ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է լուրը, թե Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը, նրանք նաեւ առերեսվել են:
«Այնպիսի բաներ ասացիք, որ զարմանալի է, սա նշանակում է, որ ինչ-որ մեկը նախաքննական գաղտնիք է խախտել: Ու եթե նախաքննական գաղտնիքի խախտումը կա, չի նշանակում, որ մնացածս նման հանգամանքների մասին խոսել ենք. ով ինչ ցուցմունք է տվել, ով ինչի մասին է խոսել, հենց սա նախաքննական գաղտնիք է: Եթե մենք սկսենք մարդկանց անուններն ու ցուցմունքները քննարկել, նշանակում է նախաքննական գաղտնիքը կխախտենք, իսկ դա քրեորեն հետապնդելի արարք է: Մենք միգուցե կարող ենք միջնորդել ՝ վարույթ իրականացնող մարմնին, հետաքրքրվենք՝ սա ինչ է, որտեղից են նման տեղեկություններ դուրս գալիս, վարույթ իրականացնող մարմնի հետ քննարկենք, հասկանանք՝ ինչ է կատարվում»,- Aravot.am-ին ասաց փաստաբանը:
Նա ասաց, որ այդպիսի տեղեկությունների հրապարակումը իր պաշտպանյալին վնաս չէ. «Այնպես չէ, որ այդ տեղեկությունների հրապարակումը մեզ վնաս է, հակառակը՝ դնեն ամբողջ նախաքննության թղթերը հրապարակեն, մենք միայն կշահենք, բայց եթե դնեն փոքր կտորներ հրապարակեն, կարող է այլ տպավորություն լինի, հրապարակելուց գոնե ամբողջական թող հրապարակվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ