Պատերազմը դա չարիք է, որը պետք է կանխվի ժողովուրդների խոհեմությամբ:
Օտտո ֆոն Բիսմարկ
1992 թվականի օգոստոս ամիսն էր: Արտհունձն օգոստոսին Նոյեմբերյանի շրջանի` Ադրբեջանի հետ սահմանամերձ Դովեղ գյուղում արդեն վաղուց պետք է ավարտված լիներ, սակայն շուրջ 80-90 հեկտար հացահատիկի դաշտեր մնացել էին առանց հնձելու` կոմբայն չլինելու պատճառով: Հացի անբավարարության վտանգ զգալով` այդ տարի ամբողջ հողը գյուղացիները դրել էին հացահատիկի ցանքի տակ, նույնիսկ այգիներն էին կտրել ու հաց ցանել: Մեր եղածը մեկ կոմբայն էր, այն էլ 10-12 տարեկան: Գնալով` գյուղացիների հույսը պակասում էր, որ երբևէ արտը հնարավոր կլինի հնձել: Առջևում սպասվում էր երկար ու ձիգ ձմեռ, իսկ հացի հարցը, շրջափակմամբ պայմանավորված, հանրապետությունում շատ լուրջ էր, և բերքը չհավաքելու դեպքում գյուղը կարող էր պարենային լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այդ տարի ամռանը երաշտ էր ու շոգ, իսկ ադրբեջանցիները խմելու ջուր չունեին: Խորհրդային տարիներին մեր անտառներից ադրբեջանական Քյամառլու գյուղը խմելու ջուր էր ստանում, սակայն հակամարտության արդյունքում ջրագիծն անջատել էինք: Ուրիշ ելք չունենալով որոշեցինք ադրբեջանցիներին առաջարկել փոխշահավետ գործարք՝ մենք միացնում ենք ջրագիծը, իսկ նրանք հնձում են մեր արտերն իրենց կոմբայններով: Այդ ժամանակ սահմաններում իրավիճակը բավականին լարված էր և գրեթե անհավանական էր, որ նրանք կհամաձայնեն: Այնուամենայնիվ, կապվեցինք նրանց հետ և օգոստոսի 5-ի համար հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերեցինք: Ադրբեջանցիների հետ ունեինք ուղիղ կապ «ռացիաների» միջոցով և ժամանակ առ ժամանակ հանդիպում էինք պատանդների, դիակների փոխանակման, փոխհրաձգությունների ժամանակ հրադադարի կամ հրատապ այլ հարցերի շուրջ բանակցելու նպատակով: Նրանց հետ կապը պահելու նպատակը հակամարտության ընթացքում հնարավորին չափ քիչ կորուստներ տալն էր և գյուղի բնակչության անվտանգության ապահովումը: Ես այն ժամանակ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Դովեղ գյուղի գյուղխորհրդի նախագահն էի և գյուղի ինքնապաշտպանության շտաբի պետը: Օգոստոսի 5-ին, պայմանավորված ճիշտ ժամին հանդիպեցինք սահմանին հանդիպումների համար նախատեսված մշտական վայրում:
Կարդացեք նաև
Ադրբեջանական կողմից մասնակցում էին Ղազախի շրջանի Քյամառլու գյուղի խորհտնտեսության տնօրեն Իբրահիմ Օրուջովը, ով կլիներ 55-56 տարեկան, և գյուղխորհրդի նախագահը՝ 44-45 տարեկան, ում անունը Ալլադին էր: Երկուսն էլ բավականին լուրջ, հավասարակշռված, տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող մարդիկ էին: Բանակցություններին ներկա էր և կողքից հետևում էր մի տարեց, պատկառելի տղամարդ, ով հետո պարզվեց, Բաքվի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ադրբեջանական գրականության պատմության ամբիոնի վարիչն էր, դոկտոր պրոֆեսոր, ում ազգանունը չեմ հիշում: Նա ծնունդով Քյամառլուից էր ու ամառային արձակուրդներին հանգստանում էր իր հայրենի գյուղում, և ինձ վրա բարեկիրթ, լուրջ և իր ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդու տպավորություն թողեց: Հանդիպման վերջում նա ինձ մի կողմ հրավիրեց և ասաց, որ մենք, երկու ժողովուրդներս, խորհրդային տարիներին միասին համերաշխ ապրելու շատ լավ ավանդույթներ ունենք, որ դա պետք է շարունակել և այս պատերազմը աննպատակ է ու անհասկանալի:
Հետո նա ինձ խնդրեց հետ նայել և հարցրեց . «Կարո՞ղ ես ասել, թե ինչ զենք է ձեր զինվորների ուսից կախված»: Ես չհասկացա հարցի ենթատեքստն ու տարակուսած պատասխանեցի. «դե ինքնաձիգ է, «Կալաշնիկով» տեսակի. ինչի համար եք հարցնում»,- ասացի: «Իսկ հիմա շրջվիր ու նայիր, թե ինչ զենք է մեր զինվորների ձեռքին»,- ասաց նա: «Դե նույն ինքնաձիգն է՝ «Կալաշնիկով»,- ասացի: Որպես կանոն, հանդիպումներին, անվտանգության ապահովման նպատակով, յուրաքանչյուր կողմին ուղեկցում էին իրենց աշխարհազորայիններից զինված տղաներ: Այն ժամանակ դեռևս մենք չունեինք ձևավորված կանոնավոր բանակ և սահմանամերձ գյուղերում պաշտպանությունը կազմակերպում էինք աշխարհազորայինների միջոցով: Ի դեպ, դովեղեցիները խիզախ և շատ հայրենասեր ժողովուրդ են: Մինչև խորհրդային կարգերի հաստատումը, ադրբեջանցիները շատ հայկական գյուղեր են վառել ու թալանել, սակայն նրանց ոտքը երբեք Դովեղ չէր մտել: Միաժամանակ, դովեղեցիների հետևողական պայքարի գնով և շրջանի ղեկավարության ու Վլադիմիր Մովսիսյանի ջանքերի շնորհիվ, 1985թ. Հայաստանին վերադարձվեց Ադրբեջանի կողմից բռնազավթված 14000 հեկտար հող: «Դու հիմա հասկացար, որ մեզ օգտագործում են, կռվեցնում միմյանց դեմ, իսկ մենք անխելք ենք, մենք ուզենք, թե չուզենք, ապրելու ենք հարևանությամբ այս հողի վրա»,- ասաց ադրբեջանցի պրոֆեսորը: «Եթե այս տարիներին չլիներ Ռուսաստանի զսպող դերակատարությունը, հակամարտությունը շատ ավելի հեռուն կարող էր գնալ»,- ասացի ես: «Եթե մեզ չհրահրեն ու չխանգարեն ներսից ու դրսից, երկու ժողովուրդներով մենք շատ լավ լեզու կգտնենք, ապացույցը այսօրվա փոխհամաձայնությունն ու հանդիպման բարյացակամ մթնոլորտը կարող է լինել»,- ասաց նա:
Ի դեպ մեր գյուղից գրեթե ամեն ընտանիք հարակից ադրբեջանական գյուղերում «դոստ», այսինքն բարեկամ ուներ, որոնց միջև շատ անկեղծ և անշահախնդիր հարաբերություններ էին ձևավորվել և բարեկամական կապերը փոխանցվում էին սերնդից-սերունդ: Մասնակցում էին մեկը մյուսի թե ուրախության, թե տխրության միջոցառումներին ու արարողություններին, և փոխադարձաբար իրար նվիրված ու անդավաճան էին: Հաջորդ օրն առավոտյան մեր հերթապահ տղաները սահմանային դիրքերից կապվեցին գյուղում տեղակայված շտաբ և տեղեկացրին, որ Քյամառլուի գյուղապետի ուղեկցությամբ սահմանին երեք կոմբայն և մեկ ինքնաթափ մեքենա, լիցքավորված վառելիքով, պատրաստ սպասում են մեզ:Ադրբեջանցի կոմբայնավարներին գյուղում ընդունեցին բարիացակամ մթնոլորտում՝ որպես հին ծանոթների ու բարեկամների: 4-5 օրվա ընթացքում նրանք հնձեցին ու իրենց մեքենայով տնետուն տեղափոխեցին շուրջ 200 տոննա հացահատիկ, ինչը պարզապես փրկություն էր մեր գյուղացիների համար: Իսկ մենք մեր կողմից, պայմանավորվածության համաձայն, միացրինք խմելու ջրի ջրագիծը, և վերջում ամեն մի կոմբայնավարի ու բեռնատարի վարորդի, իրենց աշխատանքի դիմաց, մեկ մեքենա վառելափայտ տվեցինք: Ադրբեջանցիները կասկածներ ունեին ջրի թունավորման հետ կապված, սակայն ես անձամբ պատասխանատվությունը վերցրի ինձ վրա և ասացի, որ հայը երբեք թիկունքից չի խփում և նենգ ու փոքրոգի չի եղել…
Կարծում եմ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչն` ուղղված երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը, խիզախ և իմաստուն պետական գործչի քայլ Էր: Դրան հակառակ, Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդի նկատմամբ մշտապես հնչում են ատելության, պատերազմի սպառնալիքի ու թշնամանքի կոչեր, հավանաբար համարելով խաղաղության առաջարկը որպես թուլության նշան: Մինչդեռ ատելությունն ու թշնամանքն է թույլի ու վախկոտի հատկություն: Այդ կապակցությամբ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Ազգը, որն այլ ազգի նկատմամբ վերաբերում է ատելությամբ, որոշ չափով համարվում է ստրուկ: Այդպիսի ազգը ստրուկ է իր թշնամանքով, և դա բավարար է, որ նրան շեղեն իր պարտականություններից ու շահերից»: Իսկ Գարեգին Նժդեհը նույն թեմայով գրել է. «Հայրենասեր լինել` չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել: Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ»: Մենք աստծո կամքով և ճակատագրի բերումով, դատապարտված ենք Ադրբեջանցիների հետ ապրել կողք-կողքի, միասին, և դա պետք է լավ հասկանան թե Հայաստանում, թե Ադրբեջանում: Դա այդպես է, և դա գիտակցում է հայ ժողովուրդը, ինչի ապացույցը Հայաստանի վարչապետի` երկու ժողովուրդներին ուղղված խաղաղության նախապատրաստման կոչն է: Կարծում եմ, դա գիտակցում է նաև Ադրբեջանի ժողովուրդը: Սակայն, որքան էլ զավեշտալի է, Ադրբեջանի ղեկավարները խաղաղության դիմաց մեզանից մեր պատմական հայրենիքի մի մասն են պահանջում, հող, որ երբեք Ադրբեջանի տարածք չի եղել, որ խորհրդային կառավարության կողմից անարդարացիորեն բռնակցվել է Ադրբեջանին, ինչի արդյունքում մենք ներքաշվեցինք այս պատմությունների մեջ: Ադրբեջանի ժողովուրդը պետք է լավ գիտակցի, որ ամենահզոր կայսրություններն ու ամենամեծ փառքի արժանացած զորավարներն անգամ չեն կարողացել վերջնականապես տիրանալ ուրիշի հայրենիքին, որ պատերազմը առաջին հերթին կործանարար կարող է լինել հենց իրենց համար: Անընդհատ պատերազմով սպառնալը իրենց ղեկավարության՝ երկրում կուտակված հիմնախնդիրները լուծելուց խույս տալու միջոց է պարզապես: Այս կապակցությամբ 20-րդ դարի Ֆրանսիացի` համաշխարհային ճանաչում ունեցող գրող Ռոմեն Ռոլլանն ասել է. «Պատերազմին, որպես ծայրահեղ միջոցի, ձգտում են միայն սնանկ պետությունները: Պատերազմը պարտվող և հուսահատ խաղացողի վերջին հաղթաթուղթն է և խաբեբաների ու խարդախների նողկալի խարդավանքը»:
Չկա աշխարհում մի ժողովուրդ, որ պատերազմ ցանկանա: Պատերազմը չարիք է, որը պետք է կանխել: Մենք, հայերս, անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև արյունով խաղաղություն ձեռք բերել, սակայն գերադասում ենք խաղաղության հասնել երկու ժողովուրդների իմաստունությամբ ու խոհեմությամբ: Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկը պատերազմի մասին ասել է. «Ամեն ոք, ով թեկուզ մեկ անգամ նայել է մարտի դաշտում մեռնող զինվորի ապակիացող աչքերին, մինչ պատերազմ սկսելը, նախ պետք է լավ մտածի»:Ամենևին պետք չէ կասկածել հայ զինվորի խիզախության վրա, ադրբեջանցիները դրա մեջ համոզվելու շատ առիթներ են ունեցել և ամենաթարմը՝ ապրիլյան պատերազմը, որպես օրինակ: Կարծում եմ, Ադրբեջանի ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ չի կարելի անընդհատ ապրել չլուծված հակամարտության, թշնամանքի ու ատելության պայմաններում, որ դա պարզապես հեռանկար չունի, որևէ լավ տեղ չի տանում և դանդաղ հյուծում է մեր պետությունները, իսկ ժողովուրդների կյանքը դարձնում է դժոխք: Անշուշտ խաղաղություն հաստատելը երկու ժողովուրդների միջև հեշտ չի լինելու, քանի որ ատելությունն ու թշնամանքը խորն արմատներ են գցել, իսկ հետխորհրդային սերնդի պատկերացումները միմյանց մասին թշնամու և դաժան մարդասպանի կերպարով է ընկալվում: Այնուամենայնիվ պետք է դա մի օր սկսել և առաջ գնալ: Ըստ էության, խաղաղությունը մեր ձեռքերում է: Խաղաղություն ունենալու համար պետք է միասնական ու համախմբված լինենք: Ո՞վ կարող էր մեզ պատերազմով սպառնալ, եթե փառքի ու շահի համար օտար ափեր չփնտրեինք, եթե մեր երկիրը թալանելու փոխարեն կառուցեինք ու հզորացնեինք: Այսօր շուրջ 100 հազար հայաստանցիներ ապրում և աշխատում են Թուրքիայում՝ իրենց ցեղասպանող երկրում և ենթադրաբար ավելի ապահով ու պաշտպանված էին զգում, քան իրենց երկրում: Սեփական երկրում արժանապատիվ ապրելու փոխարեն, ստեղծվել էր մի մթնոլորտ, որտեղ հայ մարդը գերադասում էր լքել հայրենիքը և նվաստացած գոյատևել օտարության մեջ: Իսկ Թուրքիայի ղեկավարները ժամանակ առ ժամանակ առիթը բաց չեն թողնում սպառնալ մեզ՝ նրանց արտաքսելու հայտարարություններով:
Ինչպես Շիրազը կասեր. «Բավ է, հայե´ր, ցրված մնաք, մատներիս պես, բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»: Վերջապես պետք է գիտակցենք, որ օտարի հողի վրա ստեղծածը, կառուցածը երբեք մերը չի կարող լինել: Մենք Բաքուն, այլ քաղաքներ և գյուղեր կառուցեցինք ու մեզ պարտադրեցին հեռանալ: Այսօր ուրիշ երկրներում ենք քաղաքներ կառուցում ու նրանց տնտեսությունը զարգացնում, և վաղն էլ դրանք ենք թողնելու օտարին: Այդ մասին արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանը գրել է. «Օտարության մեջ ապրող հայը նման է վարձով ապրող այն քաղաքացուն, ով զարդարում է այդ տան պատերը, իմանալով, որ վաղ, թե ուշ տանուտերը դուրս պետք է ձգե իրեն այդ տնեն»: Մենք մեր ցանկացած հակառակորդի խաղաղություն կարող ենք պարտադրել, երբ ունենանք զարգացած տնտեսություն և երբ 3 միլիոնի փոխարեն դրա կրկնակին ու եռակին լինենք: Միանգամայն խրախուսելի են վարչապետի` հայրենադարձության մասին կոչերը: Սակայն դրա համար նախ և առաջ լուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է տանել: Դեռևս մենք եղած բնակչությանը չենք կարողանում կերակրել, ապահովել աշխատանքով և շատ տարրական պահանջներ հոգալ: Վաղ թե ուշ պետք է կազմակերպենք հայրենադարձություն, սակայն առաջին հերթին անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիների, տաղանդավոր երիտասարդների համար ստեղծենք ծավալվելու ու դրսևորվելու բարենպաստ դաշտ և սեփական երկրում արժանապատիվ ապրելու հնարավորություններ:Օրինակ Իսրայելում ներգաղթյալների համար սահմանում են նպաստներ, նախատեսվում են արտոնություններ հարկերի վճարման, բժշկական ապահովագրության, կրթության, հիպոթեկային վարկերի ստացման հարցում և այլն: Կարծում եմ այդ նպատակով կարելի է նաև ստեղծել հատուկ հիմնադրամ: Իսկ մեր բերրի հողն ի վիճակի է կերակրելու աշխարհի բոլոր հայերին:
Մենք ունենք չօգտագործված ահռելի ներուժ: Հայաստանը և Արցախը միասին վերցրած` արտադրում են ընդամենը շուրջ 3 միլիարդ դոլարի գյուղմթերքներ: Մինչդեռ Հոլանդիան, որի տարածքը կազմում է ընդամենը 41 հազար ք/կմ՝ միասին վերցրած, մոտավորապես Հայաստանի և Արցախի տարածքին հավասար, կերակրում է 17 միլիոն բնակչություն և դեռ արտահանում է 85 միլիարդ եվրոյի գյուղատնտեսական մթերքներ: Իսկ Իսրայելը 20 հազար ք/կմ տարածքի վրա, որի 70 տոկոսը քարեր են ու անապատ, կերակրում է մոտ 8.5 միլիոն բնակչություն, արտադրում է 10 միլիարդ դոլարի գյուղմթերքներ (5 անգամ ավելի Հայաստանի համանման ցուցանիշից) և արտահանում են մեծ քանակությամբ գյուղմթերքներ տարբեր երկրներ: Համեմատության համար ասենք, որ Հոլանդիայի ՀՆԱ-ն կազմում է 826, իսկ Իսրայելինը՝ 365 միլիարդ ԱՄՆ դոլար, Հայաստանի` շուրջ 12 միլիարդ ՀՆԱ-ի դիմաց: Խաղաղություն կունենանք այն դեպքում, երբ մենք 12 միլիարդ խղճուկ ՀՆԱ-ի ու 3 միլիարդ բյուջեի փոխարեն շատ անգամ ավելին ունենանք: Մենք կարող ենք ունենալ հզոր և հարուստ երկիր: Հայը ունի երեք շատ կարևոր որակ, որ շատերին տրված չէ՝ տաղանդ, խիզախություն և աշխատասիրություն: Պարզապես մենք պետք է դառնանք ավելի կազմակերպված և օրինապաշտ, հարգանքով վերաբերվենք ազգային արժեքներին, ազգային արժանապատվությունը, հայրենիքն ու պետականությունը բոլորիս համար պետք է լինի գերագույն արժեք և անպայման կունենանք հաջողություններ:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ
«Առավոտ» օրաթերթ,
01.05.2019