոցառումների թվում «Առավոտի» ուշադրությունը գրավեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի պուրակում ցուցադրված ծղոտե քանդակների շարքը: Հեղինակը նկարիչ-քանդակագործ Մելս Գեւորգյանն է, որը մեզ ծանոթ է կինոռեժիսորներ Միքայել Վաթինյանի, Մարիա Սահակյանի, թատրոնի բեմադրիչներ Սերժ Մելիք-Հովսեփյանի, Խաչիկ Չալիկյանի աշխատանքներից՝ որպես բեմադրող նկարիչ: Ի դեպ, հիշյալ ռեժիսորներից մեկ-երկուսի հետ զրույցներում նրանք հիացմունքով են արտահայտվել նկարչի աշխատանքների մասին եւ առանց մանրամասնելու նրան որակել որպես «թափառական արվեստագետ»:

Մեզ հետ զրույցում Մելս Գեւորգյանը համակարծիք լինելով գործընկերների որակմանը, հայտնեց, որ շուրջ 15 տարի ստեղծագործել է արտասահմանում, մասնավորապես՝ Ռուսաստանում, դարձյալ կինոյի ու թատրոնի ոլորտներում, չդադարելով սեփական արվեստում արտահայտչամիջոցների փնտրտուքը: Հավելեց, որ ընդմիշտ հայրենիք է վերադարձել հեղափոխությունից հետո: Կանխելով հարցն էլ՝ ասաց. «Հայաստանից բացակայությանս տարիներին եկել եմ կարճ ժամանակահատվածներով, տարբեր առաջարկներով: Իսկ ընդմիշտ վերադարձիս պատճառը հեղափոխությունն էր, ինձ համար կատարվածի արդյունքում տեսանելի սերնդափոխությունը, որի նշույլներն արդեն տեսանելի են»: Անդրադառնալով ծղոտե քանդակներին, հայտնեց. «Ցուցադրությունը նվիրել եմ ոչ միայն Քաղաքացու օրվան, այլ նաեւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Ինձ համար՝ որպես քանդակագործի, կոմիտասյան մեղեդիները վիզուալ կերպարներ են, որոնք իմ աշխատանքներում ներկայանում են հայկական հեքիաթների ու բանահյուսության հերոսների կերպարներով՝ Ձախորդ Փանոս, Հազարան բլբուլ…»: Իսկ թե ինչու է որպես նյութ դիմել, եթե չենք սխալվում՝ մեր իրականությունում առաջին անգամ, ծղոտին, արվեստագետը պատասխանեց. «Այն զգացողությունը, որ կապված է բնության, գյուղական միջավայրի հետ, ցանկություն եմ ունեցել «բերել» քաղաք: Ի վերջո, քաղաքաբնակը պետք է գա այն գիտակցությանը, որ հանրային տարածքը նաեւ մշակութային դաշտ է ստեղծագործելու համար: Շատ եմ շրջագայել եւ մասնավորապես՝ Արեւմուտքում ականատեսն եմ եղել այն իրավիճակի, որ արվեստը դուրս է բերվում պատկերասրահի միջավայրից, դառնալով հանրային միջավայրի մաս»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ գուցե ցանկություն ունեք հանդիսատեսին անվճար հրավիրել բացօթյա ցուցադրությունների, Մելս Գեւորգյանը պատասխանեց. «Բաներ կան, որ անվճար էլ պետք է իրականացնել եւ ընդհանրապես, դա անհրաժեշտ է ընդգրկել տոների, տարբեր մշակութային ու կրթական ձեւաչափերի շրջանակներում: Նկատենք, որ քաղաքակիրթ երկրներում թե՛ քաղաքի, թե՛ գյուղի բնակիչների համար, օրինակ՝ տունը, չի սահմանափակվում սեփական բնակարանի տարածքով: Դրա ակնահաճո լինելն ու այն գրավիչ դարձնելու գործում մեծ դերակատարություն ունի պետությունը»:

Զրույցի ընթացքում արվեստագետը հիշեցրեց, որ իր ստեղծագործական ուղին արտահայտչամիջոցների որոնումն է ու տեղեկացրեց, թե այլ երկրներում հեղինակել է սառցե քանդակներ, տարբեր աշխատանքների համար էլ որպես նյութ ծառայել են ծառի կեղեւը, խոտը, ծաղկած քարերը եւ այլն:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

«Առավոտ» օրաթերթ, 

01.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031