ԱԺ հայ-ուկրաինական բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Իգիթյանն իր՝ պատգամավորական լիազորությունների շրջանակում հայցում է ուկրաինացի պատգամավոր Մուստաֆա Նաեմի ներողամտությունը: Հիշեցնենք, պատգամավորի մուտքը Հայաստան արգելվել էր՝ «երրորդ կողմի» պահանջով: Այդ մասին ուկրաինացի պատգամավորը գրառում էր կատարել իր էջում:
«Տվյալ պարագայում, «երրորդ երկրի անցանկալի անձանց ցուցակում հայտնվելը Ձեր հայրենասիրության եւ այդ նույն «երրորդ երկրում» հանրային ճանաչողություն ունենալու լրացուցիչ ապացույց է: Թեեւ, կարծում եմ, սա գիշերը՝ օդանավակայանում տեղի ունեցածի ոչ տեղին մխիթարանք է: Ես, իհարկե, այդ հարցը կբարձրաձայնեմ, թեպետ արդեն իսկ մոտավորապես գիտեմ պատասխանը, քանի որ ժամանակին զբաղվել եմ համանման հարցով՝ ռուսական իրավապահների հարցումով՝ Ուկրաինայի քաղաքացու ձերբակալման դեպքով: Ինչպես ինձ այն ժամանակ բացատրեցին, եթե հայկական իշխանությունները չարձագանքեն նման «ցուցակներին», ապա Ռուսաստանը չի արձագանքի մեր հարցումներին եւ այդ ժամանակ այդ երկիրը կվերածվի մեր կոռումպացված եւ քրեական տարրերի մեծ ապաստարանի: Օրերս ՌԴ-ում կալանավորել են մեր արդարադատության՝ փախուստի դիմած թալանչի գեներալին: Հույս ունենք, որ նրան կարտահանձնեն Հայաստանին: Հասկանում եմ, որ դա որեւէ կերպ կապ չունի տվյալ դեպքի հետ եւ Ձեզ հետ կատարվածը ոչնչով չի արդարացվում. դա կապված է բացառապես Ուկրաինայում Ձեր լրագրողական եւ քաղաքական գործունեության հետ: Չէի ցանկանա, որ օդանավակայանում տեղի ունեցած տհաճ միջադեպով Դուք կարծիք ձեւավորեիք Հայաստանում ժողովրդավարական իրադարձությունների մասին»,- ուկրաինացի պատգամավորի ֆեյսբուքյան գրառման ներքո նման կարծիք է գրել Հովհաննես Իգիթյանը:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ այս տհաճ միջադեպի առիթով ավել ասելիք չունի:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ