Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ այսպես կոչված «թավշյա հեղափոխություն»: Փոքրիկ անդրկովկասյան երկրում երկարատև բողոքի ակցիաների արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ: 2008թ-ից ղեկավարող մեղմ ասած ոչ այնքան մեծ ժողովրդականություն վայելող նախագահ Սերժ Սարգսյանը զանգվածային ցույցերի և էլիտաների խմորումների ճնշման տակ հրաժարական տվեց, ռուսական «Ցարգրադ TV» առցանց հեռուստաալիքի կայքում գրում է ռուս քաղաքագետ Դմիտրի Բաբիչը: Որոշ ժամանակ անց Հայաստանի խորհրդարանն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ: Երկիրը փաստացի թևակոխում է զարգացման նոր փուլ: Այդ տարվա ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ: Տեղի են ունեցել խորհրդարանի ընտրություններ: Փաստացի այն ամբողջությամբ թարմացվել է: Փոխվել են նախարարները, որոշ մարզպետներ և բազմաթիվ տեղական պաշտոնյաներ:
Այսօրվա Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Ազգային ժողովն ունի լիազորությունների և հնարավորությունների մեծ շրջանակ: Վարչապետը, որն ընտրվում է խորհրդարանի կողմից, ըստ սահմանադրության՝ չափազանց ազդեցիկ ֆիգուր է: Գաղափարապես նոր օրենսդրական մարմինն ավելի շուտ լիբերալ-դեմոկրատական է և արևմտամետ, կարծում է քաղաքագետը: Իշխող «Իմ քայլը» զբաղեցնում է աթոռների մեծամասնությունը և իրեն դիրքավորում է որպես գլխավոր լիբերալ և արևմտամետ ուժ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կանգնած է գրեթե նույն դիրքերում: Երրորդ կուսակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը», ավելի շուտ քաղաքական կենտրոնին ձգում է աջից: Այլ կերպ ասած, հիմնական հարցերի շուրջ լիբերալների կարծիքը ակնհայտորեն գերակշռող բնույթ կունենա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ բազմաթիվ քաղաքական գործընթացներ Հայաստանում անցնում է անձնական կապերի, ոչ պաշտոնական շփումների և իրավիճակային դասավորումների միջոցով: Այսինքն քաղաքական իշխանության մեծ մասը, հետևաբար դրա համար պատասխանատվությունը ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին, կարծում է հոդվածագիրը:
Մեկ տարի անց նա նախկինի պես բարձր վարկանիշ ունի, շարունակում է քաղաքագետը: Անդրկովկասյան հանրապետության բնակչությունն իսկապես մեծ հույսեր է կապում վառ հռետորի և բուռն ընդդիմադրի հետ: Սակայն նոր կառավարությունը նաև բացթողումներ և որոշակի անհաջողություններ ունի, որոնք տեսանելի են անզեն աչքով:
Հայաստանի նոր իշխանությունների անզգույշ, երբեմն դիլետանտ քայլեր որոշակի լարվածություն են մտցրել գլխավոր տնտեսական և ռազմաքաղաքական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ ընդդիմադիր լիբերալների իշխանության գալը մեծ խանդավառությամբ չընդունեցին Ռուսաստանի ո՛չ ԱԳՆ-ում, ո՛չ նախագահի աշխատակազմում, ոչ էլ այլ կառույցներում: Սակայն Մոսկվայում հիանալի հասկանում էին, որ Սերժ Սարգսյանի կառավարությունն անարդյունավետ է, կոռումպացված և չափազանց ցածր ժողովրդականություն է վայելում, բացի այդ նա խաղում է Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած, Ռուսաստանի քաղաքականությունն ընդհանուր առմամբ մնաց անփոփոխ, բայց Երևանի որոշ անհաջող արտահայտություններ փչացրին կովկասյան ուղղությամբ աշխատող ռուս դիվանագետների և քաղաքական գործիչների տրամադրությունը:
Կարդացեք նաև
Հարավային Կովկասում Մոսկվայի քաղաքականությունն ամենահեշտ հարցերից չէ: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը պետք է շատ բան փոխի, վերափոխի, արդիականացնի և բարելավի: Ցածր ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչների վրա հենվելն իրեն չարդարացրեց, այն ծանր նստեց Ռուսաստանի վրա՝ վերջին հաշվով հանգեցնելով տեղի բնակչության աչքում ռուսական պետության վարկանիշի անկմանը: Ակնհայտ է, որ Մոսկվային պետք են նոր ազդեցիկ, ժողովրդականություն վայելող և հաստատուն գործընկերներ, որոնք ի վիճակի կլինեն խոսել հավասարի դիրքերից և վարել փոխշահավետ քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա:
Այսօր համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ նկատվում է գլոբալիստական լիբերալ էլիտաների դիմակայություն պետականամետների հետ, որոնք պայքարում են ազգային շահերի և ավանդական արժեքների համար: Ստացվում է, որ այդ դասակարգին պատկանում են և՛ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, և՛ Վիկտոր Օրբանի Հունգարիան, և անգամ Սի Ցզինպինի Չինաստանը. նրանք բոլորը պետականամետների դաշնակիցներ են: Լիբերալ ոչ կառավարական կազմակերպությունները, Սորոսի հիմնադրամները և արևմտյան գրանետակերները հակառակ ճամբարում են, նրանք ազգային պետությունների հակառակորդներն են, գրում է Բաբիչը:
Այլ կերպ ասած, հարավային Կովկասի, և մասնավորապես, Հայաստանի համար պայքարը աշխարհաքաղաքականության մեջ շարունակվում է: Այստեղ նաև Ռուսաստանը պետք է որոշակի ջանքեր գործադրի, բայց ոչ պակաս չափով դա վերաբերում է նաև Հայաստանին:
Կարճ ասած, «թավշյա հեղափոխությունը» Հայաստանում անսպասելի էր ինչպես հենց Երևանի, այնպես էլ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանի համար: Մոսկվան իր հերթին որոշակի հետևություններ պետք է անի կատարվածից: Նախ, անհրաժեշտ է երկարաժամկետ հարաբերություններ հաստատել ոչ թե որոշակի պաշտոնյաների հետ, այլ Հայաստանի բնակչության լայն շերտերի: Երկրորդ, պետք է որակապես փոխել մոտեցումը հետխորհրդային տարածության դաշնակիցների նկատմամբ՝ հասկանալով և ընկալելով նրանց շահերն ու ակնկալիքները: Աշխարհն արագորեն փոխվում է, և միջազգային հարաբերությունների նոր կառուցման ճանապարհին փոքր երկրներն ու ժողովուրդները սկսում են խաղալ նոր մեծ դեր:
«Ցարգրադ TV»-ն տեղեկատվական վերլուծական առցանց հեռուստաալիք է, որը հիմնադրվել է ռուս գործարար Կոնստանտին Մալոֆեևի կողմից և հանդես է գալիս պահպանողական դիրքերից:
2015թ. ապրիլից գլխավոր խմբագիր գլխավոր պրոդյուսերի տեղակալ է նշանակվել Դանիս Դավիդովը, ավելի ուշ գլխավոր խմբագիր է դարձել Ալեքսանդր Դուգինը: 2016թ-ից գլխավոր տնօրեն, իսկ 2017-ից գլխաոր խմբագիր է նշանակվել Ելենա Շարոյկինան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ